HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Թաղեմ օրենքը գրողին». գյումրեցի ձեռներեցի մաղթանքը

Գյումրու Շահումյան փողոցում գործող մանրածախ առևտրի կրպակներն այսօր էլ չբացվեցին:

Փոքր և միջին բիզնեսով զբաղվող մոտ 100 ձեռներեց, ովքեր «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքի ցույցով փողոց էին դուրս եկել սեպտեմբերի 30-ից, որոշեցին այս անգամ գնալ և անձամբ հանդիպել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին և ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին՝ նրանցից իրենց հուզող հարցերի պատասխանները լսելու նպատակով:

Մարզպետարանի մուտքի մոտ ցուցարարների հետ նախ հանդիպեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչիկ Պողոսյանը: Վերջինս հորդորեց ներկաներին սեփական նախաձեռնությամբ ձևավորել 10-15 հոգուց բաղկացած մի պատվիրակություն՝ մարզպետի հետ հանդիպման համար: Առաջարկը միանշանակ չընդունվեց ներկաների կողմից: «Չէ, թող ինքը դուրս գա, կարողա մեզնից լավ տղա է, համ էլ ինչ մարզպետ է նշանակվել, մոտիկից տեսած չկանք, թող դուրս գա, համ էլ կտեսնինք,- պահանջեցին ցուցարարները և սկսեցին վանկարկել,- մարզ-պետ, մարզ-պետ»: Հավաքվածներից մի քանիսը փորձեցին շղթա կազմելով փակել փողոցը՝ խոչընդոտելով երթևեկությանը:

Միջադեպը հարթվեց մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հայտնվելով: Նա նույնպես առաջարկեց ներկաներին ընտրել մարդկանց, որոնց ինքը սիրով կլսի առավել հանգիստ պայմաններում: Ի վերջո, ցուցարարները համաձայնվեցին, ու բողոքի ալիքը փողոցից տեղափոխվեց մարզպետի առավել հարմար կաբինետ:

«Օրենքի հետ կապված, որևէ մեկը չի կարող օրենքը չկատարել,- արդեն մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ բացատրեց Ֆելիքս Ցոլակյանը,- դա պետական պահանջ է, պետական կարգ է, պիտի կատարենք: Դուք ունեք դժգոհություն օրենքի նկատմամբ, հասկանալի է, սակայն նաև պիտի հասկանաք, որ մարզպետարանը օրենքը փոխելու ֆունկցիա չունի: Մեր դերն այստեղ ձեզ լսելն է և փոխանցելը կառավարությանը, որ կա ահա այսպիսի դժգոհություն: Եվ միայն օրենսդիր մարմինը պիտի որոշի դժգոհությունը տեղին է, թե անտեղի»:

Ներկաներից Սայաթ Հակոբյանը նշեց, որ նոր ընդունած օրենքը սարսափեցրել է նաև իր նմանին, ով ունի տնտեսագետի մասնագիտություն և լավ, թե վատ գլուխ է հանում հաշվապահությունից: Կոշիկի բիզնեսով զբաղվող Սայաթը «Շրջանառության հարկի մասին» օրենքը որակեց «դիկտատուրական»:

«Մենք ուզում ենք, որ օրենքը չեղյալ հայտարարվի, ոչ թե կասեցվի: Մեզ ասում են, թե իջեցրել են սանդղակը 1 տոկոս, բայց էնքան ստուգումներ ու փաստաթղթեր են պահանջում, որ բոլոր անհատ ձեռներցների համար դա աբսուրդ է: Եվ հետո, մեզ ասում են, որ դուք հարթակ եք, որ բռնենք խոշոր բիզնեսին: Ի՞նչ է, իրենք խոշոր բիզնեսի տեղը չգիտե՞ն: Մենք մանր բիզնես ենք, ընտանիք ենք պահում, ամենքս մի փոքր տեղ վերցրել աշխատում ենք: Հիմա մեր պահանջն էն է, որ օրենքը լրիվ դադարեցնեն,- հայտարարեց անհատ ձեռներեցը,- շատ դաժան օրենք է, ես որպես տնտեսագետ ուսումնասիրել եմ էդ օրենքը: Ես կոշիկի բիզնեսով եմ զբաղվում, էդ օրենքով շարժվելու դեպքում ցանկացած կոշիկ պիտի արտիկուլով, գույներով, գնապիտակով գրանցեմ իմ կրկնամատյանում, հետո նորից ելք ու մուտք անեմ: Դա մի մեծ հաշվապահական գործ է, որ նույնիսկ ես՝ լինելով տնտեսագետ, կդժվարանամ անել: Պետությունն այս օրենքով ոչ թե բիզնեսն է զարգացնում, այլ մեռցնում է»:

Որևէ կոնկրետ աջակցություն չստանալով մարզային իշխանություններից` բողոքի մասնակիցները դուրս գալով մարզպետարանից` շարժվեցին ՀՀԿ Գյումրու տարածքային կառույցի գրասենյակ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ հանդիպելու նպատակով: Ցուցարարների հետ պատգամավորը հանդիպեց դրսում: Հավաքվածներից մի քանիսն անմիջապես հարց ուղղեցին նրան՝ հանդիմանելով, թե ինչու են կոճակ սեղմել ու առանց երկար-բարակ մտածելու ընդունել օրենքը:

«Օրենքը նախ ընդունել ենք ձեզ համար, հետո նոր մեր»,- ի պատասխան նկատեց Սուքիաս Ավետիսյանը: «Թաղեմ օրենքը գրողին»,- չուշացավ արձագանքը հավաքված կանանց կողմից:

Ներկաներից մեկը պատգամավորին տեղեկացրեց, որ հարկայինի պետը հրահանգել է մինչև հոկտեմբերի 10-ը փոքր ու միջին բիզնեսով զբաղվող ձեռներեցներին հայտարարագրել իրենց գույքն ու ներկայացնել հարկային տեսչություն: «Ինչի՞ պիտի իմ առևտրային գաղտինքը դառնա հարկայինի սեփականությունը»,- վրդովված նկատեց ներկաներից մեկը:

 ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ իր հերթին նկատեց, թե նոր օրենքը նման պահանջ չի դնում ու անհասկանելի է, թե ինչու է հարկային տեսչության պետը նման պահանջ ներկայացրել: Ցուցարարների մի մասը պահանջում էր Սուքիաս Ավետիսյանից վայր դնել մանդատը, քանի որ ՀՀԿ-ական պատգամավորների գործունեությունից իրենք ավելի շատ տուժում են, քան թե շահում: «Եթե մեզ մեղադրում եք օրենքի նախագծին կողմ քվեարկելու կամ արտահերթ նիստին չմասնակցելու համար, ապա ինչու նույն մեղադրանքը չեք ներկայացնում քառյակին, որ հունիսի 20-ին նույնպես կողմ էր քվեարկել»,- հարց ուղղեց ներկաներին պատգամավորը:

Վերջինս ամեն կերպ փորձում էր համոզել, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքը բխում է հենց մանր և միջին բիզնեսի շահերից, իսկ ներկաներն էլ պահանջում էին, որպեսզի կառավարությունն իրեն պահի իր 1 տոկոսն ու իրենց վերադարձնի նախկին 3,5 տոկոսով աշխատելու հնարավորությունը:

Մեկնաբանություններ (1)

Լիլո
«Օրենքը նախ ընդունել ենք ձեզ համար, հետո նոր մեր»,- ի պատասխան նկատեց Սուքիաս Ավետիսյանը: «Թաղեմ օրենքը գրողին»,- չուշացավ արձագանքը հավաքված կանանց կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter