HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քաղաքացիների ավել գումարի վրա արգելանք դնելու դեպքում բանկերը պատասխանատվություն կկրեն

ԱԺ պատգամավորներից մեկը օրեր առաջ է վերադարձել ԱՄՆ-ից եւ այնտեղ պարզել է, որ իր բոլոր հաշիվների վրա կալանք է դրված: Ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտելու համար պատգամավորը մինչեւ մեկնելը վճարել է 5000 դրամ տուգանքը, բայց ԴԱՀԿԾ-ին հասել է բացարձակապես այլ տեղեկատվություն, եւ քաղաքացու հաշվի վրա դրվել է կալանք: Վերադառնալուց հետո, երբ ներկայացրել է իր վճարած անդորրագիրը, ԴԱՀԿԾ աշխատակիցները բավարարվել են մեկ նախադասությամբ. «Կներեք, տեղի է ունեցել թյուրիմացություն»: Այս մասին խորհրդարանի ամբիոնից պատմեց ԲՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ի վերջո, ո՞վ է կրելու այս ամենի պատասխանատվությունը»,- հարցնում էր պատգամավորը: Հենց այդ պատասխանատվության հարցն էլ այս քառօրյայի ընթացքում փորձում էին գտնել պատգամավորները:

ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը եւ Հերմինե Նաղդալյանը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ են ներկայացրել ԱԺ, որը քննարկվում էր հրատապ կարգով՝ 24-ժամյա ռեժիմով:

Այսօր պատգամավորները 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռպահ ձայներով օրենքի նախագիծն ընդունեցին առաջին ընթերցմամբ:

Նախագծով առաջարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ.

«Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված իրական վնասը եւ բաց թողնված օգուտը»:

Նույն կանոնը վերաբերում է նաեւ պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների վրա արգելանք դնելուն:

Օրենքի նախագծի հեղինակների կարծիքով՝ այս առաջարկության նպատակն է ապահովել գույքի (այդ թվում՝ դրամական միջոցների) սեփականատիրոջ իրավազորությունների բնականոն իրականացումը: Ըստ նրանց՝ գործնականում տեղ են գտնում դեպքեր, երբ հաճախորդի հաշիվը սպասարկող բանկը կամ վարկային կազմակերպությունը, ստանալով հաճախորդի դրամական միջոցների վրա արգելանք դնելու որոշումը, հաճախորդի դրամական միջոցներ վրա արգելանք է դնում ոչ թե որոշման մեջ նշված չափով, այլ՝ հաճախորդի հաշվում գտնվող բոլոր դրամական միջոցների նկատմամբ՝ սահմանափակելով սեփականատիրոջ իրավազորությունների իրականացման հնարավորությունները:

Ստեղծված պայմաններում հաճախորդները կրում են մի շարք անհարմարություններ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ հաճախորդի հաշիվները սպասարկող բանկը կամ վարկային կազմակերպությունը կարող է արգելանք դնել հաճախորդի դրամական միջոցների վրա այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ:

Նշենք, որ կառավարությունը որոշակի անհամաձայնություն ունի առաջարկվող նախագծի հետ: Առաջարկում են պատճառված իրական վնասը եւ բաց թողնված օգուտը փոխարինել 0.1%-ի չափով օրական տույժով՝ պահանջվածից ավել գումարի վրա արգելանք դնելու համար, ավել գումարի հաշվարկով՝ բացառելով պատճառված իրական վնասը եւ բաց թողնված օգուտը ստանալու հնարավորությունը:

Հարակից զեկուցող, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն ասաց, որ պրակտիկայում դժվար է ապացուցել պատճառված իրական վնասը եւ բաց թողնված օգուտը, իսկ օրական 0.1% տույժը հստակ սահմանում է եւ ապահովում է քաղաքացու խախտված իրավունքի վերականգնումը:

ԴԱՀԿԾ-ին վճարելու փոխարեն գոնե չինական արտադրության «վատ հոտով» 5000-դրամանոց դպրոցական պայուսակ կգնեն

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դեմ է կառավարության առաջարկին: Ըստ նրա՝ պատճառված իրական վնասի եւ բաց թողնված օգուտի ապացուցման բեռն ընկնելու է քաղաքացու վրա, հետեւաբար վերջինն իր ռիսկով թող որոշի, թե իրեն որն է ձեռնտու: Նա օրենքի հեղինակներին կոչ արեց ամեն գնով նախագծում եղած ձեւակերպումը պահպանել:

«Եթե մենք ունենք 21 առեւտրային բանկ, եւ դրանցից 10-ը այսօր չունեն կամ մինչ այս պահը չեն ունեցել այն ծրագիրը, որով կալանքը դնեն միայն պահանջվող գումարի վրա, այլ դրել են ամբողջ գումարի վրա, նշանակում է մեր բանկերի քաղաքացի ռեզիդենտների 50 տոկոսին այս խնդիրն առնչվել է: Մարդիկ գնացել են դուրս, տեսել են կալանքի տակ է հաշիվը, ներսում գնել են մի բան, վատ վիճակի մեջ են հայտնվել դրամարկղի մոտ եւ այլն»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Էդմոն Մարուքյանը կողմ էր Գ. Ջհանգիրյանի առաջարկին՝ պահպանելու պատճառված իրական վնասի եւ բաց թողնված օգուտի ստացման հնարավորությունը: Պատգամավորը ցանկանում է վերացնել նաեւ կատարողական գործողությունների համար վճարվող գումարի անհամաչափությունը եւ գործընկեր պատգամավորներին խնդրեց միանալ եւ համատեղ օրենսդրական լուծում գտնել, որպեսզի 5000 դրամ տուգանվողն էլ 5000 դրամ կատարողական ծախս չվճարի, 99.000 դրամ տուգանվողն էլ:

«Կատարողական ծախսերի հետ կապված լուրջ խնդիր կա: Գնալով տարեցտարի մեծ գումարներ են բռնագանձվում: Եթե տեսնեք ԴԱՀԿ ծառայության արտաբյուջետային հաշիվները, թե ինչ մեծ գումարներ են մեր քաղաքացիներից բռնագանձվում, սա ուղղակի անթույլատրելի է: Սա եւս մի միջոց է, որը մեր ժողովրդից հավաքագրվում է, թողնենք այս գումարները մեր ժողովուրդը ծախսեն: Ամենաէժան դպրոցական պայուսակը, որ աղքատ ընտանիքը կարող է իր երեխայի համար գնել, չինական արտադրության (էն, որ վատ հոտ է վրայից գալիս), 5000-դրամանոց պայուսակն է, բայց պայուսակ է, չէ՞: Հիմա այդ 5000 դրամը կարելի է դրա վրա ծախսել: Անընդհատ գումար հավաքել մեր ժողովրդից, բերել արտաբյուջեներ, բյուջեներ, որեւէ կերպ արդարացված չէ»,- ասաց Է. Մարուքյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ ուսումնասիրել է միջազգային փորձը` հասկանալու` կա՞, արդյոք, աշխարհում մեկ այլ երկիր, որտեղ սահմանադրությամբ արգելված է քաղաքացուն զրկել իր սեփականությունից, սեփականության իրավունքից առանց դատարանի վճռի. նման երկիր չի գտել:

«Ինչպես միշտ` պարզվեց, որ այս հարցում մենք ունիկալ ենք, եւ աշխարհում չկա մի երկիր, որտեղ սահմանադրությունը թույլ չի տալիս արտադատական կարգով քաղաքացուն զրկել իր սեփականությունից, բայց ինչ-որ կազմակերպություն, դատական ակտերի հարկադիր կատարողները փոխանցում են բանկերին, եւ քաղաքացին զրկվում է իր սեփականությունից»,- նշեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ միանշանակ պաշտպանելու են այս նախագիծը, միաժամանակ համամիտ է իր այն գործընկերների հետ, ովքեր գտնում են, որ բոլոր խնդիրներն այս նախագիծը չի լուծում:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւս կարծում է, որ սահմանադրության խախտմամբ իրականացված գործողություն է, երբ առանց դատարանի որոշման քաղաքացին զրկվում է սեփականության իրավունքից: Նա նշեց, որ առնվազն ՍԴ 20 որոշում կարող է թվարկել, որոնցով անդրադարձ է եղել սահմանադրությամբ պաշտպանվող սեփականության իրավունքին եւ վերլուծվել ու տրվել է իրավական որոշում նմանատիպ հարցերի վերաբերյալ:

Այնուհետեւ պատգամավորը մտահոգվեց, թե որ վարչական ակտով է որոշվում, օրինակ՝ տեսա եւ լուսանկարահանող սարքերի տեղադրումը, ո՞վ է որոշումը, որքանո՞վ է այդ որոշումը համապատասխանում վարչարարության հիմնարար սկզբունքներին՝ համաչափության եւ իրավաչափության սկզբունքին, ո՞ր ակտերով են որոշվում արագության չափերը, ի՞նչ կանոնների հիման վրա եւ այլն:

«Սրանք բոլորը գալիս են հիմնավորելու եւ ապացուցելու այն կարեւոր թեզը, որ մենք պետք է փոխենք քաղաքականությունը, որ ճանապարհատրանսպորտային կանոնների առաջին ու հիմնական պայմանը պետք է լինի անվտանգության ապահովումը, այլ ոչ թե ամեն գնով տուգանել եւ համապատասխան անձանց կամ արտաբյուջետային միջոց գումար հասցնել»,- հավելեց Արծվիկ Մինասյանը:

Նա օրենքի հեղինակներին խնդրեց հստակեցնել, թե ինչ արտարժույթով են արգելանք դրվելու քաղաքացիների արտարժութային հաշիվների վրա: «Պետք է հստակեցնել, որպեսզի բանկերն ինքնիրավչություն չդրսեւորեն»,- ասաց Ա. Մինասյանը:

Օրենքի նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը նախ շնորհակալություն հայտնեց ողջախոհ առաջարկների եւ քննարկումների համար, այնուհատեւ նշեց, որ իր խորին համոզմամբ` հնարավոր չէ լինել ընդհանրապես դեմ կամ ընդհանրապես կողմ:

«Ես հասկանում եմ իմ բոլոր գործընկերների այն փաստարկները, որ ասում են՝ համակարգային լուծման անհրաժեշտություն կա, դա որեւէ մեկը չի ժխտել, որոնք ասում են, որ այս խնդրի մի շղթայի օղակը կարգավորում եք, երկրորդը կամ առաջինը` դեռեւս ոչ, սա եւս նորմալ է: Բայց տվյալ պարագայում մենք խոսում ենք կոնկրետ տվյալ առարկայի եւ շրջանակների մասին»,- նշեց պատգամավորը:

Կառավարության եւ պատգամավորների առաջարկները կքննարկվեն նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter