HY RU EN

Երանուհի Սողոյան

Գյումրու տիկնիկային թատրոնը գոյություն ունի նվիրյալների շնորհիվ

Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի ծնունդն ազդարարող փաստաթուղթը տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Լեւոն Բաղդասարյանի փոքրիկ ու անշուք կաբինետի գլխավոր զարդն է: Ծննդյան վկայականում նշված տարեթիվն ու Հայաստանում առաջնեկը լինելու հանգամանքը մի տեսակ պարտավորեցնող է: 1935թ. մայիսի 26-ին հիմնադրված թատրոնը հաջորդ տարի տոնելու է ստեղծման 80-ամյակը:

«Հոբելյանական տարի է լինելու 2015-ը թատրոնի համար: Ցանկություն կա մեծ շուքով նշելու, բայց տիկնիկային թատրոնի շենքն այդ հնարավորությունը չի տալիս շքեղ հանդիսություն կազմակերպելու, բազմաթիվ հյուրեր ընդունելու, մեծ միջոցառում կազմակերպելու,- ասում է թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Լեւոն Բաղդասարյանը,- եւ ընդհանրապես, վաղուց արդեն դրված է տիկնիկայինն այլ շինություն տեղափոխելու հարցը»:

Տիկնիկային թատրոնի փոքրիկ դահլիճում Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» պիեսի բեմադրության փորձերն են ընթանում: Արվեստանոցից դահլիճ հասած տիկնիկային հերոսները պարզապես փայլում են ներկի թարմությունից: Լեւոն Բաղդասարյանը շտապում է հակիրճ ներկայացնել պիեսի բովանդակությունը:

«Մեր ներկայացումները հիմնականում դաստիարակչական բնույթ են կրում,- շշուկով բացատրում է զրուցակիցս,- սա էլ պատմություն է այն մասին, որ շատ հաճախ մենք չենք կարողանում տեսնել մեր կողքին ապրող, մեզ սատարող իսկական ընկերոջը եւ ընկեր ենք փնտրում հեռուներում, մինչեւ որ չենք ընկնում փորձանքի մեջ ու մեզ օգնության չի հասնում հենց իսկական ընկերը, որ մեր կողքին է եղել, իսկ մենք չենք նկատել»:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն առաջարկում է անցնել վարագույրն այն կողմ եւ ծանոթանալ անդրկուլիսային իրարանցմանը ներսից: Բեմ հասկացություն, որպես այդպիսին, Գյումրու տիկնիկային թատրոնում բացակայում է՝ դահլիճ-բեմ հատվածը մի հարթության վրա է: Դերասանների սպասման համար նախատեսված կուլիսներ չկան, եւ այդ պահին գործողությանը չմասնակցող դերասանները փորձում են «թաքնվել» թավշե վարագույրի ծալքերում:

«Երեւանի տիկնիկային թատրոնի շենք մտած կա՞ք,- դիմում է զրուցակիցս ու ստանալով դրական պատասխան՝ շարունակում,- տեսել եք, չէ՞, ինչ հնարավորություններ ունի՝ թե́ բեմական, թե́ դահլիճի առումով: Մենք զրկված ենք այդ հարմարություններից, ու դա ոչ թե էս պահի խնդիր է, այլ տարիների»:

Տիկնիկային թատրոնը 1969-1984թթ. գործել է «Գորկա» կոչվող այգում գտնվող Ժողովրդական թատրոնի շենքում: Հետագայում տիկնիկայինը տեղավորվել է Աբովյան փողոցում գտնվող նախկին «Նաիրի» ռեստորանին պատկանող շենքի այն հատվածում, որտեղ ժամանակին գարեջրատուն է եղել: «Ինչ գործ ուներ ախր տիկնիկայինը գարեջրատանը, թեկուզ նախկին,- ուսերն է թոթվում Լեւոն Բաղդասարյանը,- բայց դե այն ժամանակ որոշումները վերեւից էին ու քննարկման ենթակա չէին: 30 տարի է` այստեղ ենք, այս ոչ հարմարավետ պայմաններում ներկայացումներ ենք անում: Երկու հարկ է զբաղեցնում տիկնիկայինը, բայց միեւնույն է՝ հարմարավետության զգացողությունը՝ հատկապես վերջին տարիներին, խիստ պակասել է»:

Տարիներ շարունակ վերանորոգման երես չտեսած շինության խունացած ու գունաթափ պատերի տխուր պատկերը չի փարատում անգամ ամենուր կեռիկներից կախված տիկնիկների ներկայությունը: Թատրոնը համայնքային ենթակայության է: Քաղաքապետարանը կարողանում է ապահովել միայն աշխատավարձի ֆոնդը, մնացյալ հարցերը թատրոնը հոգում է ներկայացումների տոմսերի վաճառքից եւ բարերարների աջակցությունից ստացված գումարներով: Գյումրու նախկին քաղաքապետի օրոք տիկնիկայինին պատկանող շենքը օտարելու հարց է դրված եղել:

«Շենքի էն մի թեւն, ինչպես գիտեք, արդեն վաճառված է, մնացել էր մերը: Ուղղակի ձգձգվեց, որովհետեւ տիկնիկայինն այլ շենք տեղափոխելու անհրաժեշտություն կար, ու չկար հարմար շինություն: Այն ժամանակ մենք փակ բաժնետիրական ընկերություն էինք: Հետո որ քաղաքապետը փոխվեց, ես հանդիպեցի Սամվել Բալասանյանի հետ, հարցը քննարկեցինք ու որոշեցինք, որ մի քիչ էլ սպասենք՝ կվերանորոգվի նախկին ժողտունը, որ այգում է գտնվում, եւ մենք կտեղափոխվենք այնտեղ, կունենանք նորմալ բեմ, նորմալ պայմաններ»:

Լեւոն Բաղդասարյանն առաջարկում է մտնել երկրորդ հարկում գտնվող դահլիճ, որը վաղուց հատկացվել է թատրոնի նկարչին որպես արվեստանոց: Տարածքն իր բուն նպատակին չի ծառայում, պատն ընդգրկող հսկայական մոտ 3 մ բարձրություն ունեցող պատուհանների վթարայնության պատճառով: Դրանք նորերով փոխարինելու հարցը երկար ժամանակ է լուծում չի ստանում գումարների բացակայության պատճառով:

Թեպետ, թատրոնի տնօրենի հավաստիացմամբ, Գյումրիում կա կազմակերպություն, որը պատրաստ է այդ գործը հանձն առնել եւ կատարել աշխատանքը զեղչ գներով, բայց համայնքային բյուջեում անհրաժեշտ այդ գումարն այդպես էլ չի գտնվում: Թատրոնի տնօրենը ստիպված` սեփական նախաձեռնությամբ կապույտ ժապավենով շենքի դրսի հատվածում առանձնացրել է վտանգավոր հատվածը: «Էս է, սկսվելու են անձրեւային, քամոտ օրերը, ու ես չգիտեմ, թե ինչ կպատահի, եթե հանկարծ թեկուզ դրանցից որեւէ մեկը տեղից պոկվի ու ընկնի ներքեւ: Իսկ այս հատվածում անցուդարձը բավականին ակտիվ է»,- անհանգստանում է Լեւոն Բաղդասարյանը:

Շենքում առկա մշտական խոնավությունը «կոտրելու» նպատակով ներկայացումներից առաջ դահլիճը ջեռուցում են անգամ ամռան ամիսներին: «Եթե մեկ ժամ ներկայացում ունենք, ուրեմն պիտի գոնե երկու ժամով դահլիճը տաքացնենք, որ փոքրիկները դրսից քրտնած գալիս են, հանկարծ չմրսեն-հիվանդանան»,- ասում է զրուցակիցս:

Գյումրու տիկնիկային թատրոնում տարեկան 12 ներկայացում են խաղում: Ամեն տարի խաղացանկը թարմացվում է 3-4 նոր ներկայացումով: Տոմսի արժեքը տատանվում է 300-ից 500 դրամի սահմաններում: Թատերախումբը շատ հաճախ գերադասում է ներկայացումներով շրջել մարզի գյուղերում: Երաժշտական մասի վարիչ Անահիտ Բաղդասարյանը հիշում է, որ երկրաշարժից հետո վրաններում էին ներկայացում կազմակերպում երեխաների համար: Թատրոնը ոչ մի օր չի դադարեցրել գործունեությունը:

«Հիմա, որ տարիքներս արդեն մոտենում է թոշակայինին, խառնվել ենք իրար,- տիկին Բաղդասարյանը ծիծաղում է,- չենք պատկերացնում կյանքն առանց թատրոնի: Ես արդեն 30 տարի է այստեղ եմ, ու որ մտածում եմ մի 7-8 տարի հետո թոշակի են ուղարկելու, էլ չեմ գալու այստեղ, սարսափում եմ: Տիկնիկայինը բոլորիս համար երկրորդ ընտանիք է»:

Թատրոնի 35 աշխատակիցներից 20-ը տիկնիկավարներ են, 12-ը՝ տիկնիկագործներ, նկարիչներ, քանդակագործներ: «Բոլորս էլ նվիրյալներ ենք,- ծիծաղում է տիկնիկագործ Քնարիկ Նազարեթյանը,- 30 տարի էլ ես եմ այստեղ աշխատում: Ինչու՞ եմ ասում նվիրյալներ, որովհետեւ միայն թատրոնն իսկապես սիրող մարդիկ կարող էին տարիներ շարունակ աշխատել 4 հազարից 6 հազար դրամ աշխատավարձով: Խորհրդային տարիներին 60 ռուբլի էինք ստանում, անկախացումից հետո ամենաբարձր աշխատավարձը 9 հազար դրամն էր: Բայց մենք մնում էինք, ես միայն երեք տարի, երկրաշարժից հետո Երեւանից եմ եկել Գյումրի աշխատանքի: Հիմա արդեն ոչինչ, 50 հազար դրամ ենք ստանում, բայց մեզ այստեղ պահողը մեր սերն է տիկնիկայինի հանդեպ»:

Տիկնիկային թատրոնի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը երազում է եվրոպական երկրներ հյուրախաղերի մեկնելու մասին: Կասկածամիտ հայացքիս պատասխանում է լիաթոք ծիծաղով. «Ես անուղղելի լավատես եմ, իմ քշած ավտոն «Զապորոժեց» է, ես 30 տարի ու ավելի իմ կյանքից նվիրել եմ այս թատրոնին, ես երեխայի նման եմ, ես ամեն օր եմ երազում, ի՞նչ մեծ բան է Եվրոպա երազելը, հը՞, ընդամենը ճիշտ հովանավոր է պետք, ում դեռ չենք գտել, բայց անպայման կգտնենք: Ես հավատում եմ, որովհետեւ Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնն արժանի է, որ իր արտիստները խաղան նաեւ եվրոպական բեմերում»: