HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հիվանդները դժգոհում են հայկական արտադրության դեղից. ընկերության սեփականատերերից մեկը Գագիկ Հարությունյանի որդին է

Պետպատվերով տրվող հայկական և հնդկական արտադրության դեղորայքների վերաբերյալ «Հետքի» հրապարակումից հետո խմբագրություն զանգահարեցին տասնյակ մարդիկ, ովքեր ևս դժգոհեցին իրենց տրվող դեղերի արդյունավետությունից։

Անահիտ Պետրոսյանը  (անունը փոխված է)  «Հետք» չէր զանգահարել։ Նա եկել էր առողջապահության նախարարություն՝ պարզաբանում պահանջելու հերթական դիմումներից մեկին ստացած պատասխանին։ Բայց այդ պատախանը միակը չէր․ձեռքում ամուր պահած  սև պայուսակի մեջ մինչ օրս պետական տարբեր ատյաններին ուղարկված դիմումներն են եւ դրանց պատասխանները։ Առաջին կարգի հաշմանդամ և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող որդուն արդեն մի քանի ամիս է՝ հայկական արտադրության «Օլանզապին» են տալիս։

Այս դեղը, ինչպես նաև մեր նախորդ հրապարակման մեջ հիշատակած «Կարբամազեպին»-ը արտադրում է  հայկական «Արփիմեդ» ընկերությունը։ Մինչև 2014թ. մայիս-հունիս ամիսները տիկին Անահիտը ստանում էր ամերիկյան «Էլայ Լիլի եւ Քոմպանի» ընկերության «Զիպրեքսա» հոգեմետ դեղը: «Դրա առնչությամբ խնդիր չկար,- ասում է նա,- շատ լավ, շատ սովորական էր իրեն զգում, մարդկանց հետ նորմալ շփվում էր»։  Հայկական «Օլանզապին»-ն ընդունելուց  հետո տղայի վիճակը կտրուկ վատացել է: «Մոտը թունավորումներ, փսխումներ սկսվեցին, ավելի գրգռվեց, սկսեց ցնցվել, նույնսիկ ուզում էր իրան վնասել»,- ասում է Անահիտ Պետրոսյանը։ Այդ պատճառով էլ  Անահիտը ստիպված դեղատնից է գնում ամերիկյան «Զիպրեքսա»-ն՝ մեկ հաբի համար վճարելով 3000-3300 դրամ։  Իր և որդու ստացած հաշմանդամության թոշակը միասին կազմում է ամսական 50 000 դրամ, որի մեծ մասը ծախսվում է դեղեր գնելու վրա․ «Ի՞նչ անեմ․․․բա իմ տղաս ա, իմ որդիս ա, իմ միակ երեխեն ա դա․․․»։   

Առողջապահության նախարարության շահագրգռվածությունից անցել է արդեն 2 ամիս

«Հոգեկան առողջության վերականգման հայկական ասոցիացիայի» տնօրեն  Կարինե  Թուխիկյանը շատ լավ է ճանաչում Անահիտ Պետրոսյանին․ նրա և տասնյակ այլ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց և իրենց ծնողների հետ մոտ 2 ամիս առաջ դիմել է առողջապահության նախարարություն։ Մասնակցել են Ավանի հոգեբուժական կլինիկայում իրականացվող «հարցախույզին», որի ընթացքում  հոգեկան առողջության խնդիր ունեցող  64 մարդկանցից գրեթե բոլորն ասել են, որ միայն «Զիպրեքսա»-ն է իրենց օգնում։  «Մեր շահառուները  մոտ 10 տարի օգտագործում են այդ դեղը,- ասում է Կարինե Թուխիկյանը,- նրանց մեջ կան մադրիկ, ովքեր ամուսնացել են, ընտանիք են կազմել, աշխատանք ունեն,  սովորում են, դիպլոմներ են պաշտպանում, իսկ հիմա նրանց վիճակն օր օրի վատանում է․ նորից ընկնում են հիվանդանոցներ»։

«Հոգեկան առողջության վերականգման հայկական ասոցիացիա»-ում կա մոտ 400 հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդ։ Նրանցից շատերը ստեղծագործում են՝ նկարում, երգի բառեր գրում, զանազան իրեր պատրաստում, տարբեր դասընթացների մասնակցում, բայց դա միայն այն ժամանակ, երբ իրենց լավ են զգում։ Իրենց շահերը պաշտպանում են լուռ․դիմումներ են ուղարկում պետական տարբեր կառույցներին, հանդիպում նրանց ներկայացուցչների հետ միայն փակ դռների հետևում. ամաչում են, որ իրենց կարող են  տեսնել և ճանաչել։

«Իրենք ապրել են ուզում, ամուսնանալ են ուզում, հասարակության լիարժեք անդամ դառնալ են ուզում, իսկ նախարարության «քոփի-փեստ» արած պատասխաններն օգուտ չեն տալիս»,- ասում է Կ․Թուխիկյանը։ 

Ո՞վ է «Արփիմեդ» ընկերության սեփականատերը և ինչի՞ց կարող է 30-50%-ով նվազել դեղի «էֆֆեկտիվությունը» 

«2013թ. դեկտեմբեր էր,- պատմում է Կ․Թուխիկյանը,- մենք մեր խորհրդի անդմաներով  հանդիպեցինք «Արփիեդ»-ի տնօրեն Վաչագան Ղազարյանի հետ։ Տնօրենն ասաց՝ «այո՛, ես մրցույթին մասնակցելու եմ, շահելու եմ ու շահույթ էլ ունենալու եմ»։ Կ․ Թուխիկյանի խոսքերով՝ դեկտեմբերի 23-ին՝ դեղերի գնման մրցույթի ավարտից մի քանի ժամ հետո, տնօրենը զանգահարել է իրեն և ասել. «Իսկ դուք գիտե՞ք՝ մենք շահեցինք»։ Վաչագան Ղազարյանը ժխտում է այս դեպքի եղելությունը։ Նրա խոսքերով՝ Կ․Թուխիկյանն ինքն է իրեն զանգել՝ մրցույթի մասին տեղեկություններ ստանալու համար։ Վ․Ղազարյանը նաև ավելացնում է, որ մինչ այժմ «Օլանզապին» դեղի վերաբերյալ դժգոհություններ չի ստացել․ «Մեր դեղը համարժեք է ամերիկյան «Զիպրեքսա» դեղին և ոչ մի բանով չի զիջում»։

Հիվանդների դժգոհությունները,ըստ նրա, բավարար հիմք չեն, քանի որ նրանք ներշնչվում են  դեղի հասցեին հնչող վատ կարծիքներից, իսկ դա «30-50%-ով նվազեցնում է դեղի էֆեկտիվությունը»։  «Հոգեկան հիվանդից ի՞նչ եք ուզում,- ասում է Վ․Ղազարյանը,- նա հիվանդ է, նրան որ ասես՝ սա վատ է, իհարկե, չի օգնի։ Բժիշկը պետք է գնահատի, հիվանդը չի կարող գնահատել»։ Հիվանդի առողջական վիճակի վատթարացումը, ըստ նրա, դեռևս դեղի բավարար գնահատական չէ, քանի որ «բոլոր դեղերը կարող են ցանկացած հիվանդի մոտ ցանկացած բացասկական էֆեկտ առաջացնել»։

«Հիվանդը, եթե առաջին անգամ օգտագործում է, ասենք, «Օլանզապինը»՝ հայկական արտադրության, խնդիր չկա, բայց եթե հիվանդն օգտագործած է լինում ամերիկականն ու անցնում է հայկականին, բնական է։ Հայաստանն ո՞վ եղավ, որ Ամերիկայի նման ստանդարտներ ունենա»,- ասում է դեղարտադրող ընկերության տնօրեն Վ․Ղազարյանը։

Վերջինս «Արփիմեդ» ՍՊԸ-ի միակ սեփականատերը չէ։ Նա ընկերության գլխավոր տնօրենն է և բաժնետոմսերի 97%-ն իրեն են պատկանում։ Մնացած 3%-ը Արտակ Գագիկի Հարությունյանինն է, Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետինը, ով Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդին է:

Գագիկ Հարությունյանը և Վաչագան Ղազարյանը համագյուղացիներ են․ երկուսն էլ՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից։

Վաչագան Ղազարյանից փորձեցինք ճշտել, թե բարեկամական ինչ կապ կա իր և Արտակ Հարությունյանի միջև: «Ես այդ հարցին չեմ պատասխանի»,- արձագանքեց նա:

Գնումների պետական կոմիտեի կողմից անցկացվող դեղերի գնման մրցույթի ժամանակ «Արփիմեդ»-ը մի քանի անգամ հաղթող է ճանաչվել։ Մրցույթին հաղթելու պայմաններից մեկը՝ ցածր գին առաջարկելն է։ «Արփիմեդ»-ը «Օլանզապին»-ի համար իսկապես առաջարկում է ցածր գին՝ 30 հաբ՝ 5200 դրամ արժողությամբ։

«Օլանզապին»-ի դեղորայքի հումքը,Կարինե Թուխիկյանի պատմելով, ներկրվում է Հնդկաստանից, շատ ցածր գնով։ Վ. Ղազարյանն այս փաստը ևս հերքում է․ «Օլանզապին» դեղի հումքը  ներկրում ենք գերմանական «AXXO» ընկերությունից։ Հումքը տարբեր տեղերում ստուգվում է, մենք ունենք նաև GMP սերտիֆիկատ»։ Մենք հարցում ուղարկեցինք «AXXO» ընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեին. ընկերության արտադրանքի մենեջեր Թիմո Ալեքսը պատասխանեց, որ իրենք համագործակցում են «Արփիմեդ»-ի հետ և մատակարարում «Օլանզապին» դեղի հումքը: 

«Մինչև շուկայահանման թույլտվություն տալը՝ դեղի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը հաստատող փաստաթղթերը ենթարկվում են փորձաքննության»,- ասվում է Անահիտ Պետրոսյանի դիմումներից մեկին ԱՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արամ Պետրոսյանի տված պատասխանի մեջ։ «Օլանզապին» դեղորայքի փորձաքնությունն իրականացվել է Հնդկաստանի "ICBio Clinical Research” լաբորատորիայում և, ըստ հնդիկ մասնագետների, լիովին համապատասխանում է պահանջված նորմերին։ Նշենք, որ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» տվյալներով՝ Հնդկաստանում արտարված դեղերի 20 % կեղծիք են և Եվրոպական և ամերիկյան շուկաներն արդեն հրաժարվել են հնդականան արտադրության մի շարք դեղորայքներից։

«Գնումների մասին» օրենքում նշվում է, որ օրենքի նպատակը «գնումների և գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացումն» է։ Մինչ այժմ օրենքը գործում  է միայն առաջին կետով։ 

ՀԳ․ Ի տարբերություն «Արփիմեդ» ընկերության մի շարք դեղորայքների՝ «Օլանզապինն» իրացվում է բացառապես հայաստանյան շուկայում և այլ երկրներ դեռևս չի արտահանվել։ «Առաջինը քո երկրում պետք է փորձես»,- պարզաբանում  է Վ․Ղազարյանը:

Մեկնաբանություններ (7)

Dose Pharmacy
Great information. This works great for me. Thanks for sharing this. to get buy medicine online from <a href="https://www.dosepharmacy.com">Online medicine store</a> in USA.
Ջուլիետա
Ես հավատում եմ միայն աչքիս տեսածին.եղբորս առողջության վրա շատ բացասական ազդեց հայկական օլանզապինը.անհարմար է նման հիվանդին զրկել իր առողջությունն կանոնավոր հավասարակշռված պահող հիվանդին զրկելուց.հատկապես այն հիվանդի ,որը իր կյանքն չի խնայել սահմանում ձեր նման մարդկանց խաղաղ կյանքն ապահովելու համար.Այ այստեխ են ասում 《սա վերջն է մարդկային անխխճության》:Խիխճ ունեցեք ու մի զրկեք խաղաղ կյանքից նման հիվանդներին:Աստված չանի նման հիվանդ ունեենաք.բայց որ ունենայիք միգուցե հասկանայիք իմ բարկության աստիճանն:
Նելլի
՛՛Արփիմեդ՛՛ դեղագործական ընկերության դեղորայքը ՝ ներառյալ Օլանզապինը, ամբողջովին համապատասխանում են որակի միջազգային չափանիշներին և ոչնչով չեն զիջում արտասահմանյանին: Պետք չէ հերյուրանքներ տարածել այս ընկերության հասցեին, առավելս ևս անել անպատասխանատու հայտարարություններ: Իմ շրջապատում էլ կան և օլանզապին, և կարբամազեպին օգտագործողներ և ցայսօր որևէ դժգոհություն չեմ լսել: Եվ հետո, ի վերջո ինչ կարևոր է, թե ով է սեփականատերը? Դա ինչպես կարող է ազդել դեղի որակի վրա? Հ.Գ. Հարգելի հոդվածագիր, պատվեր կատարելուց առաջ խորհուրդ կտամ նախ ճշտել ինֆորմացիայի իսկությունը և նոր հրապարակել:
Նելլի
Փաստորեն Դուք ինքներդ Ձեզ հակասում եք՝ հրապարակելով լատինատառ գրված մեկնաբանություններ......
Լուսիկ
Առթեն մոտ 3 տարի կլինի չենք կարողանում վերացնել այդ հայկական հոլազապինի բացասական ազդեցությունը, ամուսնուս առողջությունը չի վերականգնվում:
Նելլի
Հարգելի Կ. Թուխիկյան, նախ Նելլի և ոչ թե Նելի........... Ես լուսաբանում եմ իրականությունը, ինչը, իհարկե կներեք, չեմ կարող ասել նաև Ձեր մասին: Ձեր փաստարկներից մեկը արդեն հերքվեց՝ այն, որ Օլանզապինի հումքը ներկրվել է Գերմանիայից, այլ ոչ թե Հնդկաստանից.... Օլանզապինի հետ կապված ողջ փաթեթը ուղարկվել է ՞Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն՞, որի արդյունքում ստացվել է արտադրության թույլտվություն: Այդքանը Ձեզ բավարար չէ?
Անժելա
«Հոգեկան առողջության վերականգման հայկական ասոցիացիայի» տնօրեն Կարինե Թուխիկյան ,իսկ դուք ունեք տվյալներ Ամերիկյան «Էլայ Լիլի եւ Քոմպանի» ընկերության «Զիպրեքսա» հոգեմետ դեղի ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ. ԴԵՂԱԳԻՏԱԿԱՆ- ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, թե ով է ներկրում Հայաստան և որ երկիրն է մատակարարում հումքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter