HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Գիշերօթիկի 60 աշխատակիցներ ծանուցվել են աշխատանքից ազատման մասին

Սոցապ նախարարության աշխատակազմի ղեկավարն ազատվում է «ջուր պղտորող» աշխատողներից

Դեռեւս ամիսներ առաջ էր, երբ Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության մի քանի աշխատողներ բաց նամակով դիմել էին լրատվամիջոցներին՝ տնօրենի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի համագործակցային ապօրինությունների մասին։

Չնայած հաստատության բոլոր անօրինականությունները կատարվել էին փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի տեղեկությամբ եւ թույլտվությամբ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցից հետո աշխատանքից ազատվեց միայն դպրոցի տնօրեն Գայանե Մարգարյանը, իսկ փոխնախարարի եւ աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանի նկատմամբ հայտարարվեց խիստ նկատողություն:

Հաստատության նոր տնօրեն Մարինա Գալստյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 81Ա/1 հրամանով հուլիսին ծանուցումներ է բաժանել գիշերօթիկի 60 աշխատակիցներին այն մասին, որ չեն համապատասխանում իրենց պաշտոնին եւ ծանուցման ժամկետի ավարտից հետո կազատվեն աշխատանքից, եթե այլ համապատասխան աշխատանք իրենց չառաջարկվի։

Սոցաշխատող Արեգնազ Գրիգորյանն առաջիններից է, ում աշխատանքային պայմանագիրը նորանշանակ տնօրեն Գալստյանը լուծարել է։ «Հետքի» հետ զրույցում Արեգնազը պնդում է, որ իր ազատման պատճառը տնօրենի թափուր աշխատատեղի համար որպես թեկնածու առաջադրվելն է եղել:

«Երբ նախկին տնօրենին հանեցին, նոր տնօրենի մրցույթին ես էլ առաջադրվեցի։ Նախարարությունում մրցութային հանձնաժողով էր ձեւավորվել, 3 թեկնածուներով էինք՝ ես, ներկայիս տնօրենը եւ մի կին, ով ամենաարժանին էր՝ տնօրեն դառնալու։ Բոլորս էլ հարցաշարը լրացրինք, բայց պարզ զգացվում էր, որ նախարարությունում վաղուց արդեն որոշված էր, թե ով է հաղթելու։ Երբ սոցապի աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանին հարցրի, թե ինչու ինձ չեն ընտրել, չէ՞ որ բոլոր հարցերին ճիշտ եմ պատասխանել, նա ասաց. «Դեռ հարց է՝ դուք ոնց եք աշխատել, որ հիմա էլ ուզենանք ձեզ տնօրեն դարձնենք, թե չդարձնենք»։ Ես այդտեղից շատ պարզ հասկացա, որ նախարարությունը վրեժ է լուծում՝ իրենց անհարմարություն պատճառելու համար»,- ասում է Արեգնազ Գրիգորյանը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը չհերքեց, որ դժգոհ է Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության որոշ աշխատակիցների վարքից՝ համարելով, որ նրանք «ջուր են պղտորել»։

«Ինձ համար անհասկանալի է, երբ քո ենթակա աշխատողին ասես՝ դեռ հարց է, թե ես քո աշխատանքից գոհ եմ, թե դժգոհ… դրանից եթե մարդը վիրավորվում է, քավ լիցի, թող վիրավորվի։ Առավել եւս, եթե դա եղել է պատասխան՝ իր շատ հուզական, անհավասարակշիռ վարքին, երբ ինքն աջուձախ վիրավորել է բոլորին՝ պետությանը, նախագահին, կառավարությանը, նախարարին, նորանշանակ տնօրենին եւ մրցութային հանձնաժողովին։ Ես ուղղակի զապիս չեմ արել իր վարքագիծը էլի, նույնիսկ կարելի էր ոստիկանության միջոցով իրեն հեռացնել այդտեղից»,- ասում է նախարարության աշխատակազմի ղեկավարը։

Հարցին, թե արդյո՞ք Արեգնազ Գրիգորյանի հետ ունեցած կոնֆլիկտն է պատճառ հանդիսացել՝ նրան աշխատանքից ազատելու համար, Արտակ Գրիգորյանը պատասխանեց, թե սոցաշխատողն այնքան հեռու է իր տեսադաշտից, որ ինքը եթե ինչ-որ մեկից վրեժ լուծել ցանկանա, կան շատ ավելի լուրջ մարդիկ։

Ըստ նորանշանակ տնօրեն Մարինա Գալստյանի՝ աշխատանքից ընդհանուր առմամբ ազատվել են մոտ 6 հոգի, որոնցից երկուսը՝ թոշակային տարիքի անցնելու, իսկ 4-ը՝ պաշտոնին չհամապատասխանելու պատճառով։ Միեւնույն ժամանակ, տնօրենը թվարկեց 7 նոր աշխատակիցների անուններն, ում իր պաշտոնավարման ժամանակ է ընդունել։ Մարինա Գալստյանը չհերքեց նաեւ, որ 7-ից 6-ն իր ծանոթներն ու բարեկամներն են։

Դիետբուժքույր է նշանակվել տնօրենի քույրը՝ Գայանե Գալստյանը, ով հաստատությունում համատեղությամբ աշխատել է՝ իր արձակուրդի շրջանում։ Տնօրենի քրոջ աղջիկը՝ Սիրանույշ Սարգսյանը, աշխատում է որպես սոցաշխատող։ Մարինա Գալստյանը հերքեց մեր տեղեկությունն այն մասին, որ նորանշանակ տնտեսվար Աշոտ Հակոբյանն իր հորաքրոջ տղան է, ասելով, որ շատ վաղուց ճանաչում է Աշոտին, ծանոթներ են։ Ի դեպ՝ Աշոտ Հակոբյանի կինը՝ Սուսաննա Աղաջանյանն էլ նշանակվել է որպես տնտեսագետ։ Տնօրենի բարեկամ-ծանոթների մեծ մասը հաստատությունում աշխատում են համատեղությամբ։

«Բոլորին էլ 3 ամսով ենք ընդունել, որովհետեւ մարդը միգուցե չի հարմարվում մեզ մոտ, աշխատանքը չկորցնելու համար համատեղությամբ ենք ընդունել։ 3 ամիս հետո կդառնան հիմնական աշխատող, ի՞նչ է եղել, ուղղակի որ մյուսների մոտ չստացվի, որ իրենք հին աշխատող են, քննարկեցինք իրավաբանի հետ, հասկացանք, որ ճիշտ տարբերակը դա է»,- պատճառաբանում է Մարինա Գալստյանը։

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում բացի տնօրենի անձից՝ ոչինչ չի փոխվել։  Գրեթե նույնչափ հաստիքներ էլ նախկինում զբաղեցնում էին տնօրենի ընտանիքի անդամները։

Սրանում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը ոչ մի վատ միտում չի տեսնում. «Մեր գործառույթի մեջ չի մտնում, որ տնօրենների կատարած հրամաններն ամեն օր դնենք, քջջենք, տեսնենք ճիշտ է արել, թե սխալ։ Պարբերաբար մեր ՊՈԱԿ-ներում անցկացնում ենք աուդիտ, մոնիտորինգ, որի ժամանակ եթե կհայտնաբերվեն այդ փաստերը, այն ժամանակ էլ հանդես կբերենք համապատասխան մոտեցում։ Ոչ մի տեղ գրված չէ, որ ընտանիքի անդամները չեն կարող նույն հաստատությունում աշխատել։ Որեւէ ձեւով դա չի արգելվում, օրենքն այդտեղ խնդիր չի տեսնում։ Մենք ունենք, որ երկու հորեղբոր աղջիկներ նույն տեղում սոցաշխատողներ են աշխատում, ի՞նչ վատ է, շատ լավ է»,- ասում է Արտակ Գրիգորյանը։

Հաստատության խմբավար Արաքսի Մակարյանը երրորդ խմբի հաշմանդամություն ունի։ Նրան նույնպես նորանշանակ տնօրենը տեղեկացրել է՝ պաշտոնին չհամապատասխանելու մասին։ «Հետքի» հետ զրույցում Արաքսի Մակարյանը նշեց, որ 30 տարի է, ինչ աշխատում է գիշերօթիկ հաստատությունում, մինչ օրս որեւէ դժվարություն չի ունեցել՝ աշխատելիս. «Կանչեց, ասում է, թե չեմ համապատասխանում իմ պաշտոնին։ Ես բարձրագույն կրթություն ունեմ, եղել եմ փոխտնօրեն, հետո դաստիարակ։ Իմ ընկերուհիները, որ 30 տարի ինձ հետ աշխատել են, իրենց դրույքից 0,25 տվեցին, որ ես կես դրույք գոնե ունենամ, աշխատեմ»,- ասում է Արաքսի Մակարյանը։

Տնօրեն Գալստյանը նշում է, որ սոցիալական աշխատանքի ներկայիս նորմերը փոխվել են, երեխաների հետ աշխատողները պետք է կոմպետենտ լինեն իրենց աշխատանքին։ Արդյունքում՝ աշխատանքից ազատվում են բարձրագույն կրթություն եւ երկար տարիների փորձ ունեցող աշխատակիցները եւ ընդունվում աշխատանքի վերապատրաստման դասընթացներ անցնող տնօրենի բարեկամուհիները։

Ինչո՞ւ նախարարի հրամանները չեն տարածվում բոլորի վրա

Երբ այս կամ այն աշխատանքային պայմանագրի լուծարման մասին հարցնում էինք տնօրենին եւ նախարարության աշխատակազմի ղեկավարին, նրանք անընդհատ մեջբերում էին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրամանը եւ դրան կից պաշտոնի անձնագրերի նկարագրությունը՝ նշելով, որ միայն հրամանով են առաջնորդվում։

Տնօրենի նոր գործավար նշանակված Շուշանիկ Սեւանյանը ուսանողուհի է, չի համախատասխանում նախարարության կողմից ուղարկված պաշտոնի անձնագրի տվյալներին։ Մարինա Գալստյանը նշում է, որ վերջինիս ընդառաջել է, քանի որ հայրը զոհված ազատամարտիկ է. «Իմ խոցելի տեղն էլ էդ մարդիկ են, եթե սխալվել եմ, կարող եք լուսաբանել։ Ես երկար տարիներ այդ մարդկանց, այդ ընտանիքների հետ եմ աշխատել, չգիտեմ, կարծում եմ բարի գործ եմ արել այդ առումով»,- ասում է տնօրենը։

Ովքե՞ր են ջուր պղտորողները

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության աշխատակիցների իրավունքների մասին հարցը մի փոքր զայրացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարին։ Նա պնդում է, որ միայն նախկին տնօրենը չէ, որ պետք է ազատվեր աշխատանքից, այլ նաեւ այն «ջուր պղտորող» աշխատակիցները, ովքեր մի փոքրիկ խնդիրը եռապատկեցին։

«Բյուրեղավանի գիշերօթիկում այնքան էլ լավ աշխատանքային մթնոլորտ չէր, ինչը մեզ մտահոգեց ժամանակի ընթացքում, եւ դա էր նաեւ պատճառը…ընդհուպ այն աստիճան, որ վարչապետն էլ մտահոգվեց։ Բնականաբար, տնօրենը փոխվեց, մենք մրցույթն արեցինք, եւ մեր խնդիրը շուտափույթ աշխատանքային իրավիճակը կարգավորելն է։ Այնպես չէր, որ այնտեղ միայն տնօրենը պիտի ազատվեր։ Պետք է ազատվեին նաեւ մարդիկ, ովքեր հիմա նաեւ փորձում են շանտաժ անել լրատվամիջոցներով։ Ձեզ մոտ կամ մեկ ուրիշների մոտ փորձում են պաշտպանություն գտնել։ Մենք հիմա հույս ունենք, որ դա աստիճանաբար կկարգավորվի։ Այնպես չէ, որ եթե ստորին պաշտոնյան իր վերադասին փնովեց, ուրեմն նա ճիշտ է ասում»,- ասաց Արտակ Գրիգորյանը։

Դիտարկմանը, որ հենց հաստատության աշխատակիցների բողոքների շնորհիվ բացահայտվեցին նախկին տնօրենի իրավախախտումները, աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Նմանատիպ իրավախախտումների մասնակից եւ ջուր պղտորողներ կարող էին լինել նաեւ աշխատողների մեջ, ինչը որ փաստացի կա։ Մենք որեւէ մեկից ազատվելու խնդիր չենք դրել, եթե այդպիսի խնդիր դրած լինեինք, վաղուց ազատվել էինք»,- եզրափակեց նա։

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում աշխատողները շարունակում են մնալ լարված մթնոլորտում՝ հույս ունենալով չզրկվել աշխատանքից։ Նրանք մի անգամ արդեն «ջուր են պղտորել»՝ բողոքելով տնօրենի դեմ, այս անգամ շատերն արդեն չեն ցանկանում խոսել՝ հասկանալով, որ տնօրեն «զոհ տալով» հարցը չեն լուծի։

Լուս.` Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (3)

Անդրանիկ
եթե աշխատակազմի ղեկավարը չի տարբերում իր աշխատանքային պարտականությունները քջջելուց էլ ինչ պահանջես այդ ղեկավարից
@ntercox
Ես հակված եմ մտածելու, որ հենց այսօրվա բարձրաստիճան պաշտոնյային է հատուկ ստելը, հայհոյելը, նսեմացնելը, փնովելը և այլն: Համոզվելու համար, խնդրեմ. կարդացեք chi.am 13.10. 2009թ. Բաց նամակ Սերժ Սարգսյանին և youtube.com zaqaryan melsik և youtube.com grigoryan aliq
Արեգնազ
Ես զարմանում եմ , որ աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը սուտ է խոսում , որպեսզի արդարացնի իր վարքագիծը: Ես ոչ մեկին էլ չեմ վիրավորել , այդտեղ միակ մարդը , որ վիրավորել է նա է :Սուտ խոսելը պատիվ չի բերում պետական պաշտոնյաին : Այստեղ շանտաժ անողը միայն նա է , ոչ թե աշխատողները: Գոնե սուտ խոսելիս թող հիշեն աստծուն Կարող եք ստուգել Նորանշանակ տնօրենը ընդունել է 20 նոր աշխատող , ոչ թե7

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter