HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամուրջ՝ Ռումինիայի Գեորգեն և Ալավերդի քաղաքների միջեւ

Այսօր Ալավերդու քաղաքապետարանում  Ռումինիայի  Գեորգեն  քաղաքի քաղաքապետ Յանոշ  Մեզեյը և Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը ստորագրեցին  համագործակցության պայմանագիր` ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից  կազմակերպված  Ռումինիայի  տարբեր քաղաքներ ներկայացնող պատվիրակության այցի շրջանակներում: Այցի նպատակն է խորացնել համագործակցությունը  Ռումինիայի և Հայաստանի քաղաքների միջև:

«Քաղաքների ընտրությունը կատարվել  է  տարբեր չափանիշներով, այդ թվում հաշվի է առնվել բնակչության թիվը, աշխարհագրական դիրքը,  տնտեսական  զարգացման առկա վիճակը,  կարևորվել է նաև հայկական համայնքի առկայությունը, որտեղ հայերը իրենց մասնակցությունն են ապահովում  Ռումինիայի զարգացմանը»,- ասաց քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը: Պայմանագրով իրականացվելու են մշտական համագործակցություն մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում: Երկու քաղաքները մշակելու են  զբոսաշրջության  զարգացման ծրագրեր, բնակչութայն միջև  հաստատվելու են տարաբնույթ կապեր, ապահովվելու է նաև փոխշահավետ տնտեսական համագործակցություն: Հանդիսավոր արարողությանը  Ռումինայի պատվիրակության կազմում  ներկա էին Տուլչայի  նահանգային խորհրդի փոխնախագահ  Վասիլե Ստրատը, Գեռլա,  Թրգու-Օկնա քաղաքների քաղաքապետեր Մարիոս Սաբոն և Շտեֆան Սիլոկին , Բոտոշան քաղաքի փոխքաղաքապետ Կատալինա  Կամելիա Լուպաշկուն , «Բոտոշանի մետրոպոլիայի շրջան» միջհամայնքային զարգացման  միության նախագահ  Ֆլորին Էգները և Դանուբի  Դելտայի  բիոսֆերայի  արգելոցի կառավարիչ  Լուչիան Էդվարդ Սիմիոնը: Ներկա էին նաև Ալավերդի համայնքի ավագանիներ և քաղաքապետարանի աշխատակիցները: Յանոշ Մեզեյը և  Արտավազդ Վարոսյանը  մինչ համագործակցության պայմանագրի ստորագրելը, ներկայացրեցին բարեկամ քաղաքների  տնտեսական և մշակութային նկարագիրը: Յանոշ  Մեզեյը  ներկայացրեց Գեորգեն քաղաքի  հայկական համայնքը,  որտեղ ապրում են շուրջ 1000 հայեր:  Ըստ բանախոսի  Գեորգենի  հայկական համայնքը հիմնադրվել է 1640թ.-ին : Ունի իր եկեղեցին: «Գործնականում  Գեորգենի  հայերը չեն խոսում  հայերեն լեզվով,  բայց    նրանք կառուցել են իրենց հայկական տունը, այսինքն  մշակութային կենտրոնը , որտեղ պահպանում են հայկական ավանդույթները: Ես որպես քաղաքապետ աջակցում եմ նրանց  ցանկությունների  իրականացմանը»,-  ասաց Յանոշ Մեզեյը:   Պարոն Մեզեյի խոսքերով  հայ բնակիչները  իրեն  պատվիրել են կառուցել սիմվոլիկ կամուրջ Ռումինիայի և Հայաստանի, ինչպես նաև Գեորգեն  և Ալավերդի քաղաքների  միջև: Ռումինացի քաղաքապետը   հիացած էր  հայկական հյուրընկալությամբ, ասաց, որ  շփվել է հետաքրքիր շատ հայ մարդկանց հետ և գտել է ընդհանուր եզրեր  Հայաստանի և Ռումինիայի միջև:  Նա   նկատել է  հայ ժողովրդի  հատուկ վերաբերմունքը իր անցյալի, իր ավանդույթների պահպանման և այլ երկրներում ապրող հայրենակիցների նկատմամբ:

«Ձեզ դիմում եմ խնդրանքով, որպեսզի դուք մեզ հետ միասին  կարողանանք կառուցել բարեկամության սիմվոլիկ  կամուրջ: Դա կլինի շատ մեծ բավականություն և մեծ նվեր Ձեր հայրենակիցներին, ովքեր ապրում են մեր քաղաքում: Վստահ եղեք, որ դուք մշտապես մեզնից կստանաք   աջակցություն»,- ասաց  Յանոշ Մեզեյը:  

«Հետքի» հետ զրույցում վերջինս հիացմուքով խոսեց իր ղեկավարած համայնքում բնակվող հայերի աշխատասիրության մասին:

«Հայերը բնակվում է մեր  քաղաքի հին թաղամասերում, որոնք կառուցվել են  հայկական համայնքի ջանքերով:  Նրանք եղել են հրաշալի վաճառականեր և երկար տարիներ նպաստել են մեր քաղաքի զարգացմանը»,- ասաց Յ. Մեզեյը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter