«Մեկ բացիկ՝ մեկ բնակարան» 2-րդ ակցիայի մեկնարկը տրված է
Գյումրու «Յոթ վերք» եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի անդամներն սկսում են «Մեկ բացիկ + մեկ բնակարան» 2-րդ ակցիան՝ նպատակ ունենալով այս տարի եւս հանգանակած գումարներով բնակարան նվիրել մեկ անօթեւան ընտանիքի: Խորհրդանշական 400 դրամով վաճառված բացիկների գումարով անցած տարի Մուշ-2 թաղամասում բնակարան գնվեց երկրաշարժից հետո տնակում ապրող, անօթեւանի կարգավիճակ ունեցող Ալեքսանյանների համար: Ջոկատի հեղինակած 15 հազար բացիկից վաճառվել էր 12 հազարը, ստացված գումարը բավարարել էր մեկ բնակարան գնելու համար: Անգամ որոշակի գումար էր ավելացել, որ տրամադրվել էր նույն ընտանիքի կարիքների համար՝ որոշակի գույքի գնմանը:
Այս տարի կազմակերպիչները թողարկել են 13 հազար բարեգործական բացիկ: Ինչպես եւ նախորդ տարի, այս անգամ էլ բացիկները կիրացվեն Գյումրիում, ՀՀ տարբեր մարզերում, մայրաքաղաքում: Նախորդ ակցիային իր մասնակցությունն էր ունեցել նաեւ սփյուռքը: Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ ծրագրի շնորհանդեսը: Հյուրերից շատերը հենց տեղում գնեցին բարեգործական բացիկներ: Շնորհանդեսին մասնակցում էր նաեւ փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանն, ով, վճարելով 20 հազար դրամ, գնեց բացիկներ՝ նշելով, որ սա իր անձնական ներդրումն է, իսկ քաղաքապետարանը հանդես կգա առանձին նախաձեռնությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել