Բենզինը էլ չե՞ն գողանում
Ինչպես հայտնի է, 2011 թ. ՀՀ ԿԱ ոստիկանության «Ճանապարհային Ոստիկանություն» ծառայության պետ Մարգար Օհանյանը դատապարտվեց ազատազրկման` մեղադրվելով «Առանձնապես խոշոր չափերով յուրացում» կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ գնդապետ Մարգար Օհանյանը կտրոնի տեսքով յուրացրել էր 574 հազար լիտր բենզին:
Այդքան բենզինով ճանապարհային ոստիկանության պարեկային Toyota Corolla-ն կարող է 20 անգամ պտտվել երկիր մոլորակի շուրջը կամ 10.000 անգամ Մեղրիից հասնել Բագրատաշեն:
Ու թեև Մարգար Օհանյանին ազատազրկեցին և ստիպեցին վերադարձնել պետությանը հասցված վնասը, որոշեցինք պարզել, թե որքանով է վերջ տրվել բենզին մսխելու «բարի» ավանդույթին:
Համաձայն գաղտնի որոշման` արձակվեց գաղտնի հրաման, ըստ որի` այդ տեղեկությունը գաղտնի է
Առաջին հերթին փորձեցինք պարզել, թե քանի պարեկային մեքենա կա ՃՈ ստորաբաժանումներում, օրական քանի կիլոմետր են դրանք երթևեկում, և քանի լիտր բենզին է դրանց հատկացվում: Սակայն պարզվեց, որ այդ տեղեկությունները գաղտնի են:
Այդ տեղեկությունների գաղտնի լինելը նշանակում է, որ հանրությունը որևէ կերպ չի կարող վերահսկել ՃՈ-ում բենզինի շրջանառությունը, որի քանակը միլիոնավոր դոլարներ է կազմում:
Ոստիկանությունից հղում են տալիս ոստիկանապետի «ՀՀ Ոստիկանությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» 2005 թվականի թիվ 2-ՆԳ հրամանին… Որը, զավեշտալիորեն, իր հերթին գաղտնի է:
Անգամ ավելին. ոստիկանապետի 2005 թվականի այդ հրամանը արձակվել է ՀՀ կառավարության 1997 թվականի թիվ 626-կգ որոշմանն ի կատարումն: Իսկ կառավարության այդ որոշումը կրկին գաղտնի է և հրապարակման ենթակա չէ:
Այսինքն` ճանապարհային ոստիկանության` բոլորիս աչքի առջև պարեկություն անող մեքենաների ծախսած բենզինի շուրջ գաղտնիությունն այն աստիճանի է, որ ստեղծվում է տպավորություն, թե խոսքը գնում է սահմանային գոտում տանկերի տեղակայման մասին:
Իսկ օրե՞նքը
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածն ասում է, որ «Պետական գաղտնիքը ՀՀ ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:
Ծառայողական գաղտնիքը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը»:
Այսինքն` եթե հանրությունը իմանա, թե քանի հատ պարեկային մեքենա ունի ՃՈ-ն կամ օրական քանի կիլոմետր են դրանք երթևեկում ու որքան վառելիք են ծախսում, դա կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Այստեղ տրամաբանության որոնումը թողնում ենք ընթերցողին:
Իսկ եթե
Հիմա եկեք մի պահ ենթադրենք, որ Մարգար Օհանյանը ոչ թե միայնակ էր բենզին յուրացնում, այլ «կիսվում էր վերևների հետ», իսկ իրականում նրան դատել են հենց չկիսվելու համար: Այդ դեպքում, ենթադրաբար, ՃՈ-ում այժմ շարունակում են բենզին յուրացնել և կիսվել ոստիկանության գեներալիտետի հետ: Եվ ինչպե՞ս կվարվի ոստիկանությունը, եթե այդ իրավիճակում ստանա հարցում, որով պահանջվի բացահայտել բենզինի ծախսը: Լավագույն տարբերակը հենց ասելն է «դա գաղտնի է, համաձայն մի որոշման, որը դուք չեք կարող տեսնել»: Միևնույն է, հանրությունը չի կարող իմանալ, թե ինչ է գրված այդ որոշման մեջ:
Անշուշտ, մենք չենք կարող պնդել, որ ոստիկանությանը շարունակում է հարյուր հազարավոր դոլարների բենզին յուրացնել: Սակայն եթե ոստիկանությունը չբացատրի այս տեղեկությունների գաղտնիության տրամաբանությունը (թե ինչով է դրանց հրապարակումը վնասելու ՀՀ անվտանգությանը), ապա հանրությունը կանի իր հետևությունները` չմոռանալով Մարգար Օհանյանի փորձը:
Մեկնաբանել