
Ի՞նչ մեքենա է գնելու Գալուստ Սահակյանը 400 հազար դրամով
Անցած ամիս ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ հաջորդ տարվա բյուջեի ընդունման ժամանակ «նորից մեքենաներ պետք է գնենք, քանի որ երբ արտասահմանյան հյուրեր են գալիս, և մենք մեքենաներ ենք պատվիրում, ավելի թանկ է նստում ԱԺ-ի վրա, քան երբ ինքդ ես շահագործում»:
Անշուշտ, առաջին հայացքից հայտարարությունը դրական է, քանի որ նոր մեքենաների գնումը պայմանավորված է խնայողությամբ: Սակայն եկեք փորձենք պարզել, թե ի՞նչ և որքա՞ն է խնայելու մեր բյուջեն:
Զապորոժեցների էսկորտ
Այսպիսով, Ազգային ժողովի աշխատակազմից ստացված գրության համաձայն, 2011-ից 2013 թվականներին Ազգային ժողովը մեքենաների վարձակալության վրա ծախսել է միայն 400 հազար դրամ:
Այսինքն, Ազգային Ժողովը մտադիր է այնպիսի մեքենաներ գնել, որ խնայի մեքենաների վարձակալության վրա ծախսվող այդ մի քանի հարյուր հազար դրամը: Երբ փորձեցինք պարզել, թե ի՞նչ մեքենաներ ԱԺ-ն կարող է գնել 400 հազար դրամից էժան գնով, պարզվեց, որ ընտրանին բավականին «մեծ» է:
![]() |
![]() |
Այդ գնային սահմաններում կարելի է գնել մեկ հատ 1970-ականների արտադրած ՎԱԶ 2101 (լավ վիճակում), կամ 3-4 հատ նույն թվականների 968-րդ մոդելի «Զապորոժեց»: Իսկ եթե լավ փնտրել, ապա կարելի է գտնել 1990-ականների արտադրության «Զապորոժեց Տավրիա»` վրան արդեն տեղադրված գազի բալոնով:
Խոսելը մտածելուց առաջ
Դժվար է ասել, թե ո՞ր պետության բարձրասիտճան հյուրերին է Գալուստ Սահակյանը մտադիր դիմավորել հնամաշ «Զզապորոժեց»-ներով: Սակայն արդեն պարզ է, որ Գալուստ Սահակյանն այդ հայտարարությունն անելիս ոչ թե կանխամտածված ստում էր, այլ, պարզապես, պահի տակ, ինչ-որ բան ասելու և այդ ասելիքը մերկապարանոց չհնչելու համար հորինում էր:
Մեկնաբանել