Ս. Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Մայր տաճարի գմբեթի խաչերի օրհնության և օծման արարողություններին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պետական այցով ժամանել է Մոսկվա:
Հանրապետության ղեկավարն այցելել է Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցական նորակառույց համալիր, մասնակցել համալիրի Մայր տաճարի գմբեթի խաչերի օրհնության և օծման արարողություններին: Համալիրի շինարարական աշխատանքներն ավարտվել են, այժմ կատարվում են Մայր տաճարի և մասնաշենքերի ներքին հարդարման աշխատանքները:
Մոսկվայի կենտրոնում կառուցվող հայկական եկեղեցական համալիրն զբաղեցնում է 1,32 հա տարածք: Հաստատված նոր նախագծով բուն շինարարական աշխատաքներն սկսվել են 2006 թվականից: Համալիրն ընդգրկում է Մայր տաճարը, Ս. Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, հանդիսությունների ու հյուրասիրությունների սրահները, թանգարանը:
Այն ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառույց է, որի մասնաշենքերը կառուցվել են բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` վարդագույն տուֆով` բերված Անի քաղաքից: Համալիրի զարդը տուֆակերտ Մայր Տաճարն է` գոտևորված խաչերով, զարդաքանդակներով, մեսրոպատառ գրերով:
Պետական այցի առաջին օրը նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Էսթետ» ոսկերչական տուն: Շրջայցի ընթացքում «Էսթետ» ոսկերչական տան հիմնադիր և ղեկավար Գագիկ Գևորգյանը, ով նաև Հայ ոսկերիչների միության նախագահն է, Հանրապետության ղեկավարին ներկայացրել է դեռևս 1991թ. հիմնադրված և անցած երկու տասնամյակների ընթացքում մեծ հաջողությունների հասած ոսկերչական տան աշխատանքներն ու հետագա ծրագրերը:
Նախագահի այցը ՌԴ շարունակվում է նախատեսված ծրագրին համապատասխան:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Մոսկվայում հանդիպում է ունեցել նաև Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիրի կառուցմանն օժանդակած բարերարների հետ:
Նշելով, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը կառուցված է ամուր պատմական հիմքի վրա և աշխույժ զարգացում է ապրում` համապատասխանելով մեր երկու երկրների շահերին, Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ այն ուղղված է դեպի ապագան և փոխադարձաբար օգտակար է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների համար: «Հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունների լայնածավալ համակարգի մեջ ամենակարևոր դերակատարների շարքում հնարավոր չէ անտեսել ռուսահայ համայնքի կատարած և շարունակաբար կատարվող ներդրումը: Պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր առաջատար առևտրային գործընկերն է, իսկ Ռուսաստանի գործարարները` մեր տնտեսության մեջ հիմնական ներդնողները: Այդ տպավորիչ ցուցանիշների և հաջողությունների հիմնական շարժիչ ուժերից մեկն են ռուսահայերը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր ձեր համայնքը մեր հայրենիքից` Հայաստանից դուրս ապրող ամենաստվար հայկական ընդհանրությունն է: Մոսկվայի նորակերտ հայկական տաճարը` Սուրբ Խաչը, իր օրհնությունն է բերում ոչ միայն ռուսահայությանը, այլև աշխարհի ամենամեծ հայ համայնքի հարազատ տուն դարձած երկրի մայրաքաղաքին»,- հանդիպման մասնակիցներին ուղղված խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահն իր և Հայաստանի ժողովրդի անունից խորին շնորհակալություն է հայտնել ռուսահայ համայնքին` նշելով, որ իր մարդկային ներուժով, հավաքական գոյությամբ և անսպառ աշխուժությամբ, համայնքը կարևոր և անփոխարինելի է Հայաստանի համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել