
Ուժի իրավունքը բանտում, պետության ներսում և ամենուր
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
«Նուբարաշենի» հսկիչներից մեկն ինձ խցից ուղեկցում էր համակարգչային սենյակ, ուր, որպես ուսանող, օրական 3 ժամ աշխատելու իրավունք ունեմ: Մինչև կհասնեինք տեղ, հարց տվեց.
- Էսօր ի՞նչ ես սովորելու:
- Ժամ ու կեսը քրեական իրավունք կպարապեմ, հետո կանցնեմ քաղաքացիական ու սահմանադրական իրավունքներին,- պատասխանեցի ես:
Բանտի աշխատակիցը մի պահ լռեց, հետո վստահ ասաց.
-Կարևորն ուժի իրավունքն է:
- Ի՞նչ նկատի ունես,- միացնելով համակարգիչս` հարցրեցի նրան:
- Տե՛ս, Մհե՛ր, մեկուսարանում կա մոտ 1200 կալանավոր ու դատապարտյալ, իսկ աշխատակիցների թիվը մոտավորապես հարյուր է, բայց ամեն ինչ գտնվում է մեր հսկողության տակ: Գիտե՞ս պատճառը. որովհետև ուժը մեր ձեռքում է: Մենք զինված ենք և ձեզ պահում ենք փակի տակ: Պետությունների դեպքում էլ նույնն է`ով ունի ավելի հզոր բանակ, նա էլ թելադրում է իր կամքը:
- Ընդհանուր առմամբ ճիշտ ես ասում, - համաձայնվեցի ես,- բայց չե՞ս կարծում, որ այսօր տնտեսական հզորությունն է՛լ ավելի մեծ նշանակություն ունի:
- Ո՛չ, հարստությունն ուժ չի կարող լինել. իրական ուժը նրա մոտ է, ով զենք ունի, քանի որ ցանկացած պահի կարող է խլել ուրիշի կուտակած հարստությունը:
Մտքերի մեջ ընկա, ավարտեցի պարապմունքս, ինձ բերեցին խուց: Չեմ կարող ասել` ինչու, բայց այդ օրը որոշեցի նորից կարդալ Հայաստանի Սահմանադրությունը: Մեր Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն ակնհայտ է, որ բոլոր ժամանակներում էլ իշխանությունը պատկանել է ուժեղին: Բնականաբար, հարց է առաջանում`ուժե՞ղ է մեր ժողովուրդը…
Եթե ասում ենք հանրապետություն է, այսինքն` հանրության պետություն, եթե ասում ենք՝ ժողովրդավարություն է, այսինքն`ժողովրդի իշխանություն, ապա մեր` ժողովրդի կողմից ընտրված ղեկավարները լիազորված են ղեկավարել մեր անունից: Նրանք պետք է կանոնակարգեն, համակարգեն այս կամ այն ոլորտի աշխատանքները, պետք է ծառայեն ժողովրդին և իրենց կատարած աշխատանքի դիմաց վարձատրվեն մեր կողմից: Սակայն իրական կյանքում ունենք ճիշտ հակառակ պատկերը. մի խումբ մարդիկ դառնում են երկրի ղեկավարներ և ամբողջ իշխանությունը վերցնելով իրենց ձեռքը`շահագործում են ժողովրդին: Սա դեռ բավական չէ, հետն էլ չնչին վարձատրություն են սահմանում հենց իրենց գործատուի` ժողովրդի համար:
Ամեն ինչ ստացվում է ոտքից գլուխ շրջված` ողջ ժողովուրդը ծառայում է մի խումբ մարդկանց: Ուսումնասիրելով պետության ու իրավունքի առաջացման պատմությունը՝ եկել եմ այն եզրակացության, որ մարդկության պատմության բոլոր ժամանակներում էլ իրավունքը պատկանել է ուժեղին: Անհատն անհատի, մի պետությունը մեկ այլ պետության նկատմամբ ուժի միջոցով է իր կամքը թելադրել ու թելադրում: Իսկ այլ իրավունքները` հիմնված օրենքների, մարդու իրավունքների, միջազգային պայմանագրերի, մարդասիրության սկզբունքի վրա, ոչ մի էական նշանակություն չեն ունեցել:
Ժամանակակից աշխարհում, ըստ էության, ոչինչ չի փոխվել. տնտեսական հզորությունը դարձել է ևս մեկ կարևոր գործոն, որի միջոցով մեկը մյուսին թելադրում է իր կամքը: Հետաքրքիր է` մեր դպրոցներում բարձր դասարանների աշակերտներին ծանոթացնո՞ւմ են ՀՀ Սահմանադրությանը` երկրի մայր օրենքին:
P.S. Մինչ այդ, հանձնեցի քննություններս Սահմանադրական իրավունքից, պետության և իրավունքի պատմությունից: Օրեր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 5-րդ հարկաբաժնում ինձ այցելել էին Սլավոնական համալսարանի դասախոսները՝ քաղաքագիտության և իրավունքի ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանի գլխավորությամբ:
Հիմա մի քանի օր ինձ արձակուրդ եմ տվել, ավելի շատ եմ զբաղվում մարմնամարզությամբ: Ջրի պլաստիկե շշերից ծանրոցներ եմ պատրաստել ու պարապում եմ, որ ֆիզիկական ուժս չկորցնեմ: Ասեմ, որ հարազատներս ինձ ուղարկում են Ձեր բոլոր գրառումները, կարդում եմ, հուզվում, ուժ ստանում ու ոգևորվում ազատության մասին Ձեր մաղթանքներից: Շնորհակալություն, որ անտարբեր չեք… Անհամբեր համբերում եմ, պայքարում հանուն ցմահ Ազատության:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել