Քիչ չեն հողամասերից հրաժարվելու դեպքերը
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի Տաշիրի քաղաքապետարանում, որին մասնակցել են մարզպետ Ա. Քոչարյանը, Հանրային խորհրդի, արդարադատության նախարարության, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետարանների հողաշինարարներ, տարածաշրջանի համայնքապետեր:
Խորհրդակցության հիմնական թեման վերաբերել է քաղաքացիների եւ իրավաբանական անձանց կողմից հողամասից կամովին հրաժարվելու դեպքերին եւ հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման իրավական կարգավորումներին:
Տարածքային կառավարման նախարարության կատարած ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ մասնավորապես Տաշիրի տարածաշրջանում մեծ թիվ են կազմում գյուղնշանակության հողամասերից հրաժարվելու դեպքերը: Գործող «Հողային օրենսգրքի» համաձայն` քաղաքացու կամ իրավաբանական անձի` հողամասից կամովին հրաժարվելու մասին դիմումն ստանալուց հետո, համայնքի ղեկավարը հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի 15-օրյա ժամկետում:
Սակայն, ըստ ուսումնասիրությունների արդյունքների, այդ հողամասերի մեծ մասի պետական գրանցումը որպես համայնքային սեփականություն չի իրականացվել` համայնքների ֆինանսական միջոցների սղության պատճառով: Խնդիրն այն է, որ պետական գրանցման համար պահանջվում է վճարել պետտուրք եւ կատարել կադաստրային այլ վճարումներ, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտ 8000 դրամ, իսկ նախատեսված ժամկետում օրենսդրական պահանջը չկատարելու համար վարչական մեխանիզմներ սահմանված չեն:
Փոխվարչապետն ստեղծված իրավիճակը շտկելու կարեւորությունը դիտարկել է հողային ռեսուրսների արդյունավետ կառավարման տեսանկյունից եւ անհրաժեշտ է համարել հարցի իրավական կարգավորումը: Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները տեղեկացրել են խնդրի կարգավորման ուղղությամբ մարզում կիրառված փորձի մասին:
Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկումների արդյունքում որոշվել է ամփոփել հնչեցված կարծիքներն ու առկա փորձը, եւ դրանց հիման վրա վերջնական լուծումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել կառավարությանը:
Քննարկվել են նաեւ հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարեցման հիմքերը եւ դրանց իրավական կարգավորման հետ կապված հարցեր:
Ըստ «Հողային օրենսգրքի»` հողամասերը երեք տարվա ընթացքում ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու կամ հողի հարկի պարտավորությունները երեք տարի չկատարելու դեպքում հողամասի նկատմամբ իրավունքները կարող են հարկադիր կարգով դադարեցվել: Քննարկման մասնակիցները հանդես են եկել հօգուտ սեփականության իրավունքի դադարեցման կամավոր եղանակի` բացառությամբ այն պարտադիր դեպքերի, որոնք սահմանված են օրենսդրությամբ:
Խորհրդակցությունից հետո փոխվարչապետն այցելել է նաեւ «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով վերակառուցվող Ստեփանավանի թիվ 6 դպրոց, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Տեղեկացվել է, որ ձմեռային շրջանից հետո շինաշխատանքները ներկայումս իրականացվում են լայն թափով, ժամանակացույցից շեղումներ չկան: Արդեն կատարվել է աշխատանքերի 65 տոկոսը, եւ նախատեսվում է, որ դպրոցը պատրաստ կլինի նոր ուսումնական տարում:
Փոխվարչապետը հատուկ նշել է աշխատանքների որակով իրականացման կարեւորությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել