
Սևանի հացի գործարանի մոտ հերթ է գոյացել. գրեթե բոլոր խանութները փակ են
Արփինե Մինասյան
Այսօր առավոտյան Սևանում «Շրջանառության հարկով» աշխատող բոլոր խանութները, արտադրամասերը փակ էին: Մարդիկ վաղ առավոտից հաց գնելու համար հերթ էին կանգնել Սևանի հացի գործարանի մոտ:
«Արդեն մեկ ժամ կանգնել եմ, որ 2 հատ հաց գնեմ: Սա ի՞նչ վիճակ է, ժողովրդին ճնշում են: Կարծես հին տարիներիը վերադարձել են»,- ասաց սպասող կանանցից մեկը:
«Խանութները փակ են, հացի գործարանի մոտ էլ հերթ է: Խորհրդարանն ի վնաս ժողովրդի օրենքներ է ընդունում: Երկրի վիճակը գնալով վատանում է»,-դժգոհեց հացի հերթի կանգնած մի տղամարդ:
Երեկ` հոկտեմբերի 1-ին, Սևանի գործարարները, վաճառականները, հավաքվելով շուկայի հարակից տարածքում իրենց դժգոհությունը հայտնեցին «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններից: Նրանք միահամուռ կերպով որոշեցին հոկտեմբերի 2-ին փակել բոլոր կրպակներն ու խանութները:
Այսօր, դարձյալ նույն վայրում հավաքված, նրանք սպասում էին Սևանի տարածաշրջանի կողմից ընտրված, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանին:
«Մինչև ժամը 2-ը կսպասենք, բայց հույս չունենք, որ կգա: Վաղվանից բոլոր խանութները կբացվեն մինչև ամսի 5-ը: Ամսի 5-ին նորից կփակենք եւ համապատասխան քայլեր կձեռնարկենք»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Հարցին, թե ինչու են վաղվանից խանութները բացելու, հավաքվածները պատասխանեցին, որ չեն կարող մարդկանց առանց ապրանքների թողնել, բացի այդ փչացող մթերքներ կան:
Մեկնաբանել