HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանը որպես քաղաքացի դիմում է իր ընտրատարածքի պատգամավորին

«Միլլար» ՍՊԸ-ի ներկայացուցիչ  փաստաբան  Լեռնիկ Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է իր ընտրատարածքի պատգամավոր Կորյուն Նահապետյանին` նշելով, որ ինքը պատգամավորին դիմում է որպես Հայաստանի ճակատագրով մտահոգ քաղաքացի: Ստորեւ ներկայացնում ենք դիմումը: 

«Հարգարժան պարոն Նահապետյան,

Հանդիսանում եմ Երևանի Հարավ-արևմտյան զանգվածի Ա-3 թաղամասի (թիվ 008 ընտրատարածքի) բնակիչ, սակայն դիմում եմ, որպես Հայաստանի քաղաքացի, ով մտահոգ է մեր երկրի ազգային անվտանգությանն անմիջական սպառնալիք հանդիսացող երկրի տնտեսության անկման և արտագաղթի բուն պատճառներից մեկը հանդիսացող Հայաստանում տիրող «բանկային բարքերով», ինչի հետ հերթական անգամ առնչվում եմ իմ մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ:

Հարգարժան պարոն Նահապետյան, Ձեզ եմ դիմում, քանի որ` 2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, ուսումնասիրելով Ձեր կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը, այն կարծիքին եմ, որ իմ կողմից բարձրացվող հարցին օրինական ընթացք կտաք և հետամուտ կլինեք հարցի արդարացի լուծմանը: Բացի այդ, Դուք հանդիսանում եք ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ իմ կողմից կոնկրետ օրինակով ներկայացվող խնդիրը, կրելով համատարած բնույթ, ըստ իս, հանդիսանալով մեր երկրի տնտեսության անկման և մեր հայրենակիցների արտագաղթի խթան, սպառնում է մեր ազգային անվտանգությանը և այդ իմաստով էլ, կարծում եմ, որ խնդիրը Ձեր կողմից ղեկավարվող հանձնաժողովի իրավասության դաշտում է: Իսկ վարկառու-գրավատուների իրավունքների ոտնահարման հաշվին ձևավորված «բանկային բարքերն» արդյունքում են՝ ՀՀ դատական համակարգի, այլ պետական մարմինների կողմից բանկային համակարգին «մշտական կանաչ լույս ապահովելու» ներքին համաձայնության:

Սույն դիմումի առիթ է հանդիսացել մի մասնավոր գործ, որտեղ մի կողմից բազմամիլիոնանոց ներդրումների հաշվին ք.Երևան Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/3 հասցեում կառուցված շենքի սեփականատեր, վարկառու-գրավատուն է, իսկ մյուս կողմից՝ իր վարչության նախագահի գլխավարությամբ ֆինանսական մեքենայություններով 2013թ. քրեական իրադարձությունների կենտրոնում հայտնված «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն: Այսպես.

Նախապատմությունը

  1. Նապոլեոն Ազիզյանը, արտերկրում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող հայ գործարարի (օտարերկրյա ներդրող) հետ համատեղ գործունեության իրականացնելու վերաբերյալ ձեռք բերած պայմանավորվածության հիման վրա, 2005թ. գնել է ք.Երևան Ծիծեռնակաբերդի խճուղու ներկայիս թիվ 1/2 և 1/3 հասցեների 1 հա հողամասերը:
  2. Ն.Ազիզյանի անվամբ ձեռք բերված քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա, 2006թ.-ին սկսվել է բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը:

Ի տարբերություն, այսպես ասած, «շինարարական բումի» այդ տարիներին իրականացվող այլ բազմաբնակարան շենքերի շինարարության, շենքի շինարարությունն իրականացվել է սեփական ռիսկով՝ սեփական միջոցների հաշվին, ոչ թե՝ առուվաճառքի նախնական պայմանագրերով ներգրավված գումարների հաշվին, ինչի հետևանքով առնվազն վերջին 5 տարիների ընթացքում ականատեսն ենք հազարավոր խաբված գնորդների կողմից ծավալվող պայքարին և հարցերին լուծում չտվող դատական պրոցեսներին:

3.  2007թ.-ին՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի նախաշեմին, շենքի շինարարությունը շարունակելու համար անհրաժեշտություն էր վարկային միջոցներ ներգրավել: Այդ հարցում գործընկերների միջև ծագած տարաձայնության արդյունքում, չխախտելով շենքի նախագիծը, իրենց կողմից կատարված ներդրումների փայաբաժնին համապատասխան հողամասն ու շենքի շինարարությունն առանձնացվել է և բաժանվել Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 1/2 և 1/3 հասցեների, որոնցից վերջինը մնաց Ն.Ազիզյանին:

4.     Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 1/2 հասցեի շինարարությունն անավարտ մնաց և մեր երկրի իշխանությունների միջամտությամբ միայն այդ շինարարությունը վերջերս ավարտին  հասցվեց և ապաստան-հանգրվան հանդիսացավ «շինարարական բումի» զոհ հանդիսացած հարյուրավոր խաբված գնորդների ընտանիքների համար:

5.     2007թ.-ին Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 1/3 հասցեի հողամասն ու դրա վրա իրականացված կառույցը  ներդրվել է Ն.Ազիզյանի կողմից հիմնադրված «ԼԱՆ» ՍՊԸ-ում, իսկ շինարարության հետագա ֆինանսավորման համար 2008թ.-ին «ԼԱՆ» ՍՊԸ-ի անվամբ վարկ է ստացվել և մեկուկես տարում  կառուցվել է շուրջ 11000քմ մակերսով տարածք:

6.     2008-2009թ.թ. անշարժ գույքի շուկայում գների կտրուկ անկում է տեղի ունենում, իսկ   շինանյութերի (ամրանի և այլն) գները պարբերաբար աճում են: Փաստացի ծախսերը կրկնապատկվեցին, իսկ գույքի վաճառքից ստացվելիք եկամուտների կանխատեսումները կրճատվեցին և 2007թ. կազմված «ԼԱՆ» ՍՊԸ-ի բիզնեսպլանը ձախողվում էր:

Իսկ Տվյալ պահին գործող սնանկության օրենսդրության համաձայն, 500.000 ՀՀ դրամ  պարտքի առկայության դեպքում, կապալառու կազմակերպությունները կարող էին «ԼԱՆ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջ ներկայացնել և դադարեցնել աշխատանքները: Նման հնարավոր գործընթացի դեպքում, որպես կանոն, մնացած պարտատերերն էլ խուճապի են մատնվում ու պահանջներ են ներկայացնում և այդպիսով Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 1/3 հասցեի 28.000.000 ԱՄՆ դոլարի ծրագիրը կտապալվել:

7.     Ստեղծված իրավիճակում, Ն.Ազիզյանը, խորհրդակցելով իրավաբանների և տնտեսագետների հետ, որոշում է ստեղծել երկրորդ ընկերություն, այն հաշվով, որ՝ «ԼԱՆ» ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքի մի մասն օտարվի նոր ընկերությանը և այդ գույքի գրավադրման դիմաց նոր ընկերության անվամբ վարկ ստանալ ու ավարտին հասցնել  շինարարությունը: Իսկ «ԼԱՆ» ՍՊԸ-ին պատկանող հասարարակական տարածքում, անձնական ներդրումների հաշվին, ստեղծել տոնավաճառ ու դրա գործունեությունից ստացվելիք ամսեկան կայուն եկամտի և «Միլլար» ՍՊԸ-ին փոխանցված և կառուցվելիք տարածքների վաճառքից ստացվելիք միջոցների հաշվին մարել երկու ընկերությունների վարկային պարտավորությունները:

Նապոլեոն Ազիզյանն այդ ծրագրի իրականացման համար 14.08.2009թ. ստեղծում է «Միլլար» ՍՊԸ-ն և 18.08.2009թ. պայմանագրերով (այսուհետ նաև՝ Պայմանագրեր) «ԼԱՆ» ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքից 6503,7քմ-ն «Միլլար» ՍՊԸ-ին օտարվում է 238.200.000 ՀՀ դրամով՝ պայմանով (Պայմանագրերի 1.4 կետ), որ` «կառույցի հետագա կառուցման հետևանքով ստեղծված ցանկացած անշարժ գույքը, կամ դրա մասը համարվելու է Վաճառողի («ԼԱՆ» ՍՊԸ-ի) սեփականությունը:

«Միլլար» ՍՊԸ-ի և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարկային պատմությունը 

8. «Միլլար» ՍՊԸ-ին պատկանող 6503,7քմ անշարժ գույքը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Միլլար» ՍՊԸ-ի կողմից գնահատվում է 1.480.000.000 ՀՀ դրամ և դրա գրավադրման դիմաց «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Միլլար» ՍՊԸ-ի միջև 28.08.2009թ. կնքվում է վարկային պայմանագիրը (այսուհետ նաև՝ Վարկային պայմանագիր) և անշարժ գույքի գրավի/հիփոթեքի/ պայմանագիրը (այսուհետ նաև՝ Գրավի պայմանագիր):

Այդ երկու պայամանագրերի և համաձայնագրերի հիման վրա էլ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից «Միլլար» ՍՊԸ-ին պարբերաբար վարկեր է տրվել, իրակացվել է շենքի շինարարությունը, ինչի արդյունքում 26.09.2010թ.-ին տրվել է «Շինարարության շահագործման փաստագրման» ակտը, համաձայն որի՝ 6503,7քմ անշարժ գույքի հետագա կառուցման արդյունքում ստեղծված գույքի ընդհանուր մակերեսը կազմել է 13175քմ:

Այդ ժամանակահատվածում  «Լան» ՍՊԸ-ն դատարանի վճռով սնանկ է ճանաչվել:

9.  Նապոլեոն Ազիզյանի, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա.

9.1. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից տրված բանկային երաշխիքի հիման վրա «Միլլար» ՍՊԸ-ի և «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ-ի միջև 23.12.2011թ. կնքված վարկային պայմանագրի հիման վրա «Միլլար» ՍՊԸ-ի անվամբ տրամադրվել է 3.350.000 ԱՄՆ դոլար վարկ, որով մարվել են «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հանդեպ «Միլլար» ՍՊԸ-ի ունեցած վարկային պարտավորությունները:

9.2. Իսկ «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ-ի հանդեպ ծագած 3.350.000 ԱՄՆ դոլարի վարկային պարտավորությունները «Միլլար» ՍՊԸ-ի կողմից մարելու նպատակով, վարկի տրամադրման մասին 28.12.2011թ. համաձայնագրի հիման վրա, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն «Միլլար» ՍՊԸ-ին 3.350.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրել: Ընդ որում այդ  համաձայնագրի 1.4. կետի համաձայն` համաձայնագրով պարտավորությունների կատարումը ապահովված է եղել գրավով` համաձայն կողմերի միջև 28.08.2009թ. կնքված Գրավի պայմանագրի և 30.11.2011թ. կնքված համաձայանագրի: Գրավի մասով հարկ է նշել, որ Գրավի պայմանագրով գրավադրված է եղել «Միլլար» ՍՊԸ-ին պատկանող 6503,7քմ անշարժ գույքը, իսկ 30.11.2011թ. կնքված համաձայանագիրը լուծվել է կողմերի միջև կնքված 11.04.2011թ. համաձայնագրով: Բացի այդ սույն դիմումի կետ 7.-ով արձանագրված Պայմանագրերի 1.4 կետերի պայմանի համաձայն՝ միայն 6503,7քմ անշարժ գույքն է հանդիսանում «Միլլար» ՍՊԸ-ի սեփականությունը:

10.  Ըստ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից տրված քաղվածքի, ի կատարումն վարկի տրամադրման մասին 28.12.2011թ. համաձայնագրով ծագած պարտավորության, «Միլլար» ՍՊԸ-ի անունից մինչև 29.12.2012թ. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վճարվել է 1.218.816 ԱՄՆ դոլար:

11. 2013թ. մայիսին «Լան» ՍՊԸ-ի սնանկության գործով պարտատեր վարկային կազմակերպության կողմից գործողություններ են իրականացվում պարտքի դիմաց «Լան» ՍՊԸ-ի բաժնեմասերն ու Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեում «Լան» ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքերը ձեռք բերելու ուղղությամբ:

Այդ նույն ժամանակահատվածում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, առանց «Միլլար» ՍՊԸ-ին այդ մասին օրենքով սահմանված կարգով ծանուցելու, դիմում է կադաստրին՝ Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի «Միլլար» ՍՊԸ-ին պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու համար և պարզում, որ «Միլլար» ՍՊԸ-ի գույքի վրա թիվ 01/02-07009/12 կատարողական վարույթով արգելանք է դրված:

Սկսվում են ԲԱՆԿ-ԴԱՀԿ-ԿԱԴԱՍՏՐ փակ շղթայի ապօրինությունները (տես՝ տեղեկանք 1-ը կից փաստաթղթերով), ինչի արդյունքում Ծիծեռնակաբերդի 1/3 հասցեի արգելանքները վերանում են և «Միլլար» ՍՊԸ-ի անվամբ գրանցված մոտ 5.000.000 ԱՄՆ դոլար արժեքով 4700քմ տարածքներն անվանափոխվում են «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն անվամբ և դառնում վերջինիս սեփականությունը, այդ ամենից հետո էլ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն արձանագրում է, որ 328.000 ԱՄՆ դոլարի չափով մայր գումարի պարտավորություն է մնացել: Եվ դա այն դեպքում, երբ բռնագրավված անշարժ գույքերի սեփականության վկայականները առ այսօր գտնվում են «Միլլար» ՍՊԸ-ում:

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից «Միլլար» ՍՊԸ-ի անշարժ գույքն ապօրինաբար բռնագանձելու մասին Նապոլեոն Ազիզյանը տեղեկացել է 2014թ. մարտ ամսին:

Դրանից հետո դիմել ենք «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահին՝ խնդրելով տրամադրել բռնագանձման հիմք հանդիսացող փաստաթղթերը և տեղեկատվություն՝ բռնագանձման ժամանակ «Միլլար» ՍՊԸ-ի պարտավորության և բռնագրավված գույքի արժեքի մասին: Ամիսներ շարունակ պատասխան չենք ստացել:

Ինքնուրույն ապացույցներ ենք ձեռք բերել կադաստրից, ԴԱՀԿ-ից, այնուհետև  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից իրականացված բռնագանձումն անվավեր ճանաչելու պահանջով հայց ենք ներկայացրել դատարան(թիվ ԵԿԴ 0954/02/14): Այդ գործով ապացույց պահանջելու մասին դատարանի 15.07.2014թ. որոշման պահանջը կադաստրի կողմից չի կատարվում և Ծիծեռնակաբերդի 1/3 հասցեի անշարժ գույքերի կադաստրային գործերը չեն տրամադրվում՝ այն դիտավորությամբ, որ՝ լրացուցիչ տեղեկություններ չստանանք տեղի ունեցած ապօրինությունների մասին: 

 «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն էլ իր հերթին առ այսօր ապօրինաբար հրաժարվում է տեղեկություն տրամադրել այն մասին, թե՝ «մինչև բռնագանձումն իրականացնելը, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հանդեպ «Միլլար» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունը որքա՞ն է կազմել, բռնագանձման ենթակա գրավի առարկայի գնահատման արդյունքներով, որքա՞ն է կազմել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր արժեքը և դրանցից յուրաքանչյուրի արժեքը: Որքա՞ն գումարի դիմաց է բռնագանձվել անշարժ գույքի յուրաքանչյուր միավորը »:

Սակայն, ըստ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված կցկտուր տեղեկությունների (տես՝ տեղեկանք 2-ը կից փաստաթղթերով), պարզվում է, որ՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն 28.06.2013թ.-12.07.2013թ. ժամանակաշրջանում ապօրինաբար բռնագանձում է տարածել առնվազն 5.000.000 ԱՄՆ դոլար շուկայական ողջամիտ արժեքով(առկա են գնահատումներ) 4700քմ բնակելի և հասարակական տարածքների վրա, ընդամենը 2.433.627 ԱՄն դոլարի չափով պարտավորություն է մարել և դեռ 328.000 ԱՄՆ դոլարի չափով մայր գումարի պարտավորություն է թողել «Միլլար» ՍՊԸ-ի վրա, ինչը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվարկով տույժերով հանդերձ այսօր կազմում է շուրջ 370.000$:

Հարգարժան պարոն Նահապետյան,  այս գործում մի շարք այլ ապօրինություններ էլ են տեղ գտել, սակայն կարծում եմ, որ ներկայացվածն արդեն փաստում է բանկի կողմից «Միլլար» ՍՊԸ-ին անհիմն պարտավորություններով ծանրաբեռնելու, իրեն վստահված (գրավադրված) գույքի նկատմամբ բանկի կողմից իրականացված ապօրինի գործողությունների արդյունքում «Միլլար» ՍՊԸ-ին պատկանած գույքի հափշտակման, փողերի լվացման մասին (բռնագրավված գույքերի մի մասն օտարվել են), ինչին քրեաիրավական գնահատական տալու հարցում իրավասու են իրավապահ մարմինները: 

Կից ներկայացվում են տեղեկանքները և դիմում նշված փաստաթղթերի լուսապատճենները»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter