Հենրիխ Մխիթարյան. «Այս պահին գիպսով և հենակներով եմ»
ՀՖՖ պաշտոնական կայքը հեռախոսազրույց է ունեցել ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանի հետ, ով Գերմանիայի առաջնության երեկ կայացած խաղում վնասվածք է ստացել:
Մխիթարյանը, ով երեկ տեղի ունեցած Գերմանիայի առաջնության «Մայնց»-«Բորուսիա» հանդիպման ընթացքում փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում, հանդիպման վերջին րոպեին դարպասը գրավելու լավ հնարավորություն ուներ, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ խաղային այդ իրադրությունում Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ:
Այսօր արդեն գերմանական ակումբի պաշտոնական կայքը հայտնեց, որ Մխիթարյանի ստացած վնասվածքի ապաքինման համար նախնական տվյալներով կպահանջվի 4 շաբաթ: ՀՖՖ-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում Հենրիխ Մխիթարյանն ասաց. «Խաղային այդ իրավիճակում ոտքիս ստացած հարվածից շատ ուժեղ ցավ զգացի: Խաղից հետո անմիջապես դիմեցի բժիշկներին: Երեկ և այսօր արված հետազոտությունները ցույց տվեցին, որ ոտնաթաթիս հատվածում ոսկրային խնդիր կա: Այս պահին ոտքս գիպսի մեջ է, քայլում եմ հենակներով: Առաջիկա հետազոտությունները ցույց կտան, թե որքան կտևի ապաքինումը: Նախնական ստուգումների արդյունքում, այո, ասել են 4 շաբաթ»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին «Եվրո-2016»-ի շրջանակներում Հայաստանի հավաքականն ընդունելու է Սերբիայի թիմին:
Լուս.՝ ruhrnachrichten.de-ի
Մեկնաբանել