HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած ԱԱԾ փոխգնդապետի դեմ գործ չհարուցվեց

Բոլորիս հիշողությունում դեռ թարմ է ԱԺ անվտանգության ծառայության պետի կողմից Ա1+ հեռուստաընկերության լրագրողի վրա հարձակման կադրերը: Ինչպես հայտնի է, հատուկ քննչկան ծառայությունը, գլխավոր դատախազի հանձնարարականով, ուսումնասիրում էր միջադեպը:

Կարծես՝ ամեն ինչ ակներև է: Տեսանյութում հստակ երևում էր լրագրողի վրա հարձակվելու, նրան հարվածելու և iPad-ը գետնին նետելու պահը:

Սակայն, օրերս ՀՔԾ-ն որոշում կայացրեց քրեական գործի հարուցումը մերժելու մասին` «հանցակազմի բացակայության պատճառով»: 

Մարդուն մեկ հատ խփելը հանցանք չէ 

Այսպիսով, Հատուկ քննչական ծառայությունը գտավ, որ եթե անվտանգության պետը լրագրողին մեկ անգամ է հարվածել, ապա դա չի կարող ծեծ համարվել: Սա արդեն նորություն չէ: Նույն ՀՔԾ-ն տարիներ առաջ նույն կերպ գործ չհարուցեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ, քանի որ վերջինս միայն մեկ հարված էր հասցրել գործարար Սիլվա Համբարձումյանին:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում մարդուն մեկ հարված (կամ ապտակ) հասցնելը (եթե առողջությանը վնաս չի տվել) հանցանք չէ և որևէ կերպ չի պատժվում:

Ինչևէ, հենց այդ մեկնաբանությամբ ՀՔԾ-ն գտավ, որ ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանի գործողություններում քրեական օրենսգրքի 118-րդ («ծեծը» ) հոդվածով սահմանված արարք չկա:

Սակայն էլ ավելի զավեշտալի է ՀՔԾ-ի հիմնավորումը քրեական օրենսգրքի 164-րդ («լրագրողի օրինական գործունեությանը խոչընդոտելը») հոդվածով գործ չհարուցելու համար: 

Ինչու՞ է «նստած»  Շանթ Հարությունյանը 

Հատուկ քննչականը պնդում է, որ լրագրողը հարված ստանալու պահին իր վրա չի կրել վկայական և վկայականը պայուսակից հանել է միայն միջադեպից հետո: Սակայն որևէ օրենք չի ասում, որ լրագրողը լրագրող չէ, եթե վկայական չի կրում իր վրա: Հակառակը, «Զանգվածային լրատվության մասին»  ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետն ասում է, որ «Լրագրող է համարվում լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ, նրա հետ կնքած աշխատանքային կամ այլ պայմանագրի հիման վրա տեղեկատվություն փնտրող, հավաքող, ստացող, պատրաստող, խմբագրող անձինք» :

Իսկ ահա վկայական լրագրողն իր վրա պարտավոր է կրել միայն օրենքով սահմանված որոշակի դեպքերում (օրինակ` որոշ պետական հիմանարկներում, ընտրական տեղամասերում և այլն): Այլ դեպքերում նա պարտավոր չէ կրել վկայականը և դա թողնված է իր հայեցողությանը… Ուստի, լրագրողի վրա վկայական չլինելը որևէ կերպ որևէ մեկին իրավունք չի տալիս նրան հարվածել, հրել ու ձեռքից գցել տեսանկարահանող սարքը:

Սակայն այստեղ էլ ավելի հետաքրքիր զուգահեռ կարելի է տանել: Ինչպես հիշում ենք, Շանթ Հարությունյանը մեղադրվում է 2013 թվականի նոյեմբերի 5-ին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Սակայն այդ ոստիկանը չի եղել համազգեստով, և Շանթ Հարությունյանը չգիտեր և պարտավոր չէր իմանալ, որ այդ մարդը ոստիկան է:

Ուստի, եթե առանց վկայականի լրագրողի նկատմամբ բռնությունը համարվում է սովորական քաղաքացու դեմ կատարված արարք, ապա առանց համազգեստի ոստիկանին ծեծելն էլ պետք է համարվի սովորական քաղաքացուն ծեծել… Չէ՞ որ Շանթ Հարությունյանը չգիտեր, որ այդ անձը ոստիկան է, նույն կերպ, ինչպես ԱԺ անվտանգության պետը չգիտեր, որ Մարինե Խաչատրյանը լրագրող է:

 «Բա ԿԳԲ-ի փոխգնդապետին չե՞նք պատժի մի լրագրողի խաթր» 

Ակնհայտ է, որ գործ ունենք երկակի ստանդարտների հետ, ուր ընդդիմադրին ասում են «Քո պրոբլեմն է, իմնայիր, որ ոստիկան է… Երկար տարիներ բանտում կանցկացնես», իսկ ԱԱԾ փոխգնդապետից տուժած լրագրողին ասում են՝ «Դե բա չգիտեր, որ լրագրող ես» :

Ամբողջ խնդիրն այն է, որ ուժային համակարգում աշխատողների մեծ մասը համարում է, որ ԱԱԾ-ի փոխգնդապետը իրոք իրավունք ունի լրագրող աղջկա վրա ձեռք բարձրացնել, քանի որ տարիների ծառայության ստաժ ունի:

Հակառակ պարագայում այդ անձն առնվազն կարգապահական պատասխանատվության կկանչվեր ու աշխատանքից կհեռացվեր:  Իսկ առայժմ, նա անգամ գրավոր նկատողություն չի ստացել:

Մեկնաբանություններ (1)

րաֆֆի սարաջյան
Դժբախտաբար քաղաքակիրթ ժողովուրդ եւ դեմոկրաթ երկիր ըլլալէ շատ հեռու ենք , Աստուած այս երկրին վէրջը բարի ընէ .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter