Նախադպրոցականների տնօրենները հեռացվել են
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Այցերի նպատակը նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի անվտանգության, սննդակարգի, սանիտարահիգենիկ պայմանների, երեխաների հաճախելիության, ինչպես նաև ուսումնադաստիարակչական աշխատանքների որակն ուսումնասիրելն է:
Նուբարաշեն վարչական շրջանի թ.125 մանկապարտեզում ստուգայցի ժամանակ ապրիլի 11–ին հայտնաբերվել են սննդի անվտանգության նորմերի, սննդակարգի և ճաշացանկի կոպիտ խախտումներ: Հիմք ընդունելով արձանագրված կոպիտ խախտումները՝ վարչական շրջանի ղեկավարի հրամանով թ.125 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Շահբաթյանը հեռացվել է աշխատանքից:
Ապրիլի 18-ին անակնկալ այցելություն է կատարվել Երևանի հ.152 նախադպրոցական ուսումնական հաստատություն: Պարզվել է, որ տվյալ օրվա համար տնօրենը ներկայացրել է 107 երեխայի հաճախում, մինչդեռ այցելության պահին մանկապարտեզում ներկա է եղել 72 երեխա: Տնօրենը, փաստորեն, 35 երեխայի ավել թիվ է ներկայացրել:
Բացի այդ, ինչպես հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Ճկուն համակարգով երեխայի հաճախման մատյանը» դրված չի եղել գործածության մեջ: Երեխաների բացակայությունը որևէ փաստաթղթով չի հիմնավորվել: Ապրիլի 14-ին և 15-ին մանկապարտեզի միջին խմբում երեխաների հաճախման մատյանում երեխաների հաշվառում չի կատարվել:
Հիմք ընդունելով արձանագրված խախտումները՝ Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի հրամանով հ.152 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Իրինա Աղաբեկյանը հեռացվել է աշխատանքից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել