Երկարեց Թռչկանի կյանքը, կամ քշեցին չարքերին (լուսանկարներ)
Հոկտեմբերի 22-ին կազմակերպված ակցիայի արդյունքում առնվազն մեկ օրով երկարեց Թռչկանի կյանքը: Սա փոքրիկ ձեռքբերում էր, որ արձանագրեց «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը:
«Գնում ենք Թռչկանի ջրվեժը փրկելու» արշավի նպատակը Թռչկանի տարածքում ընթացող շինաշխատանքները դադարեցնելն էր: Շինարարության արդյունքում գոյացել էր մի հսկա փոս, որից հանված հողը լցվել էր Չիչխան գետի հունը: Ակտիվիստները ջրվեժի կողքով փորված փոսին վերադարձրին իր քարաբեկորները:
Աշխատանքներին հետևում էր նաև բնապահպանության նախարարը, այսինքն՝ նրա մակետը: Թռչկանի փեշի վերջին ու ամենահաճելի աշխատանքը ծառատունկն էր:
Արդյունավետ էին նաև նախատեսված այցելությունները Շիրակամուտ ու Մեծ Պարնի գյուղեր, որոնց տարածքով հոսում է Չիչխան գետը: Ակտիվիստները ազգագրական չարախափան պարերով «քշեցին» գյուղի վերևի չարքերին, գյուղտեխնիկան, շիրակամուտցիներն էլ արագ ստորագրահավաք կազմակերպեցին՝ խնդրելով իրենց դիմումը հասցնել Երևան: Ըստ էության, չհանդիպեց մեկը, ով կողմ էր շինարարությանը: Սակայն գյուղացիներն իրենց մենակ ու անպաշտպան էին զգում: «Մենք կգնանք, գիշերները կմնանք, չենք թողի՝ շինարարություն անեն, մենակ իմանանք, որ նախարարությունից-բանից մեր հետ են»:
Այլ էր պատկերը Մեծ Պարնիում: Գյուղապետի տեղակալը, մի կերպ զսպելով հուզմունքը, ասաց, որ ժամանակին էր պետք պայքարել, երբ իրենք 80 ստորագրություն էին հավաքել, որ դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը: «Հիմա էլ եմ դեմ, բայց եղածն եղած է»: Բնապահպանները փորձեցին խրախուսել պարնեցիներին, հավաստիացնել, որ պայքարելու են մինչև վերջ:
Ակցիայի մասնակիցների մեծ մասը վստահ է, որ Թռչկանի ջրվեժը ջրի առատությամբ ու բարձրությամբ առաջինն է Հայաստանում:
2008թ. այն ընդգրկվել է ՀՀ բնության հուշարձանների ցանկում, սակայն քանի որ ջրվեժը դեռևս անձնագիր չունի, դեռևս հստակ չեն նրա պարամետրերը:
Բնության հուշարձանների ցուցակում ներգրավելուց հետո անպայման պետք է իրականացվի անձնագրավորում: Սա ենթադրում է բնության հուշարձանի տարածքի զննում, չափագրում և էկոհամակարգի ուսումնասիրություն: Արդյունքում որոշվում են այն օպտիմալ սահմանները, որոնց շրջանակում այդ հուշարձանը լավագույնս կպահպանվի: «Կառավարությունը ժամանակացույց էր ստեղծել, որի համաձայն՝ պետք է Շիրակի մարզում անձնագրավորում անեին 2010 թվականին, սակայն ֆինանսավորման պատճառով չեն արել»,- ասում է ակցիայի մասնակից, Գյումրու «Օրհուս» բնապահպանական կենտրոնի ղեկավար Գևորգ Պետրոսյանը:
Հարցին, թե գործարկվելով՝ ՀԷԿ-ը ի՞նչ հետևանքներ կթողներ Թռչկանի ջրվեժի և Չիչխան գետի էկոհամակարգի վրա՝ նա պատասխանեց. «Գետի երկու կողմում ու ջրվեժի չորս կողմում կա որոշակի կենսաբազմազանություն: Խոնավասեր բույսերն ու ջրասեր կենդանիները գոյատևում են թափվող ջրից ժայռերին նստող ջրի կաթիլների շնորհիվ: Երբ ջրի քանակը քչանում է, այդ համամասնությունը խախտվում է: «Էկոհամակարգ» ասելով՝ մենք հաճախ հասկանում ենք ողնաշարավորներ ու ձկներ: Սակայն կան խխունջի բազմազան տեսակներ, միջատներ, որոնք դեռ ուսումնասիրման, գնահատման կարիք ունեն: Ի՞նչ կլինի նրանց հետ ջուրը ցամաքելուց հետո»:
Գևորգը մտահոգ է, որ տուժելու է գետի ամբողջ երկայնքի էկոհամակարգը, քանի որ ջրառը կատարվելու է ջրվեժի վերևից ու այլևս չի վերադարձվելու գետ, այլ լցվելու է Շիրակամուտի ջրանցք:
Հիշեցնենք, որ ՀԷԿ-ի շինարարությունն օրինական է. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել է «Ռոբշին» ՍՊԸ-ի հայտը և 2010թ. ապրիլի 7-ի թիվ 179Ա որոշմամբ տրամադրել հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա՝ 25 ամիս ժամկետով: Այն ուժի մեջ մտնելու պահից «Ռոբշինն» իրավունք ունի և պարտավոր է սկսել շինարարական աշխատանքները:
Սակայն «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խմբի համոզմամբ՝ «Թռչկան» ՓՀԵԿ-ի կառուցմանն առնչվող մասնագիտական եզրակացություններում ու որոշումներում առկա են մի շարք խախտումներ: Թե ջրօգտագործման թույտվության մեջ, թե բնապահպանական, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություններում և թե ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննության եզրակացության մեջ Թռչկանի ջրվեժի մասին որևէ նշում չկա:
Ավելին, Մեծ Պարնի /ՏԻՄ-ն է ապահովում կառավարության ծրագրի իրականացումը/ համայնքի 10 անդամի և ՀՀ ԲՆ-ի միջև 2010թ. հունիսի 9-ին տեղի ունեցած քննարկման արձանագրության մեջ ասվում է. «Մեծ Պարնի համայնքի ղեկավար պարոն Հ. Յաղուբյանը, գյուղապետարանի ներկայացուցիչները կարևորեցին ՓՀԷԿ-ի կառուցման դերը տեղի բնակչության համար. այն է՝ նոր աշխատատեղերի ստեղծում և գյուղական բնակչության արտահոսքի կանխում: ... Նշվեց նաև, որ ՓՀԷԿ-ի գաղափարին կողմ են, քանի որ մերձակայքում պատմական արժեք ներկայացնող շինություններ ու այլ կառույցներ չկան. ՓՀԷԿ-ի կառուցումը բնապահպանական խնդիրներ չի առաջացնում»:
Հավելենք, որ «Ռոբշինի» սեփականատեր Ռոբերտ Օխանյանի ֆինանսավորմամբ կառուցվում է Մեծ Պարնի գյուղի եկեղեցին:
«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամները զարմացած են, թե ինչպես է ՏԻՄ-ը մոռացել իր տարածքին պատկանող ջրվեժի գոյությունը, միևնույն ժամանակ ՀԷԿ-ում աշխատատեղերն առավելագույնը երկուսն են լինելու:
Ջրվեժի պահպանման ակտիվիստներից աշխարհագրագետ Լևոն Գալստյանն առաջարկում է հաշվի առնել «հայտնաբերված» նոր էկոլոգիական հանգամանքը՝ Թռչկանի ջրվեժը՝ որպես բնության հուշարձան, և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, ըստ որի՝ լիազորված մարմինը կարող է վերանայել կամ չեղյալ համարել փորձաքննական եզրակացությունը, եթե փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ, չեղյալ համարել սխալ եզրակացությունը և անցկացնել նոր փորձաքննություն:
«Նոր փորձաքննության արդյունքում բոլորը կհասկանան, որ ջրվեժի հիմնական պարամետրը ջուրն է,- ասում է Լևոնը:- Եվ կապ չունի՝ ջրվեժից մեկ, թե երկու կմ վերևից ես վերցնում ջուրը. եթե ջրվեժի ջուրը անվերադարձ վերցվում է, բնության հուշարձանը կորցնում է իր բնական տեսքը: Ես, շատ զբոսաշրջիկներ, ուզում ենք գալ ու ջրվեժը տեսնել մայիս ամսին: Մենք ուզում ենք տեսնել, թե ինչպես է ջուրը 2,5տ վայրկյանում հոսում այս ջրվեժից, ոչ թե իրենց ասած 400-500 լիտրը»:
Ըստ բնապահպան ակտիվիստների՝ խախտված է նաև հանրային իրազեկման մասին օրենքը: Օրհուսի կոնվենցիայի և ՀՀ օրենքի Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգի համաձայն՝ պետք է կազմակերպվեին հանրային քննարկումներ շահագրգիռ ՀԿ-ների ու մասնագետների հետ, այլ ոչ թե մի գյուղի գյուղապետարանի 4 անդամի ու 7 գյուղացու շրջանակում. խոսքը բնության հուշարձանի տարածքի մասին է:
Բնապահպանները հստակ չեն պատկերացնում, թե ինչ շինաշխատանքներ են կատարվելու, քանի որ նախագծերը տրամադրելու վերաբերյալ նրանց գրավոր պահանջը առ այսօր չի բավարարվել:
«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է իր ակտիվ գործունեությունը: Նախատեսվում են շուրջօրյա պիկետներ «Թռչկան» ՓՀԷԿ-ի տարածքում, որպեսզի իսպառ կասեցվեն շինաշխատանքները, մինչև Կառավարությունը չեղյալ համարի փորձաքննության եզրակացությունը:
Ամեն դեպքում, «Բնության հատուկ պահպանվող տարածքների» մասին ՀՀ օրենքը հռչակում է. «Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը» /հոդ. 19, կետ 1/:


Ժաննա Սարգսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել