HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հալիձորցիները գյուղի զարգացումը կապում են զբոսաշրջության հետ

Հալիձորցի Զորունց Ջիվանի տունը գյուղում առանձնանում է արտաքին հարդարումով` հարթ, սվաղած պատեր, մուտքի նորաոճ դուռ, եվրոպատուհաններ: Համայնքի ղեկավար Սամվել Ասրյանը ծիծաղելով զգուշացնում է. «Պիտի դռան զանգը տանք, որ գան բացեն, գյուղական տների նման չէ, որտեղ հիմնականում մինչեւ կեսգիշեր դռները չեն փակվում»: Քաղաքային կենցաղավարության մեխանիզմն առավել հասկանալի է դառնում, երբ պարզում եմ, որ տանտերերը սեփական երկհարկանի տունը վերածել են հյուրատան:

Զանգի ձայնն անպատասխան չի մնում, եւ տան շեմին հայտնված միջին տարիքի կինը մեզ ներս է հրավիրում: Ալվարդ Հակոբյանի նախկին մանկավարժ ամուսինը, պարզվում է, բավական ճկուն մտածելակերպ ունի եւ ճոպանուղու կառուցմանը զուգահեռ սկսել է վերանորոգել, կարգի բերել տունը: Տիկին Ալվարդը նախ ցույց է տալիս տան առաջին եւ երկրորդ հարկերում գտնվող` հյուրերի համար նախատեսված սենյակները, կոմունալ հարմարությունները, ծանոթացնում գներին եւ իրենց կողմից առաջարկվող ճաշացանկին:

«Առաջին հյուրերը ճոպանուղու վրա աշխատողներն էին: Իրանք էնտեղ էին գործ անում, մենք` տան վրա: Քիչ-քիչ կարգի ենք բերել, չնայած դեռ էլի աշխատանքներ կան: Էն, ինչ տեսնում եք, էս մի տարվա մեջ ենք արել, ընթացքում էլ տուրիստներ ենք ընդունել,- ասում է տանտիրուհին,- հիմա որ 10-15 հոգի միաժամանակ գան, կարող ենք ընդունել եւ ճանապարհել, խնդիր չկա»:

Հալիձորում հյուրատներ բացելու գաղափարը «Ազգային մրցունակության հիմնադրամինն» էր: Մեկ տարի առաջ հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել էին հալիձորցիներին, բացատրել, որ ճոպանուղու կառուցումով տարածաշրջանում խթանելու են տուրիզմը, եւ որ շատ ընտանիքներ կարող են ոչ մեծ ներդրումներ կատարելով` սեփական տները վերածել հյուրատների:

Հալիձորում տների մեծ մասը երկհարկանի է` ընդարձակ պատշգամբներով, հարմարավետ բակերով, ընդգրկուն բանջարանոց-այգիներով: Ամենամեծ թերությունը տան ներսի հատվածում բաղնիք-զուգարանի բացակայությունն է, մի բան, որ հյուրատան գաղափարով ոգեւորված տասնյակից ավելի ընտանիքներ արդեն շտկել են: «Իսկ դուք, երբ սկսում էիք ձեւափոխման աշխատանքները, վստա՞հ էիք, որ ձեր ձեռնարկը հաջողությամբ կպսակվի,- հարցրի տանտիրուհուն:- Ըստ ձեզ` ինչո՞վ պիտի տուրիստը շահագրգռված լինի, որ ճոպանուղի այցից հետո մեկնի ոչ թե Գորիս, այլ հանգրվանի Հալիձորում»:

Տիկին Ալվարդի աչքերը մի տեսակ կլորանում են, կինը ժպտում է. «Բա մեր բնությունը, մաքուր օդը, բա մեր բնական, անարատ ուտելիքը հերիք չէ՞, որ մարդիկ ուզենան հենց մեզ մոտ մնալ: Էս ամենը մենք ունենք, ուղղակի մնում էր, որ գիշերելու հարմարավետ պայմաններ ստեղծեինք, էդ էլ արել ենք ու դեռ անում ենք: Դեռ ուզում ենք տան դիմացի հատվածում մեկ սենյակ էլ կառուցենք իրա հարմարություններով, որովհետեւ զգում ենք շարժը, մարդիկ արդեն մեր տեղը գիտեն, ես ու ամուսինս էլ մտածում ենք հենց էդ ուղղությամբ զարգանալու մասին»:

Երկու շաբաթ առաջ Զորունցների հետ կապ է հաստատել երեւանյան տուրիստական գործակալություններից մեկը, որի ներկայացուցիչը տեղում ծանոթանալով պայմաններին` որոշել է այսուհետ համագործակցել նրանց հետ, իրենց տուրարշավներն այնպես կազմակերպել, որ ճանապարհից հոգնած զբոսաշրջիկները գիշերեն Հալիձորում, հաջորդ օրը այցելեն Տաթեւի վանք ու հարակից տարածքներ եւ վերադառնան մայրաքաղաք:

Մոտավորապես մեկ շաբաթ առաջ նշված կազմակերպությունը 14 հոգանոց մի խումբ էր ուղարկել Զորունցների հյուրատուն` գիշերակացի: «Մարդիկ եկան, քնեցին, առավոտը նախաճաշեցին, գնացին Տաթեւ, ման եկան, հետո եկան, ճաշեցին ու գնացին»,- պատմում է Ալվարդ Հակոբյանը:

Հալիձորի համայնքապետ Սամվել Ասրյանն ասում է, որ անցած տարի գյուղում 105 ընտանիքից մոտ 25-ը իր տան սանհանգույցը վերանորոգել է, տան ներսում բաղնիք-զուգարան սարքել:

«Զարմանալի բան է. 40 տարում չարածը 3 ամսում արել են,- նկատում է համայնքապետը,- բայց նաեւ հասկանալի է, որովհետեւ խթանող, շահագրգռող բան կա, մարդիկ գյուղում ինչ-որ զարգացում են արդեն տեսնում: Գյուղում մի երկու տուն կա փակ: Ծեր տանտերերը մահացել են, եւ հիմա նրանց`գյուղից դուրս ապրող զավակները մտածում են տները վերանորոգել հյուրատների վերածելու համար: Հալիձորցի մեկը, որ հիմա բնակվում է Կապանում, 2 տարի առաջ որոշել էր գյուղի տունը 4000 դոլարով վաճառել, ես չթողեցի, ասի`մի քիչ էլ համբերի: Անցյալ տարի եկավ, սանհանգույցը վերանորոգեց, եվրոպատուհաններ դրեց, որ հյուրատուն դարձնի: Ասում է, որ 40 հազար էլ տան, տունս չեմ վաճառի»:

Սամվել Ասրյանը վստահ է, որ 600 բնակիչ ունեցող գյուղի հետագա զարգացումը կապված է լինելու հենց զբոսաշրջության հետ: Այն հանգամանքը, որ գյուղը գտնվում է ճոպանուղուց ներքեւ, կարելի է ասել` մի տեսակ աչքից հեռու, ամենեւին էլ անտեսված լինելու նախապայման չէ:

Տաթեւ գնացող շատ տուրիստական ուղերթներ անցնում են հենց Հալիձորի մոտով: Դրանք ուղեւորատար տրանսպորտով իրենց զբոսաշրջային տուրն իրականացնողներն են, ովքեր չեն օգտվում ճոպանուղուց, այլ գերադասում են վանք հասնելուց առաջ լինել նաեւ Սատանի կամրջի տարածքում, իջնել ավելի ներքեւ գտնվող Մեծ անապատ եւ այլն: Զբոսաշրջիկների հենց այս հատվածն է, որ ցանկության դեպքում կարող է օգտվել գյուղի հարեւանությամբ, ճանապարհին մոտ ստեղծվելիք շուկայում վաճառվելիք գյուղական բարիքներից:

Համայնքապետն ասում է, որ մոտ 2 մլն դրամ սեփական եկամուտների եւ պետության կողմից հատկացվող 5,7 մլն դրամ դոտացիայի հաշվին շատ բան չես անի: Իսկ նույն այդ զբոսաշրջության զարգացման հետ կապված շուկաների ստեղծման ու գյուղի փողոցների բարեկարգման համար միջոցներ են հարկավոր, որ համայնքը չի կարող տրամադրել: Անհրաժեշտ այդ երկու խնդիրներից գյուղամիջյան ճանապարհների բարեկարգումը եւ գիշերային լուսավորության հարցը խոստացել է լուծել «Ազգային մրցունակության հիմնադրամը»:

Հիմնադրամի միջոցներով ամբողջովին փոխվելու են նաեւ գյուղի տների տանիքները, կլինեն միանման կղմինդրե ծածկեր, որոնք շատ գեղեցիկ կնայվեն ճոպանուղու բարձրությունից: Զբոսաշրջության զարգացումը տարածաշրջանում ստիպել է համայնքի ղեկավարին փոփոխություններ անել նաեւ քառամյա ռազմավարական ծրագրում: «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի եւ Հալիձոր համայնքի միջեւ օգոստոսին կնքված հուշագրով, գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակում տրամադրած փոքր դրամաշնորհով կստեղծվեն շուկաներ գյուղի ծայրամասում` ճանապարհին մոտ: Սա մի ծրագիր է, որ ներառված չէր գյուղի զարգացման ծրագրում:

Գյուղապետը մտածել է նաեւ համագյուղացիներին համակարգչային գիտելիքներով զինելու մասին: Հալիձորում շուտով կբացվի համակարգչային կենտրոն, կգործարկվի Հալիձորի կայքը, որտեղ ցանկացողը կարող է վաղօրոք ծանոթանալ հենց թեկուզ գյուղում գործող հյուրատների պայմաններին: «Բիզնես ծրագրեր կազմել պիտի սովորեն գյուղացիները, որ մենակ բանվորություն անելու առաջարկ չստանան»,- մտահոգվում է համայնքապետը:

«Ճոպանուղու հարեւանությամբ կառուցված սրճարան-սպասասրահի շահագործումն էլ է մեզ համար օգուտ: Տնօրենն արդեն խոսել է իմ հետ, ասել է, որ զգուշացնեմ գյուղացիներին, իրենք ուզում են բանջարեղենը, հավեղենը, ինչ հնարավոր է մատակարարել սննդի առումով, մեզնից վերցնեն: 2002-ին, երբ ընտրվեցի, մտածում էի, որ մեր գյուղի միակ փրկությունը էն կլինի, որ կառուցվի, ասենք, միրգ-բանջարաղենի վերամշակման փոքրիկ գործարան: Մեկ տարի առաջ խոսակցություն կար, որ գործարան պիտի կառուցվի Շինուհայրում, թեկուզ, համաձայն ենք, որովհետեւ մենակ էս տարի մեր գյուղացիները 10 տոննա հոն են տարել Շինուհայր, հանձնել են մի անհատի, ով գնել է: Եթե վերամշակող գործարանը կառուցվի մեր գյուղում կամ հարեւան գյուղում, դա ավելի ձեռնտու է: Արդեն այսօրվա դրությամբ պիտի գյուղացին մի քանի տարի առաջ մտածի, ամեն մեկը մի բանով զբաղվի, ասենք էն մեկը` այգեգործությամբ, էն մյուսը`անասնապահություն, էն մեկը հյուրատուն է բացում, մյուսը` հացատուն եւ այլն, որ վերջնական հաշվով ունենան արդյունք թե իրանք, թե գյուղն ամբողջովին վերցրած»,- կարծիք է հայտնում Սամվել Ասրյանը:

Հողն ափսե է. ինչ մեջը դնում ես, դա էլ ուտում ես

Էկոլոգիապես մաքուր իրենց բնամթերքով պարծեցող հալիձորցիները գյուղի հարեւանությամբ, ընդամենը մեկ կմ հեռավորության վրա շահագործվելիք ոսկու հանքի հետ կապված որեւէ ծրագիր չունեն, իսկ ահա մտավախություններ` որքան ուզես:

«Ես կարծում եմ, որ մեր գյուղում տուրիզմն ավելի լավ կզարգանա: Ես կոնկրետ դեմ եմ հանքարդյունաբերությանը: Հիմի մեր գյուղացիք իրանց միրգը արխային քաղում ծառից, առանց սրբելու ուտում են, եթե քո էդ ասած հանքարդյունաբերությունը լինի, ես չգիտեմ`ինչ է լինելու, էլ ում համոզենք, ո՞ր մի տուրիստը կհամոզվի, թե իրան մենք մաքուր սնունդ ենք տալիս»,- տարակուսում է Ալվարդ Հակոբյանը:

Հալիձորի համայնքապետը դեռ որեւէ հստակ բան չի կարողանում ասել այդ մասին: Ընդամենը 2 օր է` տվյալ տարածքում ծանր տեխնիկա է աշխատում` հարթակ են պատրաստում հորատող մեքենաների համար: Առայժմ հողային աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը լիցենզիա չի ներկայացրել, թեպետ խոստացել է փաստաթղթային բոլոր ձեւակերպումներն ապահովել առաջիկա մի քանի օրերի ընթացքում:

«Իմ տեսակետն էն ա, որ չլինի բաց հանք կամ գործարան սարքվի, որ չլինեն արտանետումներ: Էս տարածաշրջանը էկոլոգիապես մաքուր տարածաշրջան է, եւ մեզ մոտ անգամ մշակաբույսերի համար ոչ մի քիմիա չի օգտագործվում: Լրիվ անարատ բնություն է: Միակ մտավախությունն այն է, որ հետագայում, ասենք, սա էլ կվերածվի Արարատյան տարածաշրջանի պես մի բանի, որտեղ մի հեկտար պոմիդոր կա ցանած, մոտով անցնում ես հոտը չես զգում, իսկ մեզ մոտ տարածքներ կան, որ գնում ես, արդեն մի 100 մետրից զգում ես, որ էդտեղ պոմիդոր կա»:

Սամվել Ասրյանը ծնվել եւ մեծացել է Քաջարանում, Հալիձոր տեղափոխվել է 1987 թ.: Հիշում է, թե ինչպես էին իրենք ամեն անգամ տան իրերից բռնվում, երբ հարեւանությամբ գործող հանքում պայթեցումներ էին կատարվում:

«Ու էդ դեղին գույնի փոշին հետո սիրուն գալիս, նստում էր քաղաքի վրա: 1970-ականներին, որ հայրս էս տունը սարքում էր, մենք 4 եղբայր էինք, բայց ես միշտ ասում էի, որ ես պիտի ապրեմ Հալիձորում: Ասում էի` տանս առաջ որ մի փոս փորեմ, մի ծառ տնկեմ, ոչ մեկը չկարողանա գա, ասի` ինչ ես անում: Ես դեռ էն ժամանակ էի հասկացել, որ առողջ սերունդ ունենալու համար պետք է որքան հնարավոր է արագ հեռանամ Քաջարանից: Եթե այստեղ էլ նույնը կրկնվի, ես հաստատ առաջին հեռացողներից մեկը կլինեմ ընտանիքիս հետ: Այ, արտագաղթ կոչվածը Հալիձորից հենց այդ ժամանակ կսկսվի»,- ասում է Սամվել Ասրյանը:

Ասում են` Կապանի լոբին որդը չի ուտում, բայց պատճառը մշակման մեջ չէ: Պարզվում է` անգամ ճիճվազգիները չեն ուզում իրենց քիմքը փչացնել ծանր մետաղներով թունավորված սննդամթերքով: Հալիձորում այդ վտանգն արդեն զգացել են ու եթե քվեարկելու լինեն, ապա միանշանակ իրենց ձայնը տալու են զբոսաշրջության օգտին:

Եթե նպատակ է դրվում մաքուր գյուղատնտեսություն ունենալու, ապա հանքարդյուանբերության` նման տեմպերով զարգացումը պետք է պարզապես բացառել: Այս մասին բնապահպանները բազմիցս են ահազանգել: Միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ հաճույքով են այցելում Հայաստան` գրավիչ լանդշաֆտներ, պատմական հուշարձաններ, բայց որպես բացասական երեւույթ նշվում է միջավայրի աղտոտվածությունը, իսկ դա տուրիզմի զարգացմանը խոչընդոտող առաջնահերթ գործոններից է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter