
«Հայաստանը կարող է դառնալ թմրամիջոցների փոխադրման տարանցիկ երկիր»
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը կարևորվում է այն առումով, որ Հայաստանը կարող է դառնալ թմրամիջոցների փոխադրման տարանցիկ երկիր: Այսօր մեկնարկած թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ տարածաշրջանային կոնֆերանսըին այս մասին հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
«Կարծես թե Անդրկովկասում սկսում է ձևավորվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության կովկասյան նոր խումբ, որի մեջ ներգրավված են նաև տարածաշրջանի երկրները: Այդ պայմաններում խիստ կարևորվում է Հայաստանում թմրամիջոցների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը»,- հավելեց Աղվան Հովսեփյանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանն էլ ասաց, որ թմրանյութ պարունակող բույսերի աճեցման դեմ պայքարը արդյունավետ չէ իրավական ոլորտում, որովհետև ՀՀ քրեական օրենսգրքի՝ տվյալ ոլորտը կարգավորող դրույթը անորոշ է: 273 հոդվածը, այն է՝ մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը, արդյունավետ չի գործում և անորոշ է շարադրված: Նա, թեև, նշեց, որ երկրում վերջին շրջանում արդյունավետ ու լուրջ պայքար է կազմակերպվում, խնդիրներ ու անելիքներ, այդուհանդերձ, դեռևս կան թե օրենսդրության, թե դրա կիրառման ոլորտներում:
«Այս տարվա սկզբին թմրադեղերի արգրավման դեպքերը ցույց տվեցին, թե ինչպես է միջազգային համագործակցությունը նպաստում, որպեսզի մեր ժողովուրդներին պաշտպանենք լուրջ հանցագործություններից և ռիսկերից»,- լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Որքան էլ բարեփոխումներին աջակցում է ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, Հայաստանի դեմ Եվրադատարանը շարունակում է վճիռներ կայացնել: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է գնահատում դեսպանը այդ բարեփոխումների արդյունքները, Ջոն Հեֆերնը պատասխանեց. «Դատաիրավական համակարգի տարբեր ուղղություններով մենք Հայաստանի հետ աշխատում ենք ավելի քան 10 տարի: Ցանկացած երկրում այս ոլորտում անելիքները շատ են՝ քրեական գործերի քննությունից մինչև քրեական հետապնդում և դատական հանգուցալուծում, և այդ ճակատամարտը երբևէ չի ավարտվի: Այդ գործերը դյուրին չեն բոլոր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում»,- ասաց դեսպան Հեֆերնը:
Ջոն Հեֆերնը նշեց, որ արդարադատության ոլորտում Հայաստանն առաջընթաց ունի, և իրենք շարունակելու են աշխատել և համագործակցել, որպեսզի հասնեն հնարավորինս լավ արդյունքների:
Մեկնաբանել