HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՄԷԿ» ընկերությունը գյուղին մարդկային կորուստներ է «պարգևում»` փոխարենը ոչինչ չհատուցելով

Արփինե Մինասյան

«Միջազգային էներգետիկ կորպորացիա» (ՄԷԿ) ընկերությանը պատկանող «Սեւան-Հրազդան» ջրանցքը Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքը կիսում է 2 մասի: «Սեւան-Հրազդան» ջրանցքը համայնքի միջով հոսում է 3-4 կմ` զբաղեցնելով 44 հա տարածք:

«Մինչ այսօր 78 մարդ  եւ անթիվ-անհամար անասուններ են խեղդվել այդ ջրանցքում: Գեղամավանը միակ բնակավայրն է, որի միջով անցնում է այդ վիշապը»,- իր դժգոհությունն է արտահայտում Գեղամավան համայնքի ղեկավար, շուրջ 33 տարի գյուղը ղեկավարող Մնացական Վարդանյանը:

«Նրանք պարտավոր են հողի հարկ եւ գույքահարկ վճարել, բայց նրանց պետականորեն սերվիտուտի իրավունք է տրվել, որը չվճարելու արտոնություն է տալիս:  Վերջին երկու տարին ընկերությունը գույքահարկի սիմվոլիկ վճար է տալիս` 4740 դրամ, 2370 դրամ: Ստացվում է` ոչինչ չեն վճարում: Հողի հարկ ընդհանրապես չեն վճարում: Գյուղում 44 հա հող են զբաղեցնում, ասքան վնաս են տալիս, բայց ոչ մի բանով օգուտ չեն տալիս: Փաստորեն մեզ ձեռք են առնում»,- դժգոհում է Գեղամավանի համայնքապետը, ով ձեռքերը ծալած չի նստել, խնդրի հետ կապված տարբեր գրություններ ու նամակներ է ուղարկել համապատասխան մարմիններ:

Նա 2012թ.-ի մարտին «ՄԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Գրիգորյանին ուղղված գրությունով հիշեցրել է, որ Գեղամավան համայնքի եւ «ՄԷԿ» ՓԲԸ-ի միջեւ երբեւէ չի կնքվել հողի վարձակալության պայմանագիր, ինչպես նաեւ չի սահմանվել սերվիտուտ:  «Ելնելով այն հանգամանքից, որ Գեղամավան համայնքը ֆինանսական մեծ դժվարություններ ունի, խնդրում ենք Ձեզ, որպեսզի «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի եւ Գեղամավան համայնքի միջեւ նշված տարածքներն օգտագործելու համար սահմանվի կամավոր սերվիտուտ` համաձայն Հողային օրենսգրքի 211 հոդվածի դրույթների: Գեղամավան համայնքն էլ իր հերթին պարտավորություն կստանձնի հետեւել ջրանցքի սանիտարական վիճակին եւ նպաստել անխափան գործունեությանը»,- նշված է նամակում:

«ՄԷԿ» ՓԲԸ-ն պատասխանել է, որ տվյալ համայնքի վարչական տարածքով անցնող «Սեւան-Հրազդան» ջրանցքը գրանցված է անշարժ գույքի Կադաստրում: Հողամասի իրավունքի տեսակը համաձայն սեփականության վկայականի` «հարկադիր, անվճար, մշտական սերվիտուտ, այդ թվում նաեւ Գեղամավան համայնքի վարչական տարածքում, համաձայն վկայականի»:  

ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքի 4-րդ գլխի 210 հոդվածի համաձայն` հողամասի սեփականատերերը կամ օգտագործողներն իրավունքն ունեն հարեւան հողամասի սեփականատիրոջից, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ այլ հողամասի սեփականատիրոջից պահանջել իրենց տրամադրելու այդ հողամասի սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ): Նույն հոդվածի 2-րդ կետում նշված է, որ սերվիտուտ կարող է սահմանվել հարեւան կամ այլ հողամասով անցնելու եւ երթեւեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի եւ խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման եւ հողաբարելավման, ինչպես նաեւ անշարժ գույքի սեփականատիրոջ այլ կարիքների համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտի սահմանման:

Սերվիտուտը կարող է լինել կամավոր եւ հարկադիր: 214 հոդվածի 2-րդ կետի համաձայն` «հարկադիր սերվիտուտի վճարի չափը որոշվում է դատարանի վճռով կամ օրենքով» (214 հոդվածը լրաց. 20.03.01 ՀՕ-159 օրենք):   

Համայնքապետ Մ. Վարդանյան

«Այս տարի 16-ամյա տղան խեղդվեց: Նախանցած տարի ջահել, 2 երեխաների մայրը անասուններին քշել էր, որ կամուրջն անցկացներ: Կամուրջը փլվել էր եւ հարսն ու կովերը խեղդվել էին»,- տարբեր տարիների ջրահեղձման դեպքերն է հիշում հմայնքապետը` նշելով, որ կամուրջները կառուցվել են ջրանցքի կառուցման ժամանակ: Գեղամավանի տարածքով հոսող ջրանցի վրա 3 կամուրջ է կառուցված, որից երկուսը հետիոտնի համար է նախատեսված, մեկը` մեքենաների: Համայնքապետի խոսքով` դրանք խիստ վերանորոգման կարիք ունեն: 

«Երբ կամուրջը փլվեց, շատ աղաղակեցինք, բոլոր լրատվամիջոցները լցվեցին գյուղ: Այն ժամանակվա «Սեւան-Հրազդան» կասկադի տնօրինությունն ասում էր, որ դրանք կամուրջներ չեն, այլ ջրատարներ են, ջուրը մի կողմից բարձրանում է, մյուս կողմից` թափվում: Բայց դրանք ի՞նչ ջրատար, ես բացատրում եմ, թե ո՞նց կարող է ջրատարը գետնի վրայից 40 սմ բարձր լինի: Ջուրը ո՞նց պիտի բարձրանա, հետո իջնի: Իրենք էլ չէին տեսել այդ անպետքությունը, որ հիմնավորեին: Փակեցին գնաց: Շատ խնդրեցինք եւ «ՄԷԿ» ընկերությունը կամուրջը սարքեց երկաթից»,- պատմում է Մ. Վարդանյանը: Նրա խոսքով, երբ մի քանի տարի առաջ ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումներ էր կատարում տեղեկացրել են, որ ջրանցքի վրայի կամուրջները ՀՀ Կառավարության որոշմամբ հաշվեկշռից-հաշվեկշիռ անցել են Գեղամավան համայնքին: Համայնքապետն ասում է, որ որեւէ մեկն իրեն գրավոր չի ծանուցել այդ մասին:

«Սա տրամաբանական չէ: Լավ, եթե նույնիսկ այդպես է, ես դրա համար ընդունման ակտ պիտի ստորագրեի, ես ոչինչ չեմ ստորագրել, եթե գրավոր ոչինչ չունեմ, ո՞ւմ գնամ բողոքեմ»,- զարմանք է արտահայտում համայնքապետը:

Երկու տարի առաջ «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերությունն, ընդառաջելով համայնքապետի խնդրանքին, ցանկապատել է գյուղի միջով հոսող «Սեւան-Հրազդան» ջրանցքի գրեթե 2 կմ հատվածը: 1,5 կմ հատվածն էլ մնացել է առանց ցանկապատման: «ՎիվաՍել» ընկերությունն ի՞նչ գործ ունի «ՄԷԿ» ընկերության ջրանցքի շուրջը ցանկապատի: Ուղղակի մեր խնդրանքը չմերժեց: Գոնե մնացած հատվածը իրենք չեն անում»,- ասում է համայնքի ղեկավարը:

«Հետքը» հարցում ուղարկեց «ՄԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Գրիգորյանին` պարզելու, թե տվյալ ընկերությունն ինչ պարտավորություններ ունի Գեղամավանի համայնքի նկատմամբ, տարեկան որքա՞ն հողի հարկ եւ գույքահարկ է վճարում համայնքին: Ինչպես նաեւ` հետաքրքրվել էինք կամուրջների վիճակով, ջրանցքի 1,5 կմ հատվածի ցանկապատման եւ Գեղամավանի բնակիչների ջրահեղձման դեպքերի  մասին:

Պատասխան գրությամբ ընկերությունը տեղեկացրեց, որ նշված տարածքում «ՄԷԿ-ը կամուրջներ չի կառուցել, դրանք սեփականության իրավունքով իրեն չեն պատկանում, ցանկապատման աշխատանքների կատարում նախատեսված չէ, ինչպես նաեւ ջրահեղձման դեպքերի մասին իրենք տեղյակ չեն: Ընկերության գլխավոր ճարտարագետ Հ. Սարգսյանը պատասխան գրությունը եզրափակել էր այսպես. «Ընկերությունը Գեղամավանի գյուղապետարանի հանդեպ պարտավորություններ չունի: Այլ տեղեկատվություն կարող եք ստանալ Գեղամավանի գյուղապետարանից»:

Թե երբեւէ կվերանորոգվե՞ն Գեղամավանի վարչական տարածքով անցնող «Սեւան-Հրազդան» ջրացքի վրա կառուցված 3 կամուրջները, կցանկապատվի՞ մնացած հատվածը եւ ո՞ւմ կողմից, դժվար է ասել: Մի բան պարզ է. Գեղամավան համայնքի բնակիչները ստիպված են լինելու գյուղի մի հատվածից մյուսն անցելու համար օգտվել կամուջներից, սակայն նրանց կյանքն այս պարագայում ապահովագրված չէ: 

Նշենք, որ «ՄԷԿ» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող հիմնական ընկերություններից մեկը, որը ներառում է Սեւան-Հրազդան կասկադի 7 ՀԷԿ-երը:

 «Սեւան-Հրազդան» կասկադը կառուցվել է Հրազդան գետի վրա եւ ձգվում է Սեւանա լճից մինչեւ Երեւան մոտ 70 կմ ընդհանուր երկարությամբ: Կասկադի հիդրաէներգետիկ օբյեկտները տեղակայված են Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի, ինչպես նաեւ Երեւանի վարչական տարածքներում: Կասկադի միջանցքը հիմնականում անցնում է գյուղական բնակավայրերով եւ գյուղատնտեսական նշանակության հողերով: Կասկադի միջանցքի գոտում գտնվող բնակավայրերից հարկ է առանձնացնել բաց ջրանցքների, կայանների շենքերի եւ ջրավազանների հարեւանությամբ տեղակայված բնակավայրերը` Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, Գեղարքունիքի մարզի Գեղամավան եւ Կոտայքի մարզի Գետամեջ, Սոլակ, Նոր Գեղի, Նոր Հաճն, Չարենցավան եւ Հրազդան համայնքները:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Եղբայր, ուրիշները մի գրամ ջուր չունեն, դրա համար են լացում, դուք էլ բողոքում եք թե շատ է՝ խեղդվում ենք! Քիչ բնակավայր կա որ միջով գետ է անցնում, կամ ծովի ափին են գտնվում? Չե որ ՋՈՒՐԸ ՀԱՐՍՏՈՒՊԹՅՈՒՆ Է ! Էստեղ խնդիրն ուրիշ է: Իմ կարծիքով այն զուտ տեխնիկական է եւ վերաբերվում է անվտանգության ապահովման խնդրին՝ առաջին հերթին: Պետք է ջրանցքն այնպես ձեւափոխել որ մեջն ընկնողը դուրս գալու հնարավորություն էլ ունենա! Իսկ ֆինանսական փոխհատուցման երեւի չարժե սպասել: Կարելի է լավ լայնացնել այդ ջրտարը (լճի ձեւ տալով) ու մեջն ընտիր ձուկ աճեցնել! Թե խեղդվողները կպակասեն, թե ահագին օգուտ կստացվի: Թե գործը լավ գնաց, առաջարկիս հեղինակին չմոռանաք!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter