HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հոկտեմբերի 15-ը մանկատան սաների հաջողված օրն է

Հոկտեմբերի 15-ին ուրախություն էր Էջմիածնի «Մեր տունը» ՀԿ-ի հյուրընկալ տանը, որտեղ ապրում են մանկատնից դուրս եկած 18-23 տարեկան 11 աղջիկներ: Այդ օրը Գավառի մանկատան նախկին սան, 21-ամյա Հերիքնազ Հարությունյանի նշանադրության արարողությունն էր: Վերջին 3 տարվա ընթացքում Հերիքնազի ամուսնությունը թվով 7-րդն է «Մեր տան» պատմության մեջ:

Աղջիկները հիշեցին, որ երեք տարի առաջ` հոկտեմբերի 15-ին, ամուսնացել է «Մեր տան» բնակիչներից Իրան, մեկ տարի անց հենց նույն օրն էլ ծնվել է Իրայի որդին: Դրանից հետո հոկտեմբերի 15-ը համարվում է «Մեր տան» համար հաջողված օր:

Հերիքնազի ընտրյալը` Արմեն Մանուկյանը, 25 տարեկան է: Արդեն 3 տարուց ավել եղբոր ընտանիքի հետ բնակվում է Կրասնոդարում: Արմենը պատմեց, որ ինքն ամուսնանալու ցանկություն չի ունեցել: Իր մոտ է գտնվել մայրը եւ ստիպելով որդուն Հայաստան է բերել, որպեսզի նա հայ աղջիկ ընտրի, քանի որ տղան չի համաձայնվել այլազգի աղջկա հետ ամուսնանալ: Արմենը Հայաստան է եկել սեպտեմբերի 21-ին եւ 17 օրվա ընթացքում հասցրել է սիրահարվել Հերիքնազին:

Ասում է, որ շատ աղջիկներ է տեսել, բայց ոչ մեկին չի հավանել: Իսկ հայաստանաբնակ աղջիկների հետ շփվելով` եկել է այն եզրահանգման, որ այժմ Ռուսաստանում ապրող աղջիկներն ավելի լավն են, քան Հայաստանում բնակվողները: Արմենին դուր չեն գալիս հայ աղջիկների ազատությունը, հագուկապն ու ժարգոնախառը խոսակցականը:

«Ինձ դուր չի գալիս եվրոպական հայ աղջիկը: Ինձ համեստ, տան երեխա է պետք, կապ չունի` նա ընտանիքում է ապրել, թե մանկատանը: Հերիքնազին որ տեսա, միանգամից հավանեցի: Ինձ հարց են տվել, թե ինչու ես մանկատան աղջկա հետ ամուսնանում: Ես էլ պատասխանեցի` խի մանկատան երեխան երեխա չի՞: Ընտանիքներում երեխաներ կան, որ շատ ավելի անդաստիարակ են, քան մանկատանն ապրողները»,- ասում է Արմենը:

Հաշվի առնելով Արմենի նախասիրությունները` բարեկամները խորհուրդ են տվել նրան աղջիկ ընտրելու համար գնալ «Մեր տուն»: Արմենն ասում է` ծնողներն այնքան լավ են ընդունել Հերիքնազին, որ նույնիսկ ինքն այդքան ջերմ չի եղել վերջինիս նկատմամբ: «Հիմա հարս, սկեսուր, սկեսրայր իրար հետ են, ես եմ մենակ մնացել»,- կատակով դժգոհում է Արմենը:

Հերիքնազը Գավառի մանկատանը հայտնվել է 7 տարեկան հասակում, իսկ քույրը` Օլյան, 6 տարեկանում: Նրանք ապրել են Վարդենիս քաղաքում: Հերիքնազը շատ չի խոսում ծնողների մասին, թեեւ նրանց կարիքը շատ է զգում: Աղջկա ասելով` նրանք մահացել են: Մեկ տարի է, ինչ քույրերն ապրում են «Մեր տանը»: Օլյան մատնահարդարում է սովորում, իսկ Հերիքնազը տիրապետում է վարսահարդարման, գորգագործության, կար ու ձեւի, ասեղնագործության արհեստներին:

«Կարո՞ղ ա ձեռքերդ ոսկի են, խաբար չեմ»,- հարսնացուի հմտությունները լսելուց հետո զարմացավ Արմենը: Նշանադրության ժամանակ Հերիքնազը հենց իր ձեռքով գործած խաչի պատկերով գորգն է նվիրել Արմենին:

Զույգի նշանադրությունը հետաքրքիր զարգացում է ունեցել: Արմենը դեմ է եղել, որ Հերիքնազը հարսի զգեստ հագնի, քանի որ օրեր անց գնալու են Կրասնոդար եւ այնտեղ հարսանիք են անելու: Մատանիների փոխանակումից եւ հոգեւորականի օրհնությունը ստանալուց հետո սկսել են երգել ու պարել:

Երբ Արմենը հարազատների հետ վերադարձել է տուն, նրան զանգահարել է «Մեր տունը» ՀԿ-ի նախագահ Տիգրանուհի Կարապետյանը եւ հայտնել, որ Հերիքնազը փակվել է իր սենյակում ու լալիս է: Արմենը շտապ հետ է եկել ու տնօրենի աշխատասենյակում հայտնաբերել է Հերիքնազին` հարսի զգեստով: Դրանից հետո ուրախությունն ավելի է թեժացել:

Հերիքնազը պատմում է, որ Արմենի հետ շփվելուց կարճ ժամանակ անց սիրահարվել է եւ հիմա նույնիսկ ախորժակն է կորցրել ու հաց չի ուտում: «Հերիք չի ինքը հաց չի ուտում, ինձ էլ է ախորժակից գցել»,- կատակով ավելացնում է Արմենը:

Հերիքնազը երբեւէ չի պատկերացրել, որ կարող է կարճ ժամանակում այդքան լուրջ հարաբերություն ունենալ եւ անմիջապես ամուսնանալ: Արմենն էլ ասում է, որ ինքը լավ է հասկանում Հերիքնազի երկակի տրամադրվածությունն իր նկատմամբ. «Հիմա այն կյանքն է, որ մարդ ինքն իրեն չի վստահում, ուր մնաց վստահի անծանոթ մարդուն»:

Հերիքնազն այժմ ճամպրուկային տրամադրության մեջ է: Օրեր անց ինքն ու Արմենը մեկնելու են Կրասնոդար: Նրանց ամուսնությունն արդեն գրանցվել է ՔԿԱԳ մարմնում, եւ մի քանի փաստաթղթեր կարգավորելուց հետո կմեկնեն: Դեռ չմեկնած` Հերիքնազն արդեն մտածում է, որ Օլյայի համար էլ մի փեսացու կգտնի եւ քրոջը կտանի իր մոտ, որ նեղ օրերին իրար հասնեն:

Օլյան էլ ասում է, որ Հերիքնազը միշտ երազել է ընտանիք ունենալու մասին, եւ ինքն ուրախ է, որ քրոջ երազանքը կատարվում է: «Որ Արմենին տեսա, հետո Հերիքին ասեցի, որ իրար սազում են, երկուսն էլ կապուտաչյա են: Շատ ուրախ եմ քրոջս համար: Ճիշտ է, արդեն իրարից հեռու ենք լինելու, բայց դրան մի կերպ կդիմանամ»,-ասում է Օլյան եւ խոստովանում, որ նշանադրության արարողությունից հետո ուրախությունից «կուշտ» լաց է եղել:

Ախորժակի կորստից բացի` Հերիքնազն Արմենի հայտնվելուց հետո ավելի շատ է ծնողների կարիքը զգում: «Մեր տունը» ՀԿ-ի նախագահ Տիգրանուհի Կարապետյանն էլ հավելեց, որ Հերիքնազը հաճախ է փակվել սենյակում եւ լաց եղել ծնողների բացակայության պատճառով: «Ես չեմ կարող բոլորի համար մայր լինել: Իրենց էլ ասել եմ, որ ձեր մայրը չեմ, քանի որ մայրը սրբություն է: Իսկական մայրը պիտի կողքիդ լինի, դժվարություններդ կիսի, ես ընդամենը կին եմ, որն իրենց կողքին է»,- ասում է Տ. Կարապետյանը:

Նա խոսքը դեռ չավարտած` դռնից վազքով ներս մտավ փոքրիկ մի աղջնակ եւ «տատիկ» ասելով` վազեց Տիգրանուհու մոտ: Փոքրիկը «Մեր տանը» ապրած Համեստի դուստրն էր: Մայր ու աղջիկ որոշել էին հյուր գալ եւ շնորհավորել Հերիքնազին նշանադրության կապակցությամբ: «Ես գալիս եմ այստեղ, նոր եմ կշտանում, պիտի պարտադիր մի կտոր հաց ուտեմ այստեղ: «Մեր տունը» ինձ համար հայրական տան նման մի բան է»,- զգացմունքները կիսեց Համեստը:

Տիգրանուհի Կարապետյանի խոսքերով` ամուսնացած 6 աղջիկների ամուսիններն էլ կայացած մարդիկ են, եւ իրենք ոչ մեկի հարցում չեն սխալվել: Նա վստահ է, որ Արմենը նույնպես լավ փեսայի համբավ կունենա, թեեւ հենց իմացել է, որ Ռուսաստանում է ապրում, մտածել է, որ կնամոլի մեկն է, սակայն հետո կարծիքը փոխել է: 

1-ին լուսանկարում ձախից` Արմենը, Հերիքնազը և Օլյան

Մեկնաբանություններ (5)

Gohar
Hargeli Grisha Balasanyan Shnorhakal em tekhatvutyan hamar,urem@n Non Profit e, u aydqan sirvac . Mi angam el mi nuit kardaci, eli shat huzich er 'Amerikayum bnakvokh ,yerkrasharjic heto vordegrvac ,Samvel anunov mi yeritasardi masin , duq khostacel eq, sharunakutiun@ grel, spasum enq,@ntaniqov yev im barekamnerov.Yes iskuin Copy em anum yev ukharkum im mterimnerin Zer grelavoch@ shat nmanvum e amerikyanin , parz,kendani , tpavorich, arorya gorcacakan barerov, karch nakhadasutiunnerov.Graget Jurnalist eq, hachakhaki greq ayspisi lav baneri masin. Thank You
Գրիշա Բալասանյան
Հարգելի Գոհար, ՀԿ-ն հապավում է, որը նշանակում է հասարակական կազմակերպություն:
Ջավահիր
Իրոք,որ հազիվ Գրիշա Բալասանյանից մի ուրախ հոդված կարդացինք/կատակ/ :Շատ հետաքրքիր ու պատմություն էր:Թող Աստված օրհնի այդ ամւսնւթյունն ու Արմենն ու Հերիքնազը հարատև երջանկություն ունենան:Իսկ Գրիշա Բալասանյանն էլ թող նման հոդվածներ շատ գրի ,որ չզարմանանք/կատակ/:
gohar
hargeli Balasanyan,shnorhakalutiun ays niuti tpagrman hamar, cheiq asi te inch e nshanakum ays hapavum@ ? ՀԿ-ի նախագահ , yes hayastanum chem bnakvum , usti ch'gitem ta da inch karuic e,ov e nranc finansavorum? Yev ardioq Tigranuhi Karapetyani hayr@ hangucial mecapativ Bjishk Tigran Hovakimyann e ?
Gohar
Sireli Armen yev Heriqnaz,bakhtavor lineq,shat lav zuig eq,lav @ntaniq unenaq.Armen jan , shat chisht es mtacum,hars@ na e, ov aprum e mec @ntaniqum,amusnu cnokhneri ,qroj , ekhpor het. aydpes en darnum mek @ntaniq. zer asac Evropakan stili akhjikner@ evropakan zevi el @ntaniq en unenum,aprum en aranzin, amusnu cnokhneri herakhosayin zanger@n angam chen uzum lsel. Armen jan,apres, mi vorbi el du erjankacrecir, Astvac qo mijocov ognec ayd yerjanik mankutiunic zrkvac erekhun. Husov em vor na gtav ir yerjanik @ntaniq@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter