HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չենք լռելուն» ցանկացած ժամի ցանկացած զորամաս այցելելու հնարավորություն կունենա. արդեն գործում է թեժ գիծ

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության խորհրդի անդամները նախօրեին չնախատեսված հանդիպում են ունեցել պաշտպանության փոխնախարար Վ. Գասպարյանի հետ: Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ:

Նախաձեռնության անդամները բարձրացրել են նախազորակոչային շրջանի և բանակում տիրող վիճակի հետ կապված իրենց մտահոգությունները, մասնավորապես համակարգում առկա ահռելի չափերի հասնեղ կոռուպցիայի, թալանի, բազմաթիվ հրամանատարների կողմից զինվորի կյանքի, նրա ճակատագրի հանդեպ սրտացավ, հոգատար վերաբերմունքի բացակայության, բոլոր օղակներում հանդիպող աղաղակող խտրականության, հանցավոր սովորույթների դեմ պայքարի պակասի և բժշկական հանձնաժողովների աշխատանքի հետ կապված խնդիրները:

Համատեղ որոշում է ընդունվել սկսել բանակի արատավոր երևույթների դեմ պայքարի աննախադեպ միջոցառումների շարք` հասարակական լայն շերտերի օգնությամբ: Այդ պրոցեսը նախաձեռնությունը որոշել է անվանել Բանակի առողջացման երիտասարդական շարժում: «Չենք լռելու»-ի կազմում արդեն ստեղծվել է բանակում առկա խնդիրների ի հայտ բերման խումբ, որը ցանկացած ժամի ցանկացած զորամաս այցելելու հնարավորություն կունենա:

Խմբի գլխավոր սկզբունքը լինելու է ստացված ահազանգերի հիման վրա զորամասերում առկա համակարգային խնդիրները վեր հանելը և ՊՆ-ին դրանց լուծման պահանջ ներկայացնելը: «Չենք լռելու»-ն վերահսկողություն է սահմանելու իր բարձրացրած հարցերի լուծման վրա և իրազեկելու է հասարակությանը դրա ընթացքի վերաբերյալ:

Այսօրվանից նախաձեռնությունում գործելու է թեժ գիծ` զինված ուժերում ապօրինությունների և արատավոր երևույթների մասին ահազանգներ ստանալու համար: Ցանկացած ահազանգի հետքերով «Չենք լռելու»-ի` Բանակում առկա խնդիրների ի հայտ բերման խումբը անհապաղ կայցելի ցանկացած զորամաս, զինկոմիսարիատ կամ բուժհիմնարկ և ՊՆ-ին հայտնելով առկա խնդրի մասին՝ կվերահսկի դրա լուծման ընթացքը:

Խումբը, կետայիններից բացի, ի հայտ կբերի նաև առկա համակարգային խնդիրները: Համաձայն Վ. Գասպարյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ սպասվող զորակոչի ընթացքում խումբը պարբերաբար կայցելի նաև կենտրոնական հավաքակայան և կվերահսկի զինվորների` ըստ զորամասերի բաշխման պրոցեսը (ի դեպ, հիշեցնենք, որ այդ պրոցեսի վերահսկումն օրեր առաջ անհնար էր համարել մեկ այլ փոխնախարար` Դ. Տոնոյանը):

«Չենք լռելու»-ն հայտնել է Վ. Գասպարյանին, որ հավաքման փուլում են գտնվում փաստեր` կապված բանակի մի շարք բարձրաստիճան զինվորականների խայտառակ վարքուբարքի, ինչպես նաև կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու հետ, որոնք շուտով հրապարակելու է: Վ. Գասպարյանը հավաստիացրեց, որ ոչ մի բացահայտում անարձագանք չի մնա:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում է հասարակության լայն շերտերին` հանուն մեր տղերքի հանգիստ ծառայելու, (055) 211-529 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով հայտնել զինված ուժերի համակարգում իրենց հայտնի կոնկրետ ապօրինությունների դեպքերի մասին: Այս գործում «Չենք լռելու»-ն հատկապես կարևորում է նոր զորացրվածների մասնակցությունը: Ցանկություն հայտնելու դեպքում կպահպանվի նախաձեռնությանը դիմած անձի գաղտնիությունը:

«Չենք լռելու»-ն դիմում է իր մարզային ներկայացուցիչներին և համակիրներին` հորդորելով թեժ գծի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն հասցնել զինվորներին, նրանց հարազատներին և նոր զորացրվածներին:

«Չենք լռելու»-ի խորհրդի անդամների և պաշտպանության փոխնախարար Վ. Գասպարյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նախաձեռնությունն առաջարկել է տարին մի քանի անգամ Հայաստանի բոլոր զորամասերում ծառայող զինվորների ուժերով իրականացնել անտերության մատնված մեր սրբավայրերի շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքներ:

Վ. Գասպարյանը դրական է արձագանքել այդ մտքին` խոստանալով կազմակերպել այդ պրոցեսը ամենաբարձր մակարդակով: Նա հայտնել է, որ պաշտպանության նախարարին կառաջարկի համապատասխան հրաման արձակել:

Նշենք, որ «Չենք լռելու»-ն և մի շարք այլ երիտասարդական նախաձեռնություններ պարբերաբար անաղմուկ կազմակերպում են խոնարհված եկեղեցիների և վանքերի շրջակայքի բարեկարգման աշխատանքներ, սակայն հաշվի առնելով սրբավայրերի քանակը՝ երիտասարդների ուժերը կաթիլ են ծովում:

Նախաձեռնությունն էլեկտրոնային տարբերակով այսօր պաշտպանության նախարարությանն է ներկայացրել ՀՀ կառավարության 2007թ. մարտի 15-ի որոշմամբ սահմանված Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակը:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Շատ հետաքրքիր ժամանակներում ենք սկսել ապրել. Ով՞ կպատկերացներ, որ մեր իշխանությունը այն աստիճանի դեմոկրատական քայլեր կձեռնարկի, որ թե մարտի-1ի և թե բանակի խնդիրները շուտով կլուծվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter