
«Մեր փողոցը մայթեր չունի, աղբատարի է նման, լուսավորված չէ». բնակիչները դիմել են «Հետքին»
Երեւանի Կենտրոն թաղամասի Լեռ Կամսար փողոցում (նախկին՝ Բաղրամյան փողոցի 1-ին նրբանցք) բնակվող բնակիչները դիմել են «Հետքին»` ներկայացնելով իրենց խնդիրը.
«-Փողոցը մայթեր չունի,
-աղբատարի է նման
-լուսավորված չէ
-միայն նման է ավտոկայանատեղի
-փակված է դեպի կենտրոն ճանապարհը
-վտանգավոր է փողոցը ոտքով անցնելու համար
-չկա քաղաքային տրանսպորտ
Հատկապես մեր փողոցի ներքոհիշյալ հատվածը վերածվել է աղբային մի փողոցի, ուր աջ ու ձախ կողմերում աղբերի մոտ, հատկապես երեկոյան վխտում են շներն ու կռիսները. փողոցի նշված հատվածը ձգվում է՝ Ամերիկյան համալսարանից դեպի Նախագահական նստավայրի երկրորդ մուտքը, ուր Անտառային փողոցը միանում է Լեռ Կամսարին, ապա տանում դեպի նախկին՝ Ֆերրիտ գործարան, որի մոտ բազմաբնակարան մի քանի շենքեր են (Լեռ կամսար 30-1, 30-2, 30-3 եւ այլն):
Խնդրում ենք Ձեր միջնորդությունը պատկան անձանց ու մարմիններին՝ աջակցել Լեռ Կամսար փողոցում բնակվող հազարավոր բնակիչներիս, այդ թվում` դպրոցականներին, թոշակառուներին, ու մեր փողոցի սարսափելի վիճակը բարելավել մի փոքր, քանի որ փողոցը մայթեր չունի, եղած մայթերն էլ սեփական տների մի քանի բնակիչների կողմից մեր աչքի առաջ ամեն օր բռնագրավվում են ու 1-2 մետրով առաջանում են դեպի փողոց, նոր դռներ, ցանկապատներ կամ ավտոնակներ են ավելանում:
Մեր փողոցի այդ հատվածը տասնյակ տարիներ չի ասֆալտապատվել, անցած տարի ասֆալտապատվել է միայն մինչեւ Ամերիկյան համալսարան: Տարիներ շարունակ չեն իրականացվել շին-մաքրման աշխատանքներ, էլ չենք խոսում, որ երկու աղբարկղ այդ ծանրաբեռնված փողոցում՝ շատ քիչ է:
Ըստ փաստաթղթերի՝ տարիներ շարունակ մենք ապրում ենք Կենտրոն թաղամասում, բայց չունենք մոտակա դպրոց, մանկապարտեզ, խանութ, քաղաքային տրանսպորտ, գիշերային լուսավորություն, գոնե միակողմանի մայթ ու ճանապարհ՝ դեպի կենտրոն, ուստի քանի որ այդ տարածքում չկա քաղաքային տրանսպորտ, ոտքով այդ առանց մայթերի հատվածը վտանգավոր է աշխատանքի, դպրոց ու մանկապարտեզ հասնելու համար:
Լեռ Կամսարից մեքենայով դեպի Կենտրոն, Օպերա գնալու համար՝ հարկավոր է մի քանի կիլոմետր գնալ հասնել Բարեկամության հրապարակ շրջադարձ անել ու ետ գալ, մի խոսքով ավելի արագ է ոտքով աստիճաններով իջնել Բաղրամյան, ուր հասնելը մեր առանց մայթի փողոցով՝ շատ վտանգավոր է:
Միթե հնարավոր չէ երթեւեկության փոփոխություն ու ձախ շրջադարձ դեպի կենտրոն, քանի որ օրերս դարպասով փակել են Լեռ Կամսար փողոցը՝ Անտառային փողոցին միացնող հատվածը՝ որտեղով շրջանցելով Լեռ Կամսարի այդ ահավոր հատվածը հասնում էինք Բաղրամյան փողոց, սակայն այդ հատվածը օրերս փակվել է դարպաով ու նագագահի նստավայրի երկրոդ մուտքն է: Միթե այդ մուտքով Նախագահական եկող բազմաթիվ պաշտոնյաների չի անհանգստացնում Լեռ Կամսար փողոցի անմիխիթար վիճակը՝ ամեն րոպե լի վթարային վտանգներով:
Խնդրում ենք Ձեր միջնորդությունը՝ լուծելու մեր բազմաթիվ խնդիրների գոնե մի մասը, որ մենք էլ մեզ մայրաքաղաքում զգանք, որ մեզ էլ այցելեն մարդահամարի ժամանակ, ու մենք էլ ցանկանանք ու կարողանանք մասնակցել ընտրություններին, քանի որ չենք ուզում արտագաղթել:
Բոլոր բնակիչների կողմից՝
Հովհաննիսյաններ, Սարգսյաններ, Պետրոսյաններ, Ավետիսյաններ, Հակոբյաններ»:
Լուսանկարները տրամադրել են բնակիչները
Խմբագրությունն առաջիկայում կանդրադառնա այս թեմային
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել