HY RU EN

Բյուջեն 100%-ով չկատարել` նշանակում է չիրականացնել պարտադիր լիազորությունները

Համայնքերի բյուջեների սեփական եկամուտների հավաքագրումը կառավարության պահանջով  համայնքապետերն այս տարի ամեն գնով պետք է կատարեն 100 %-ով: Սահմանված նախապայմանով չհավաքագրողները կզրկվեն համայնքերին հատկացվող կառավարության ծրագրերից: Կառավարությունը, սակայն համայնքապետերի առջեւ բյուջեն հարստացնելու, եկամուտների նոր աղբյուրներ որոնելու խնդիր չի դնում: Համայնքապետերն էլ բյուջեի ապառքների հավաքագրումը թողնում են եկամուտների հավաքագրման ռեզերվում, իսկ նախատեսված նվազ   եկամուտների մուտքերն անհապաղ կատարելու համար հաճախ դիմում են կեղծիքների:

Լոռու  մարզի Թումանյանի տարածաշրջանում հողի հարկի եկամուտների մուտքերն արհեստականորեն ապահովելու ընդունված ձեւերից մեկը համայնքների ուսանողների ուսման վարձերը որպես հողի հարկ բյուջե մուտքագրելն ու այն կրկին նույն ուսանողներին որպես սոցիալական օգնություն վերադարձնելն է: Այդ համայնքներին «Հետքը» պարբերաբար անդրադարձել է:

«Ընդհանուր առմամբ, 8 ամիսների կտրվածքով, բացի հողի հարկը, մնացած եկամուտների հավաքագրումը Լոռու մարզի համայնքերում ոնց որ թե նորմալ է: Հողի հարկը մեզ համար դարձել է գարշապար»,- ասում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նրա խոսքով` Լոռու  մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրումը նախորդ տարվա 8 ամիսների համեմատ այս տարի 16 մլն դրամով պակասել է` ամբողջ մարզի կտրվածքով»,- ասում է Արթուր Նալբանդյանը:

Մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սեւակ Հովհաննիսյանի տվյալներով, որը նա ներկայացրեց սեպտեմբերի  11-ին  Ալավերդիում հրավիրված համայնքապետերի արտագնա խորհրդակցության ժամանակ, Թումանյանի տարածաշրջանի 30 համայնքներից բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման գործում չթերացող համայնք առայժմ չկա: Սակայն, առավելապես հետ են մնում 14 համայնքներ, այդ թվում` Թումանյան, Շամլուղ, Կարմիր Աղեկ, Մղարթ, Ջիլիզա, Քարինջ, Չկալով համայնքները: Եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշներն այս տարի բարձր են շնորհիվ Ալավերդի քաղաքի, որտեղ էլ, սակայն, ցածր է հողի հարկի հավաքագրումը:

Նախորդ տարվա 8 ամիսների համեմատությամբ այս տարի տարածաշրջանի 15 համայնքներ հողի հարկի գծով անհամեմատ ցածր ցուցանիշներ են ապահովել, այդ թվում` Ախթալան, Շամլուղը, Արդվին, Աքորին, Ճոճկանը, Ջիլիզան: Ցածր ցուցանիշներ է արձանագրվել նաեւ գույքի վարձակալության վճարները հավաքագրելու գործում: Արեւածագի համայնքապետարանն այն կատարել  է 60,4%-ով, Դսեղը` 36,7%-ով,  Լորուտը` 59%-ով, Շամուտը` 64%-ով, Շնողը` 43,1%-ով, Քարինջը` 41%-ով, իսկ Չկալով համայնքը` 64%-ով:

Ութ ամիսների ցուցանիշներով վատ են հավաքագրվել նաեւ տեղական տուրքերը: Դրանք ընդհանրապես չեն ապահովել Աթան, Ծաղկաշատ, Շամուտ համայնքները, տեղական տուրքերից մուտքեր չեն նախատեսել Ահնիձոր եւ Ծաթեր համայնքները: Տեղական տուրքերի եկամուտների մուտքերը Դսեղի համայնքապետարանը կատարել է 24,4%-ով Լորուտը` 32%-ով, Կաճաճկուտը` 37%-ով, Ախթալան` 63%-ով: «Հողի հարկի եկամուտներից հետո ամենավատ վիճակում տեղական տուրքերի հավաքագրումն է»,- ասաց   Ս. Հովհաննիսյանը:

«Հիմա բյուջեի եկամուտները 100%-ից ցածր հավաքագրելն անընդունելի  է, որովհետեւ միայն մեր մարզում են ցածր կատարվում, անցյալ տարի էլ մենք հողի հավաքագրման գործում վերջին տեղում էինք, թեեւ մեր կատարողականը բոլոր նախորդ տարիների համեմատ բարձր է եղել»,- հայտնեց մարզպետը:

Գույքահարկի գծով անցյալ տարի մարզը 98,9% ցուցանիշով նույնպես հանրապետությունում վերջին տեղում է հայտնվել: «Այսինքն` համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման մակարդակն այնքան է բարձրացել, որ 100%-ով չկատարելն արդեն նշանակում է, որ համայնքի ղեկավարն իր պարտադիր լիազորությունները չի կատարում»,- բացատրում  է Արթուր Նալբանդյանը:

Մեր այն հարցին, թե չե՞ք կարծում, որ  բյուջեի եկամուտների, մասնավորապես հողի հարկի հավաքագրման գործում Թումանյանի տարածաշրջանում ստեղծված լարվածությունը պայմանավորված է գյուղացիների սոցիալական ծանր վիճակով,  մարզպետը պատասխանեց. «Անկեղծ ասած, նաեւ սոցիալական վիճակն է ազդում, արտագաղթը, որովհետեւ ունենք համայնքներ, որտեղ ընդհանրապես հողի սեփականատերերը բացակայում են:  Բնականաբար, բացակա հողատերերից հողի հարկ հավաքելը լուրջ դժվարություն է ստեղծում»: Այսուհանդերձ, Արթուր Նալբանդյանը կարծում է, որ գյուղական համայնքներում, գյուղատնտեսական նշանակության հողերի մշակությունն արդեն մեծ ծավալներ է ընդգրկում, եւ  գյուղմթերքների աճը նկատելի է:

Մարզպետի կարծիքով` հողի հարկի հավաքագրման դժվարությունն այս պահին համայնքներում առաջացել է առավելապես բերքահավաքի պատճառով: «Գյուղացիները բերքահավաքն ավարտելուց եւ գյուղմթերքներն իրացնելուց հետո են դառնում վճարունակ: Այս առումով մենք համայնքների ղեկավարների հետ պայմանավորվածություն ունենք` հողի հարկի հավաքագրման անցած 8 ամիսների բացը մինչեւ տարեվերջ լրացնելու համար»,- ասաց  Արթուր Նալբանդյանը: