
«Ինքնախոստավանական ցուցմունքը տվել եմ գլուխս դիսկիի տակ դնելուց հետո»
Զարուհի Մեջլումյան
Էդիկ Բաղդասարյան
Սպանված կինը բռնաբարված չի եղել
Այնթափ գյուղի բնակիչ Աշոտ Շահզադյանը 2011 թ-ից` 23 տարեկանից, անազատության մեջ է: Արարատի ու Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է նրան 20 տարվա ազատազրկման` մեղադրելով համագյուղացի` 58-ամյա Գայանե Ասոյանի սպանության ու բռնաբարության փորձի մեջ (ՔՕ 104 հոդվածի 2-րդ մաս, 12 կետ, 34-138 հոդվածի 1-ին մաս): Սկզբում 23-ամյա տղային մեղադրել են բռնաբարություն կատարելու մեջ, սակայն դիակի փորձաքննությամբ սերմնահեղուկ չի հայտնաբերվել, դա է պատճառը, որ բռնաբարությունը դարձել է փորձ:
Աշոտ Շահզադյանը նախաքննության վերջին փուլից պնդում է, որ անմեղ է, չի կատարել այն հանցանքները, որոնցում իրեն մեղադրել են: Նա իր լրացուցիչ ցուցմունքներում անգամ նշել է սպանություն կատարողի անունը` նույն գյուղի բնակիչ Թեմուր Ջավոյան: Աշոտը Թեմուրի անունը տվել է դեպքից 3 ամիս անց, երբ մորից իմացել է, որ նա մեկնել է Գերմանիա: Ցուցմունքում նշել է, որ վախեցել է Թեմուրից, դա է պատճառը, որ սկզբում չի տվել նրա անունը, քանի որ վերջինը սպառնացել է հարցերը լուծել Աշոտի ընտանիքի, եղբոր երեխաների հետ: Թեմուրը, սակայն, դուրս է մնացել պատասխանատվությունից:
Այսպիսով, նախաքննության առաջին ցուցմունքում Աշոտ Շահզադյանը տվել է ինքնախոստովանական ցուցմունք` գրելով, որ 2011 թ-ի մայիսի 26-ին ժամը 22:00-ի սահմաններում ինքն է բռունցքով 2 անգամ հարվածել Գայանե Ասոյանին, քանի որ վերջինն իրեն «լրբի տղա» է անվանել, երբ ինքը Գայանե Ասոյանի տան մոտով անցնելիս բջջային հեռախոսով բարձր ձայնով խոսելիս է եղել ընկերոջ` Էդգարի հետ:
Ինչպիսի՞ խոշտանգումների հետևանքով է կորզվել ինքնախոստովանական ցուցմունքը
«Հետքը» «Արթիկ» ՔԿՀ-ում հանդիպեց Աշոտ Շահզադյանին ու հարցազրույց վարեց: Աշոտը պատմեց երեք տարի առաջ մայիսի 26-ի ու դրան հաջորդած օրերի մասին: Նա ասաց այն, ինչ պատմել էր իր լրացուցիչ ցուցմունքում` նախաքննության վերջում, դեպքից 3 ամիս անց: Ասաց, որ ինքը չի սպանել տիկին Գայանեին:
«Մասիսի քննչական տարան մայիսի 28-ին: 12 հոգի օպերներով ծեծում էին ինձ, սկզբից 3-ով էին, հետո տեսան, որ չեն կարում ինձ ծեծեն, էլի 8 հոգի եկան: Լսեցի, որ պետի ասածով են եկել, որ պիտի իմ վրա վերցնեմ սպանությունը: Չեմ ուզում ասեմ, թե ինչ էին ուզում անեին: Բայց եթե էդ բանը անեին, ես էլ ստեղ չէի լինի: Դրանից հետո դու արդեն փչանում ես, էլի: Հասկանո՞ւմ եք` ինչ եմ ուզում ասեմ…: Ուզում էին էդ բանը անեին 12 հոգով: Հետո դիսկի բերեցին ու էդ դիսկիով սեղմում էին գլուխս: Ասում էին` ձերոնց, տնեցիներին բերել ենք, կողքի սենյակում են, եթե չգրես մեր ուզածով, լավ չի լինի իրանց հետ: Ես ինքնախոստովանական ցուցմունքը գրել եմ ծեծի ու սպառնալիքի տակ: Դուք չգիտեք, թե ինչ դաժան են վարվում: Մեկը գնա ուղղակի նայի էլի»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց 20 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Շահզադյանը` ավելացնելով, որ դա դեռ ամենը չէ:
«Ուզում էին մի քանի գողություն էլ իմ վրա գրեի: Ասում էին` մի 6 չբացահայտված գողություն կա, դրանք էլ գրի, էղածը մի բան չի, մի 2 տարվա պատիժ կավելանա: Ես էլ ասեցի` հիմա ինձ կփրթեմ, էլ մոտիկ չեկան»,- ասաց դատապարտյալը:
Աշոտ Շահզադյանին այլ հանցանքներ վերագրելու մտադրության մասին վկայություններ կան նաև քրեական գործում:
Ո՞վ է Աշոտ Շահզադյանը
Աշոտը մեծացել է Այնթափում, ստացել միջնակարգ կրթություն, 18 տարեկանում զորակոչվել բանակ, ծառայել է Նոյեմբերյանում, որտեղից վերադառնալուց հետո, ըստ մոր` Լյուդմիլա Շահզադյանի ցուցմունքի` 3 ամիս տնից դուրս չի եկել, դարձել է ինքնամփոփ ու տարօրինակ, անընդհատ թափահարել է գլուխը: Զորամասում զինվոր է սպանվել, ու Աշոտը սթրես է տարել: Հետո մահացել է Աշոտի հայրը, և նա սկսել է չարաշահել խմիչքի օգտագործումը: Դեպքի օրը Աշոտը օգտագործել է գարեջուր Այնթափի գարեջրատանը, հետո դուրս է եկել ու գնացել կովին արոտավայրից բերելու: Ըստ իր լրացուցիչ ցուցմունքի` երբ անցել է Գայանե Ասոյանի տան մոտով, տան ներսից ձեռքով իրեն կանչել է Թեմուր Ջավոյանը: Երբ մոտեցել է տան մուտքի դռանը, Թեմուրը, կիսաբաց անելով դուռը, իրեն հայտնել է, որ տեղափոխելու բան կա, խնդրել է օգնել իրեն: Առանց հետաքրքրվելու, թե ինչ կա տեղափոխելու` Ջավոյանին ասել է, որ շտապում է, սակայն խոստացել է օգնել կովին անասնագոմ տանելուց հետո: Քսան րոպե հետո գնացել է Գայանե Ասոյանի տուն, Ջավոյանը ներսից բացել է դուռը: Երբ ներս է մտել, Թեմուրը ներսից փակել է դուռը, ապա ցույց տվել ննջասենյակում մահճակալին պառկած Գայանե Ասոյանին, որը եղել է մերկ, դեմքը` արյունոտված:
Ջավոյանը Աշոտին ասել է, որ բակում այդ կինն իրեն վիրավորել է, որի պատճառով նյարդայնացել է, խփել նրան: Ստուգել է այդ կնոջ սրտի աշխատանքը, սակայն կենդանության նշաններ չեն եղել: Թեմուրի պահանջով բռնել է կնոջ թևի և գոտկատեղի տակից և մահճակալի աջ մասից քաշել է ձախ մասը: Այդ ժամանակ լսվել է դռան թակոցի ձայնը: Մոտենալով պատուհանին` տեսել է մուտքի դռան մոտ կանգնած մի երիտասարդի: Թեմուրն ասել է, որ Գայանեի տղան է: Այդ ժամանակ բացել են մյուս ննջասենյակի պատուհանը, դիմել փախուստի:
Հ.Գ. «Հետքը» եղավ Արարատի ու Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակում, որտեղ պահպանվում է Աշոտ Շահզադյանի քրեական գործը: Ուումնասիրեցինք երեք հատորանոց գործն ու կատարեցինք լուսանկարահանում: Ո՞վ է եղել հանգուցյալ Գայանե Ասոյանը, ի՞նչ գույքային խնդիրներ է ցանկացել լուծել, ինչո՞ւ և ինչպե՞ս է քննչական խումբը պատասխանատվությունից դուրս թողել Գերմանիա մեկնած Թեմուր Ջավոյանին, ի՞նչ ճանապարհով է նա կարողացել դեպքից 10 օր հետո մեկնել Հայաստանից, ի՞նչ փորձաքննություններ են կատարվել այս գործով, ի՞նչ է հաստատվել կամ հերքվել դրանցով, պահպանվե՞լ են արդյոք իրեղեն ապացույցները, ինչո՞ւ է Աշոտը 40 օր հացադուլ հայտարարել: Այս ամենը կներկայացնենք հաջորդ հրապարակումներով:
Մեկնաբանել