
Խաբեության և ինքնախաբեության վարպետները
Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկի նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանն ազդարարեց այն հիմնական ուղղությունները, որոնցով իշխանությունը զարգացնելու է քաղաքական պրոցեսները:
Ըստ էության, նախագահը չթաքցրեց, որ հետապնդում է երկու կարևոր խնդիր. ցանկացած գնով ավարտին հասցնել սահմանադրական փոփոխությունների և այդ շրջանակում պառլամենտական կառավարման համակարգի ներդրման` սկսած գործընթացը և այդ համատեքստում իշխանության անցնցում վերարտադրման այսպես կոչված իրավական հիմքերի ստեղծումը:
Այդ նպատակով նա փաստացի հայտարարեց իշխանական ռեսուրսների մոբիլիզացա` խորհրդարանը հռչակեց որպես հիմնական ռազմաճակատ, իսկ ՀՀԿ խորհրդարանական խմբակցությանը` այնտեղ խրամատավորված զինվորներ: Այս նախապատրաստությունները վկայում են, որ նա պատրաստվում է ներքաղաքական վճռական ճակատամարտի, որտեղ որոշվելու է ոչ միայն իր քաղաքական ապագայի, այլև գուցե ողջ իշխանական համակարգի ամբողջականությունը պահպանելու ճակատագիրը: Դրան նախագահը գնում է գործողությունների հստակ պլանով, տեսլականով, բազմաքայլ կոմբինացիաների պահեստային տարբերակներով, որոնք ուղղված են մի կողմից համակարգին և թիմին վստահություն, մյուս կողմից` մրցակիցներին ու հասարակությանը իր ուժեղ լինելու մեջ համոզվածություն ներշնչելուն: Եվ նա, թվում է, ընտրել է դրա համար ամենահարմար պահը` հաշվի առնելով այն իրողությունը, որ հակառակ ճամբարը հիմա ամենաքիչն է ընդունակ խոչընդոտելու նպատակների կենսագործմանը:
Չնայած հետագա անելիքները, մարտավարությունը ճշտելու փորձերին` ոչ իշխանական ուժերն իրականում զբաղված են կեղծ օրակարգերի մշակմամբ թե́ հասարակությանը և թե́ իրենք իրենց խաբելով` չկարողանալով դուրս գալ անսկզբունքայնության և անհետևողականության ճիրաններից:
Բացառությամբ ՀԱԿ-ի, խորհրդարանական ոչ իշխանական մյուս ուժերը դեռ երկու տարի առաջ էին ամրագրել, որ Հայաստանի հասարակական-քաղաքական զարգացման բանալին օր առաջ կառավարման կիսանախագահական համակարգից հրաժարվելը և խորհրդարանական համակարգին անցնելն է: Սակայն հիմա, երբ իշխանությունն ինքն է նախաձեռնել դրան ուղղված սահմանադրական փոփոխությունները, այդ ուժերը, բացառությամբ ՀՅԴ-ի, համակարգի փոփոխությունը հռչակեցին ժամանակավրեպ: Միակ բացատրությունը, որը շրջանառության մեջ դրվեց պառլամենտական համակարգին անցնելու հնարավորության մասին առաջին իսկ ակնարկից հետո, այն էր, որ Սերժ Սարգսյանն այս նախաձեռնությունը սկսել է իր իշխանությունն արդեն ԱԺ նախագահի կարգավիճակով հավերժացնելու նպատակով:
Բայց նման կանխակալ կարծիքն այն պաշտպանողներին երկու առումով դրեց անհեթեթ վիճակի մեջ: Նախ` բացի հայեցակարգային որոշ ընդհանրական մոտեցումներից, որոնք ընդամենը փորձեր էին` հիմնավորելու նոր կառավարման համակարգին անցնելու անհրաժեշտությունը, փոփոխության որևէ նախագիծ դեռևս շրջանառության մեջ չկա, և հնարավոր չէ ասել` ինչպիսի՞ լիազորություններով են օժտվելու ԱԺ նախագահն ու վարչապետը, իրական իշխանությունը նրանցից որի՞ն է պատկանելու: Այսինքն` Սահմանդրական փոփոխությունները որպես իշխանության վերարտադրման մեխանիզմ դիտարկողները ոչ թե կարող են պնդումներ անել և վերջնական ախտորոշում տալ, այլ կասկածներ հայտնել: Երկրորդ` փաստորեն դեռ անգամ փոփոխությունների նախագիծը հանրությանը չի ներկայացվել, բայց ընդդիմությունը համոզվածություն է հայտնում ոչ միայն հանրաքվեի միջոցով փոփոխություններն արդեն իսկ անցկացված լինելու մասին, այլև կանխորոշում է ՀՀԿ-ի հաղթանակը գալիք խորհրդարանական ընտրություններում և ԱԺ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրվելը: Սա ոչ ավել, ոչ պակաս թե́ սահմանադրության բարեփոխումների պրոցեսում և թե́ խորհրդարանական գալիք ընտրություններում սեփական պարտությունը ճանաչելու անուղղակի ինքնախոստովանություն էր: Բայց սա դեռ ոչինչ:
Եթե ընդդիմությունը հայաստանյան բոլոր ախտերի, ձախողումների, կուտակվող խնդիրների պատճառ համարում է ներկայիս իշխանության բնույթը, ինչպես նաև` պետական իշխանությունն ուզուրպացնելու, մոնոպոլացնելու ներկայիս «սահմանադրական» նկրտումները, ապա հենց դա էլ ընդդիմությունը պետք է դարձներ իր հիմնական պոտենցիալ թիրախը և այդ հեռանկարի շուրջ էլ կառուցեր իր ռազմավարությունը: Երկու օր առաջ տեղի ունեցավ քառյակի երկու առանցքային ուժերի` ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր Պետրոսյանի հերթական հանդիպումը: Սակայն դատելով հանդիպման մասին հրապարակված համատեղ պաշտոնական տեղեկատվությունից` իշխանության վերարտադրման կանխարգելման հնարավոր մեխանիզմների խնդիրն, ըստ էության, չի էլ քննարկվել: Իհարկե, չի բացառվում, որ իրականում այն քննարկվել է: Սակայն եթե կողմերը նախընտրում են դրա մասին ոչինչ չտեղեկացնել, փոխարենը շեշտադրում են զուտ մարտավարական նշանակություն ունեցող` իշխանությանը ներկայացված 12 կետանոց պահանջագրի կատարման վիճակն ամփոփող առաջիկա հանրահավաքի կազմակերպչական խնդիրների վրա, պետք է ենթադրել, որ նրանք չեն կարողանում այդ հարցում գալ ընդհանուր հայտարարի: Արդյունքում, ինչպես միշտ, ներքին այդ հակասությունները, շահերի բախումը թաքցնելու հիմնական ձևը դարձել է երկրորդական, տակտիկական որոշ հարցերի շուրջ փոխզիջումային որոշումներ կայացնելու հանգամանքը թմբկահարելը, ինչը պարզունակ քաղաքական աճպարարություն է:
Դրանցից էր, օրինակ, այդ 12 կետանոց պահանջագրի ներկայացումը իշխանություններին, որի կատարման համար, ինչպես հայտնի է, ժամանակ էր տրվել մինչև սեպտեմբեր: Այդ ժամկետն արդեն սպառվել է, և հիմա քառյակը պետք է որոշի` ի՞նչ անել դրանց հետ կամ ավելի ճիշտ` ինչպե՞ս դուրս գալ դրա տակից: Խնդիրն այն է, որ իշխանությունն այդ իսկապես առարկայական և կարևոր, բայց իրավիճակային պահանջներից մեկ-երկուսը կատարել է, մեծ մասը` ոչ: Հիմա քառյակը պետք է որոշի` արդյո՞ք չկատարված մասն այնքան կարևոր է, որ իշխանություններին «կարմիր քարտ» ցույց տրվի: Առայժմ միակ բանը, որ կարողացել են անել քառյակը ներկայանցող ուժերը, հոկտեմբերի կեսերին հանրահավաքի անցկացումն է և այդ հարցի պատասխանը տալը: Բայց բոլորը հասկանում են, որ ամենակարևորը ոչ թե այդ պատասխանն է, այլ այն, թե ի՞նչ է հետևելու դրանից հետո, որո՞նք են լինելու ընդդիմության քայլերը, մինչև ու՞ր է այն գնալու, և արդյոք դա հի՞մք է դարձվելու ամբողջական իշխանափոխության խնդիր դնելու և, օրինակ, նախագահի կամ գոնե վարչապետի հրաժարականը պահանջելու համար: Ահա սրան է, որ քառյակն իրականում պատրաստ չէ և չի եղել երբեք:
ՀԱԿ-ը և «Ժառանգությունն» առաջ են քաշում ամբողջական իշխանափոխության և Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու հարցը: ՀՅԴ- ու ԲՀԿ-ն, սակայն, նման արմատական մոտեցումը մերժում են` պաշտպանելով այսպես կոչված դանդաղ շտապելու տարբերակը: Նրանց բոլորի դիրքորոշումների վրա ոչ թե այս կամ որևէ այլ պահանջը կամ դրանց կատարման վիճակն է ազդել, այլ դրված մարտավարական բացարձակապես տարբեր և ի սկզբանե բոլորին հասկանալի միանգամայն տարբեր նպատակները:
Բանն այն է, որ ԲՀԿ-ն առաջնորդվում է առավելագույնը ներքին թավշյա հեղաշրջման տրամաբանությամբ, ընդ որում` չկարողանալով շրջանցել Հովիկ Աբրահամյանի գործոնը: ԲՀԿ-ում հասկանում են, որ ծայրահեղ գործողությունների գնալը գործող իշխանության հետ կարող է խորտակել նաև իրեն` որպես այդ իշխանության գենետիկան ամբողջությամբ կրող հոգեզավակ: Այդ պատճառով ԲՀԿ-ի գործողությունների հիմքում ընկած է գործող համակարգը Սերժ Սարգսյանից սահուն կերպով վերցնելու, նվազագույնը` առավել հարմար պայմաններով կիսելու մտադրությունը: Անգամ Ռոբերտ Քոչարյանի` իշխանության վերադառնալու կամ նրան վերադարձնելու խնդիրը ԲՀԿ-ն դիտարկում է հենց այս տեսանկյունից: ՀԱԿ-ը և «Ժառանգությունն. իրենց հերթին հասկանում են, որ այն սցենարը, որով առաջնորդվում է ԲՀԿ-ն ու իր ետևից քարշ է տալիս իրենց, չի հանգեցնելու որակական, համակարգային փոփոխության, այլ ընդամենը բերելու է դերակատարների պարզ փոխատեղման, որից իրենց բաժին չի հանվելու: Ավելին, նրանք լուրջ մտավախություն ունեն, որ կարող են կամա թե ակամա դառնալ Քոչարյանին վերադարձնելու նպատակին ծառայող գործիքներ:
Միաժամանակ այս 4 ուժերից յուրաքանչյուրն էլ հասկանում է, որ առանց իրար և քառյակից դուրս դատապարտված են մարգինալացման` իրենց համար շատ ավելի դրամատիկ հետևանքներով: Հենց այս գործոնով պայմանավորված` ոչ իշխանական ուժերի համար առաջնայինը դառնում է ոչ թե իշխանափոխության խնդիրը կամ իշխանության վերարտադրման կանխարգելումը, այլ, այսպես ասած, առայժմ ջրի երեսին մնալը, չսուզվելը, քաղաքական դաշտում իրենց ներկայությունն ինչ-որ բանով արդարացնելը: Դրա միակ շանսը տալիս է երկրորդային նշանակության հարցերի շուրջ փոխզիջումային համաձայնությունների հասնելու, շարունակ հանդիպումներ անցկացնելու միջոցով միասնականության տպավորություն ստեղծելը և դա քաղաքական գործոն դարձնելը:
Սա, իհարկե, չի բացառում, որ իշխանության և մասնավորապես Սերժ Սարգսյանի դիրքերի թուլացման նախանշանների ի հայտ գալու պարագայում միասնականության այդ իմիտացիան կարող է փոխակերպվել իրականի: Բայց որքան էլ ներկայումս ընդդիմության դաշտի այս իմիտացիոն դրսևորումները վանող են, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ սա այն է, ինչին ընդունակ է ներկայիս ընդդիմությունը: Այս դաշտում խաղացողների` իրականությունն ամեն կերպ կոծկելու ձգտումը նրանց ստիպում է երբեք չթուլացնել ակտիվությունը, շարունակ հանդես գալ նոր կրեատիվ կամ շաբլոնային նախաձեռնություններով, ինչը կենդանություն է հաղորդում քաղաքականությանը և ամենակարևորը` իշխանությանը որոշ հարցերում փոխզիջումների դրդելու միակ միջոց հանդիսանում:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել