Արմեն Մովսիսյանը չի ներկայացել քիմպրոմցիների հետ խոստացած հանդիպմանը
Այսօր ժամը 14:00-ին իրենց 11 ամիսների աշխատավարձի պահանջով «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատողները կրկին հավաքվել էին Լոռու մարզպետարանի մերձակա հրապարակում: Հավաքվածները մեկ ժամից ավելի սպասել են ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանին, ով երեկ խոստացել էր գալ, բայց այդպես էլ չներկայացավ քիմպրոմցիներին հետ այսօրվա հանդիպմանը:
Գործարանի ամոնիակի արտադրամասի հերթափոխի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը «Հետքին» հաղորդեց, որ Արմեն Մովսիսյանի փոխարեն «Քիմպրոմի» աշխատողներին հանդիպել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: «Մարզպետը մեզ տեղեկացրեց, որ մեր աշխատավարձի խնդիրը քննարկել է ինչպես վարչապետ Հովիկ Աբրահամյանի, այնպես էլ Արմեն Մովսիսյանի հետ: Արմեն Մովսիսյանը խոստացել է եկող շաբաթ մեզ վճարել ևս մեկ ամսվա աշխատավարձ: Նա խոստացել է նաև մեկ շաբաթ հետո աշխատողներիս ներկայացնել մեր մնացած աշխատավարձը մինչև տարեվերջ վճարելու ժամանակցույց»,- ասաց Հ. Մարտիրոսյանը: Վերջինիս փոխանցմամբ` քիմպրոմցիները մեկ շաբաթով հետաձգել են իրենց բողոքի ցույցերը:
Մեկնաբանել