HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վանաձորի-Քիմպրոմի» աշխատակիցներին խոստացել են վճարել աշխատավարձի պարտքը` հարցը չքաղաքականացնելու պայմանով

Լոռու մարզպետ  Արթուր Նալբանդյանը նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Վանաձորի-Քիմպրոմ»-ի աշխատողներին խոստացել է նրանց 11 ամիսների չվճարված աշխատավարձի խնդիրը  վերջնականապես լուծել մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը` աշխատավարձի խնդիրը քիմպրոմցիների կողմից չքաղաքականացնելու պայմանով: Արթուր Նալբանդյանը նախապայմանը հայտնելու համար այսօր ժամը 10-ին առանձնազրույցի էր հրավիրել «Քիմպրոմի» 300-ից ավելի աշխատողների: Մինչ հանդիպումը Արթուր Նալբանդյանը հայտարարեց, որ աշխատողների հետ իր առանձնազրույցը պետք է անցկացնի փակ դռների հետևում` առանց  լրագրողների: Քանի որ ներկա էր միայն «Հետքի» թղթակիցը, Արթուր Նալբանդյանը «Քիմպրոմի» վարչական շենքի  մուտքի դռան մոտ ասաց. «Դուք ևս չեք մասնակցելու աշխատողների հետ իմ առանձնազրույցին, եթե Դուք մտնեք դահլիճ, մեկ է, ես Ձեր ներկայությամբ անկեղծ չեմ խոսելու աշխատողների հետ»,- զգուշացրեց Արթուր Նալբանդյանը:

Հանդիպման ավարտին դահլիճից  դուրս եկող աշխատողներից ոմանք բարձրաձայնեցին, թե հավատում են մարզպետի խոսքին, ոմանք էլ հակառակը` կարծում էին, որ հերթական անգամ խաբում են  իրենց: «Ինչ խոսաց, ասավ` ամեն ինչ լավ տի լինի: Մարզպետն ասաց` նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել ա, որ մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը կվճարի մեր ամբողջ աշխատավարձը: Դրա համար  մեր աշխատավարձի խնդիրը մարզպետն ասավ մի քաղաքականացրեք: Սա տնտեսական հարց է, տնտեսականորեն կլուծվի: Ասաց` խոստանում եմ` կլուծվի: Մենք էլ ասինք` էդ 2 ամիսն ինչ է, 5-6 տարի է սպասում ենք, էդ 2 ամիսն էլ կհամբերենք: Մարզպետն ասավ, որ ինքը հավատում է նախագահի խոստմանը, դրա համար էլ ես էլ մարզպետին եմ հավատում»,- ասաց գործարանի ամոնիակի արտադրամասի հերթափոխի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը:

Առանձնազրույցից հետո մարզպետ Արթուր Նալբանդյանը «Հետքին» ասաց, որ աշխատողներին երեկ և այսօր վճարվել է մեկ ամսվա աշխատավարձ: Հիշեցնենք, որ քիմպրոմցիներին  վճարված մեկ ամսվա աշխատավարձը գործարանի աշխատողներին  նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը խոստացել էր վճարել դեռ սեպտեմբերի 11-ի տեղի ունեցած ցույցի ժամանակ:

«Իհարկե,  այդ երկու ամիսների ընթացքում 15-20 օր տարբերությամբ նրանք կստանան ևս մի երկու ամսվա աշխատավարձ: Դեկտեմբերի 1-ի դրությամբ «Քիմպրոմի» աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ կմարվի»,- հայտնեց Արթուր Նալբանդյանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter