HY RU EN

Վահե Սարուխանյան

Հայաստանը նահանջել է 52-րդ հորիզոնական համաշխարհային ցուցակում

ՖԻՖԱ-ն այօր հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ընտրանին զգալի հետընթաց է գրանցել՝ նահանջելով 16 հորիզոնականով եւ հայտնվելով 52-րդ տեղում: Հայաստանի հավաքականն այժմ ունի 556 հաշվարկային միավոր:

Հաշվետու ժամանակահատվածում մեր թիմը երկու պարտություն է կրել լատվիացիներից (0-2) եւ դանիացիներից (1-2), որոնք, բնականաբար, միավորներ չեն ավելացրել նրա հաշվեկշռին: Փոխարենը թիմի բալանսից դուրս են եկել 2010-ի Հայաստան-Իռլանդիա (0-1) եւ Մակեդոնիա-Հայաստան (2-2) խաղերը, որոնցից երկրորդը 335 միավոր էր բերել թիմին:

Համաշխարհային ցուցակը շարունակում են գլխավորել աշխարհի չեմպիոն գերմանացիները: Նրանց հաջորդում են փոխչեմպիոն արգենտինացիները: Լավագույն տասնյակում են Կոլումբիան, Հոլանդիան, Բելգիան, Բրազիլիան, Ուրուգվայը, Իսպանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան: 

«Եվրո-2016»-ի ընտրական I խմբում մեր թիմի մրցակիցներից լավագույն արդյունքը ունեն պորտուգալացիները՝ 11-րդ տեղ (տեղաշարժ չի եղել), Դանիան մեկ կետով նահանջել է 27-րդ, իսկ Սերբիան՝ երեք կետով 34-րդ տեղ: Պորտուգալիային հաղթած Ալբանիան մեծ թռիչք է գրանցել ու 25 կետով առաջադիմել է մինչեւ 45-րդ հորիզոնական: Փաստորեն, մեր թիմն այս պահին վատագույն ցուցանիշն ունի ընտրական խմբում:  

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը ռուսներն են, որոնք պահպանել են 23-րդ տեղը, իսկ ուկրաինացիները իջել են 2 տեղով ու հիմա 24-րդն են: Մեծ նահանջից հետո մեր ընտրանին, այդուհանդերձ, իր վարկանիշով երրորդն է նախկին ԽՍՀՄ տարածքում: 

Մեր տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշն ունի Թուրքիան, որը 38-րդն է, սակայն այդ դիրքում հայտնվել է 6 կետով նահանջելուց հետո: Իրանը 4 կետով բարձրացել է 44-րդ տեղ: Ադրբեջանը 95-րդն է (-22), իսկ Վրաստանը՝ 110-րդը (-15): 

Հաջորդ ցուցակը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին: