
Ո՞ւմ բոնուսն է «Շահող կտրոնը». շահում եք դուք, անհետանում՝ 12 մլրդ դրամը
Մարինե Մադաթյան
Անի Հովհաննիսյան
«Շահող կտրոն» վիճակախաղի պարգևավճարների համար հատկացվող գումարի մոտ 95%-ն առաջին երկու տարում հոսել է անհայտ ուղղությամբ: Այսպիսի հոսք Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) իրականացրել է շնորհիվ մեկ որոշման, այն է՝ 2009-2010թթ.-ին բոնուսներ վճարել նաև չշահած կտրոնների խմբաքանակ ներկայացնողներին:
Մոտ 6 միլիարդ դրամի բոնուսներ ստացողների անուն-ազգանուններն այդպես էլ չեն հրապարակվել: Հայտնի են միայն շահողների տվյալները, ում պարգևավճարների գումարը երկու տարվա ընթացքում չի գերազանցել 193 միլիոն դրամը, այսինքն՝ վիճակախաղի համար հատկացված ընդհանուր բյուջեի մոտ 5%-ը:
Ինչո՞ւ է ստեղծվել «Պարգևավճարների հիմնադրամը». ի՞նչ կուտակումներ եւ դրամական հոսքեր են իրականացվել դրա միջոցով
«Շահող կտրոն» վիճակախաղի կազմակերպման և շահումների տրամադրման համար կառավարության որոշմամբ 2008թ.-ին ՊԵԿ-ում ստեղծվել է «Պարգևավճարների հիմնադրամը»։ Հենց այստեղ էլ պետք է կուտակվեին պարգեւավճարների համար հատկացված գումարները, եթե որեւէ ամիս նախատեսվածից ավելի քիչ շահումներ լինեին:
2009 եւ 2010թթ.-ին, երբ «Շահող կտրոն» վիճակախաղը նոր էր կյանքի կոչվել, շահումները դրամական էին՝ 2000-ից առավելագույնը 5 միլիոն դրամ: Որևէ մեկը այս երկու տարվա ընթացքում առավելագույն գումար չի շահել, քանի որ 5 միլիոն դրամ շահում ունենալու պահանջը խիստ է եղել. կտրոնի բոլոր թվերը պետք է համընկնեին վիճակահանության թվին: Հերթական խոշոր շահումը՝ 500 հազար դրամը, ևս հազվադեպ է գրանցվել: Որոշ ամիսների մարդիկ շահել են միայն 5 և 20 հազար դրամ:
Երկու տարվա շահումների այս ցանկին ծանոթանալիս՝ առաջին հարցը, որ մեզ մոտ առաջացավ, հետևյալն էր՝ ի՞նչ են եղել չշահած գումարները:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը «Հետքի» այս հարցին պատասխանելիս՝ հերքեց, որ հիմնադրամում գումարային տեսքով կուտակումներ են եղել: Ավելացրեց նաև, որ կուտակում չէր կարող առաջանալ, քանի որ պետական եկամուտների կոմիտեն ամեն ամիս հայտ է ներկայացնում կառավարություն և ստանում այնքան գումար, որքան կազմում են այդ ամսվա շահումները:
Փոխնախարարի պարզաբանումը հակասում էր թե կառավարության որոշմանը, որը պարգևավճարների հիմնադրամը սահմանում էր որպես նախապես՝ վիճակահանությունից առաջ հայտարարված գումար, թե «Բյուջեի մասին» ՀՀ օրենքը, որով ամեն տարեսկզբին որոշվում է վիճակահանության բյուջեն:
Անճշտությունը պարզելու համար «Հետքը» հարցում ուղարկեց ՊԵԿ-ին՝ ստանալու «Շահող կտրոն» վիճակախաղի բյուջետային հաշվետվությունը: Այս փաստաթուղթը նույնպես փաստում է, որ Վախթանգ Միրումյանը մեզ ապատեղեկատվություն է տրամադրել: Պարգևավճարների ֆոնդը չի համալրվել ՊԵԿ-ի՝ կառավարությանն ուղարկված ամենամսյա հայտի համաձայն, այլ հաստատվել է տարեսկզբին:
ՊԵԿ-ի հաշվետվությունն էականորեն տարբերվում է մեր հաշվարկներից
Պետեկամուտների կոմիտեի՝ «Հետքին» տրամադրված հաշվետվությունում թվերը չափազանց ուռճացված էին։ Մենք ստիպված եղանք ինքներս հաշվարկել իրական շահումների գումարը՝ օգտագործելով ՊԵԿ-ի ամենամսյա շահումների մասին հրապարակումներում առկա թվերը:
Աղյուսակում ներառված տվյալները պետական եկամուտների կոմիտեի՝ խաղարկության մասնակիցների և նրանց պարգևավճարների չափի վերաբերյալ ամենամսյա պաշտոնական տեղեկատվության հանրագումարն է:
2009թ.-ին պարգևավճարների համար տրամադրված գումարը կազմում է մոտ 64 միլիոն դրամ, իսկ ՊԵԿ-ի տրամադրած հաշվետվության մեջ պարգևավճարների ընդհանուր ֆոնդը մոտ 1, 3 միլիարդ դրամ է:
«Շահող կտրոն» վիճակախաղի կազմակերպման համար պետեկամուտների կոմիտեն գումար է ստանում ոչ միայն պետական բյուջեից, այլ նաեւ կառավարության պահուստային ֆոնդից։ 2009 եւ 2010թթ.-ին պահուստային ֆոնդը ՊԵԿ-ին է հատկացրել մոտ 6 միլիարդ դրամ: Պետական եկամուտների կոմիտեն իր պատասխանում չի հստակեցրել, թե որտեղ են ծախսվել կառավարության պահուստային ֆոնդի հատկացումները և պետբյուջեից փոխանցված միջոցների ավելցուկը:
Ո՞ւմ «բոնուսն» են դարձել միլիարդները
Խաղարկության առաջին տարվա կեսից «Պարգևավճարների հիմնադրամը» վերանվանվել է «Պարգևավճարների և բոնուսների հիմնադրամի»: Բոնուսը չշահած կտրոնների որոշակի խմբաքանակի դիմաց տրամադրված գումարն է: Վերանվանելու այս որոշումը պարգևավճարների հիմնադրամի կուտակումները ծախսելու միջոց է հանդիսացել:
Ինչպես երեւում է վերեւի լուսանկարում՝ նվազագույն 2500 դրամի չափով բոնուս ստանալու համար անհրաժեշտ է եղել ներկայացնել 50 կտրոն՝ 100 հազար դրամին համարժեք գործարքով։ Իսկ առավելագույն 200 հազար դրամի չափով բոնուս ստանալու համար, պետք է ներկայացնել 1000 կտրոն՝ 6 մլն դրամի գործարքի չափով։
2 տարիների ընթացքում ՊԵԿ-ը «բոնուսային» քաղաքականությամբ դուրս է գրել մոտ 6 մլրդ դրամ: Եթե 6 մլրդ դրամը բաժանենք առավելագույն կտրոնների չափաքանակին, կստացվի, որ 30 հազար կտրոն է ներկայացվել՝ 180 մլրդ դրամ գործարքի արժողությամբ։ Հիշեցնենք, որ 6 մլրդ դրամ բոնուս ստացած անձանց տվյալները երբեւէ չեն հրապարակվել։
Արդյունքում՝ ոչ միայն ծախսվել է տարվա մնացորդը՝ բոնուսներ անվան տակ, ավելին՝ ՊԵԿ-ը դեռ մի բան էլ պարտք է մնացել բանկերին՝ նախատեսած բյուջեից ծախսելով 270 միլիոն դրամ ավելի գումար (2009-2010թթ. Շահումները տրամադրվել են բանկերի միջոցով):
Եւ հենց այս պարտքը մարելու համար էլ մեկ այլ որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդը ՊԵԿ-ին տրամադրել է պարտքի մոտ 4 անգամ ավելի գումարը՝ 1 միլիարդ դրամ: Կրկին հարց է առաջանում, ո՞ւր է գնացել մնացորդը։ ՊԵԿ-ը մեկ պատասխան ունի՝ դարձյալ տրամադրվել են բոնուսներ:
Փաստորեն անհայտ անձանց բոնուսների համար հատկացված գումարը 30 անգամ գերազանցում է «Շահող կտրոն» վիճակախաղի պարգեւավճարների համար նախատեսված բյուջեին, թեև բոնուսները Շահող կտրոնի ածանցյալ ծրագիրն է եղել:
Ի՞նչ 12 միլիարդ դրամի բյուջետային մուտքի մասին է խոսում Գագիկ Խաչատրյանը
2009թ. դեկտեմբերին ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանն իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀԴՄ կտրոններով վիճակահանությունների արդյունքում շահել է 8682 քաղաքացի, որոնց վճարվել է շուրջ 63 մլն դրամ պարգևավճար, իսկ չշահած ավելի քան 160 հազար քաղաքացիներին վճարվել է 3,8 մլրդ դրամ բոնուս: Բյուջետային մուտքերը, նրա խոսքով, ավելացել են 12 մլրդ դրամով:
Ազգային վիճակագարկան ծառայությունը հրապարակել է 2009թ. պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտների չափը: Այն ոչ միայն 12 միլիարդ դրամով չի գերազանցում նախորդ՝ 2008թ. ցուցանիշին, այլև նվազել է մոտ 9 միլիարդ դրամով:
Գագիկ Խաչատրյանի հայտարարությունը՝ հարկային եկամուտներից պետբյուջե արված մուտքերի աճի մասին, իրականությանը չի համապատասխանում: Հայտարարությունն արվել է՝ ձախողված խաղարկության վրա նույն բյուջեից ծախսված միջոցները պատճառաբանելու համար:
ՊԵԿ- ին մնում է հրապարկել բոնուսներ ստացած քաղաքացիների անունները, բոնուսի չափը և կոնտակտային տվյալները, ինչպես արվել է պարգևավճարներ ստացած 8682 քաղաքացիների դեպքում:
«Շահող կտրոն» 2011-2014-ի մասին՝ հաջորդ հրապարակման մեջ։
Լուս․՝ armlur.am-ից
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել