
Հավատա՞լ, թե չհավատալ պաշտոնյաների հայտարարագրերին
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերը հավատ չեն ներշնչում:
Նրանց մի մասը գործարարներ են, ունեն եկամտի այլ աղբյուրներ, սակայն հայտարարագրերը «դատարկ» են կամ էլ հայտարարագրած գումարների աղբյուրն է անհայտ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը կամ նույն ինքը՝ Յուվեցի Կարոն, ֆինանսական ոլորտում բարելավել է իր դիրքերը: Պատգամավորն ու իր կինը՝ Հասմիկ Ստեփանյանը, ավելացնում են իրենց դրամական միջոցները՝ առանց հավելյալ եկամուտների: Իսկ որդին, հանդիսանալով ընկերությունների սեփականատեր, զրոյական եկամուտ է ցույց տալիս:
Պատգամավորի ու իր կնոջ 2012թ-ի եկամուտներին արդեն անդրադարձել ենք:
Մեկ տարի անց՝ 2013թ., ըստ ամուսինների գույքի ու եկամուտների հայտարարագրի, Կարո Կարապետյանն իր հաշվին ունեցել է 60 մլն դրամ եւ 120 հազար դոլար, իսկ եկամուտը մնացել է նույնը՝ 3 մլն 124 հազար դրամ, որը պատգամավորական աշխատավարձն է:
Հասմիկ Ստեփանյանը 0 դրամ եկամուտով շարունակում է իր հաշվի առկա դրամական միջոցները մեծացնել: Մասնավորապես, նույն տարում նա ունեցել է 80 մլն դրամ եւ 220 հազար դոլար: Թե որտեղից պատգամավորի կնոջն այդքան գումար՝ անհասկանալի է:
Նրանց որդին՝ Վիլիկ Կարապետյանը 2012թ., որպես իր հաշվին առկա դրամական միջոց, հայտարարագրել էր 85 միլիոն դրամ եւ 260 հազար դոլար: Ուշագրավ է, որ նշված տարում Վիլիկը որեւէ եկամուտ չի ունեցել:
Իսկ 2013թ-ին նրա հայտարարագիրը դատարկ է. ոչ դրամական միջոց ունի, ոչ էլ եկամուտ:
Մինչդեռ հայտնի է, որ 2011թ-ից Վիլիկ Կարապետյանին է պատկանում 162 միլիոն 728 հազար դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Շահումյան Վինո» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը: Ընկերությունն արտադրում է գինի, սպիրտային այլ խմիչքներ:
Վիլիկ Կարապետյանին է պատկանում ծննդավայր Շահումյան գյուղում գրանցված «Էս-Կա-Վի Գազ» ՍՊԸ-ն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել