
Արտակ Բուդաղյանի գործով դատաքննությունը հետաձգվեց
Անահիտ Բաղդասարյան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում հոկտեմբերի 7-ին շարունակվեց Արտակ Բուդաղյանի գործով դատաքննությունը: Արտակ Բաուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը, ով նախորդ դատական նիստին լքել էր դահլիճը, ներկայացել էր այսօրվա դատական նիստին:
Վերջինս շարունակում է պնդել, որ այս դատաքննությունը չի կարող օբյեկտիվ քննվել, քանի որ դատավոր Նապոլեոն Օհանյանն ապրում եւ աշխատում է Սյունիքի մարզում, որտեղ մարզպետ է նշանակվել սույն գործով տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանի ամուսինը՝ Սուրիկ Խաչատրյանը:
Դատավորն առաջարկեց շարունակել դատական նիստը եւ անցնել ապացույցների հետազոտմանը: Այսօրվա նիստում պետք է հետազոտվեր դեպքի օրը Սուրիկ Խաչատրյանի առանձնատան խոհանոցում տեղի ունեցած խոսակցության տեսաձայնասկավառակը: Հիշեցնենք, որ Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը միջորդել էր այն ուսումնասիրել փորձագետի մասնակցությամբ, սակայն նա նիստին չէր ներկայացել: Լսելով կողմերի կարծիքները՝ դատավորը որոշեց հետաձգել դատական նիստը մինչեւ հոկտեմբերի 15-ը, որ ապահովվի փորձագետի մասնակցությունը:
Մեկնաբանել