
Հանգիստ թողեք թվերը. մի՛ տեղափոխեք խնդիրը մաթեմատիկայի դաշտ
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
Անազատության մեջ գտնվելուս 19-րդ տարին է: Այս ընթացքում չորս անգամ եմ դիմել բողոքի ծայրահեղ միջոցի՝ հացադուլի: Մահապատժի տարիներին հացադուլի կարիք առհասարակ չկար, քանի որ այսպես, թե այնպես ակամա հացադուլի մեջ էինք: Բառիս ուղիղ իմաստով սով էր. որդերով ճաշաջրից ո՞վ կկշտանար: Իսկ երբ հարազատներս կարողանում էին տարբեր ճանապարհներով ուտելիք մտցնել «Նուբարաշենի» կլոր գերեզմանոց, մենք կիսասոված քուն էինք մտնում:
Բոլոր չորս անգամներն էլ հացադուլի պատճառը եղել են ոչ թե պայմանները, մաքուր օդի բացակայությունը, այլ մահապատժի անարդար, սխալ դատավճիռը: Բոլոր խնդիրներն ածանցվում են դրանից: Իսկ 2012-ին, երբ իմ քրեական գործի վերաբացման հույսը մարեց (նոր երևան եկած հանգամանքներով), չոր հացադուլ հայտարարեցի՝ հրաժարվելով նաև ջրից:
Ես փորձել եմ ամեն ինչ՝ բողոքարկել տարբեր ատյաններ, նոր հանգամանքների փնտրտուք, գործի վերաբացման 19 տարվա պայքար: Փոխարենը ստացել եմ միմիայն մերժումներ:
Ինքս դեմ լինելով առողջության հաշվին հարցեր բարձրացնելու տարբերակին` տեսնում եմ, որ այլևս ռեսուրս չկա պայքարելու: Սահմանափակ տարածություն, սահմանափակ հնարավորություններ, հաստ պատեր, հարյուրավոր կողպեքներ: Այս կլոր գերեզմանոցից մեր ձայնը դժվար է հասնում Ողջերի աշխարհ: Այդուհանդերձ, կասկած չունեմ, որ պետական մարմիններում խնդիրը հստակ պատկերացնում են, ուղղակի «շառից-փորձանքից» հեռու տարբերակն են որդեգրել:
Մի քանի օր է՝ հացադուլ ենք հայտարարել: Մեր բողոքը քրեակատարողական համակարգի դեմ կամ հետ չէ: Մեր խնդիրը մեր քրեական գործերն են: Մեր թիրախը դատաիրավական համակարգն է, որի թեթև ձեռքով, օրինակ, ես կրում եմ դատապարտվածի խարան արդեն 19-րդ տարին: Վստահ եմ՝ այստեղ էլի կան մարդիկ, ովքեր դատապարտյալի կարգավիճակում են հայտնվել դատական սխալի պատճառով:
Սակայն վերջին օրերին նայելով լուրերը՝ զգացի, որ համակարգը շեշտը դնում է հացադուլավորների քանակի վրա՝ կարծես սեփական հաղթանակ համարելով այն, որ 5 հոգի հրաժարվել է հացադուլից: Իսկ միգուցե մարդիկ չեն դիմացել, միգուցե առողջություն չունեն:
Ցավալի է, որ 23 տարվա վաղեմություն ունեցող, տարիներով կուտակված խնդիրը վեր հանելու փոխարեն համակարգը ջանք ու եռանդ չի խնայում` մեր բողոքը տեղափոխելու մաթեմատիկայի դաշտ, գումարելով ու հանելով ինչ-որ թվեր: Սա թվաբանական խաղ չէ, ոչ էլ ռեբուս: Այստեղ ճակատագրերի հարց է: Ուստի, գտեք միջոցներ` շտկելու դատական ճակատագրական սխալները, վերանայեք քրեական գործերը: Միայն այն հանգամանքը, որ պետությունը ոչնչացրել է մեր գործերով իրեղեն ապացույցները, արդեն հիմք է 90-ականների՝ փնթի ձևով կարկատած, մեկ վկայի ցուցմունքի վրա քննված գործերը վերաբացելու համար:
Ի՞նչ կաներ Ձեզանից յուրաքանչյուրը, եթե հայտնվեր իմ վիճակում (Աստված ոչ անի): Մարդ, ով դատապարտված է ուրիշի կողմից կատարված հանցագործության համար հենց նրա իսկ 4 անգամ փոփոխված ցուցմունքներից մեկով: Մարդ, ում գործով կատարվել է մեկ փորձաքննություն, չեն կատարվել համալիր փորձաքննություններ: Անգամ մատնադրոշմային փորձաքննություն չի արվել 20-րդ դարում, երբ քաղաքակիրթ աշխարհն արդեն ԴՆԹ թեստն էր հայտնագործել ու ծաղկեցնում էր քրեական գենետիկան:
Իրեղեն ապացույցներն էլ պետությունը ոչնչացրել է ոչ միայն իմ, այլ՝ բոլոր գործերով: Բայց համակարգը չի ուզում վերաբացել այս գործերը, քանի որ գիտակցում է` նման պարագայում հաջորդներն էլ կարող են իրենց մութ գործերը քրքրել տասնյակ տարիներ անց: Այսպիսով, տղերքը իրար կաշի են փրկում: Իսկ ո՞վ պիտի զբաղվի արդարության վերականգնմամբ:
Արդարություն. բառ, որը վաղուց կորցրել է իր համն ու հոտը: Այն այսօր այլ կերպ է բուրում…
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել