HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նաիրի լաբ» լաբորատորիա՝ Ակսել Բակունցի անվան դպրոցում

Անահիտ Բաղդասարյան 

Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցում բացվեց «Նաիրի լաբը»:  Այն Սյունիքի մարզում թվով երկրորդ գիտակրթական լաբորատորիան է, որը բացվել է «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլի» հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ: Լաբորատորիայի ստեղծման նպատակն է աջակցել դպրոցներում տարբեր առարկաների ուսուցմանը, տեխնիկական ուղղվածության եւ աշակերտների ստեղծագործական մտքի զարգացմանը:

«Նաիրի» լաբորատորիան «Նաիրի» կոնսորցիումի նախաձեռնությունն է: Կոնսորցիումի հիմնադիրներն են` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Արթին Վարուժան» ՓԲԸ-ն, «Սայմոտեկ» ՍՊԸ-ն, «Արաքս» օպերացիոն համակարգի աշխատանքային թիմը, «Փուլ» ՍՊԸ-ն, «Մասիս ԻՀ» ՍՊԸ-ն, «ՄՄԳՄ Ինջինիրինգ» ՍՊԸ-ն եւ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը: Նրանք նպատակ ունեն բարելավել Հայաստանի ՏՏ ոլորտը` կրթական բարեփոխումների միջոցով:

Լաբորատորիայում տեղադրված Գուգարք մինի-համակարգիչները՝ իրենց օպերացիոն համակարգով, եռաչափ տպիչը եւ մնացած բոլոր սարքերն արտադրված են Հայաստանում: «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնը» մշակել է ծրագրերի դասավանդման մեթոդաբանությունը:

Արթուր Խոջաբաղյան

«Լաբորատորիայի ստեղծման հիմնական անկյունաքարերից մեկն այն է, որ  երեխաների մեջ տպավորվի «Արտադրված է Հայաստանում» կարգախոսը: Մենք ձգտում ենք, որ այստեղ գտնվող ցանկացած սարք արտացոլի դա»,- նշեց «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Արթուր Խոջաբաղյանը: Նրա խոսքով՝ այս լաբորատորիայում աշակերտը կարող է ստեղծել հեռակառավարվող մեքենայից մինչեւ տարբեր ռոբոտներ։ Այդ ընթացքում նա կսովորի ծրագրավորում, եռաչափ մոդելների նախագծում, հարթաչափային մոդելների հետ աշխատանք, էլեկտրոնիկա, մեխանիկա: Այդ ամենը ստեղծելու համար աշակերտներին կօգնեն ուսուցիչները, ովքեր արդեն վերապատրաստման առաջին փուլն անցել են «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի Գորիսի մասնաճյուղում:

Թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Մովսիսյանի խոսքով՝ «Նաիրի լաբի» բացումը հնարավորություն կտա աշակերտներին ստեղծագործական միտքը զարգացնել: «Կարծում եմ, որ լաբորատորիան հնարավորություն կտա մեր աշակերտներին իրենց դրսեւորելու ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում»,- ասաց Կ. Մովսիսյանը: Դպրոցում արդեն նախնական խմբեր ձեւավորվել են, քանի որ մեկ տարի շարունակ «Ինստիգեյթի» աշխատակիցները դասերից հետո աշխատում էին  այն աշակերտների հետ, ում հետաքրքրում էր ՏՏ ոլորտը:

«Նախնական խմբերը ձեւավորվել են, բայց դրանք դեռ վերջնական չեն. բոլոր հետաքրքրված աշակերտները հնարավորություն կունենան աշխատելու այս լաբորատորիայում»,- նշեց  դպրոցի տնօրենը եւ ավելացրեց, որ այս լաբորատորիան բաց կլինի ոչ միայն իրենց, այլեւ Գորիս քաղաքի մյուս դպրոցների աշակերտների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter