
Ինչը կարող է Նաիրա Զոհրաբյանին ստիպել իջնել տաքսուց
Այսօր Ազգային ժողովում կազմակերպվել էր հակածխախոտային ցուցահանդես, որին իրենց աշխատանքներն էին ներկայացրել դպրոցահասակ երեխաները:
Հենց այդ պահին ծխախոտը ձեռքին՝ ցուցահանդեսը դիտելու եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: «Ալեքսանյան, ես հիմա ծխախոտի դեմ եմ պայքարում, հանգցրու ծխախոտդ»,- բղավեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով ևս մասնակցում էր ցուցահանդեսին:
Պատգամավոր Արա Բաբլոյանն էլ հայտարարեց, որ պատգամավորներից 18-ը վերջին տարիներին դադարել է ծխելուց, ինչը լուրջ ձեռքբերում է:
Նաիրա Զոհրաբյանը չծխող պատգամավորների ցանկում է և դժգոհեց, որ ծխողները քայքայում են նաև իր առողջությունը: Պատգամավորի կարծիքով` ծխելու դեմ պայքարելու համար առաջին հերթին պետք է բարձրացվեն ծխախոտի գները:
«Եթե ծխողները որոշել են իրենց առողջությունը թունավորել և հիվանդությունների ռիսկով տառապել, դա իրենց խնդիրն է: Հստակ վիճակագրություն կա, որ չծխողների մոտ, որոնք շնչում են ծխախոտի ծուխը, թոքի քաղցկեղի և նման այլ հիվանդությունների ռիսկայնությունը մեծանում է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքերով` ճիշտ ժամանակն է, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովում երկարատև «լռված» «Ծխելու սահմանափակումների մասին» օրենքի նախագիծը հնարավորինս արագ դրվի քննարկման:
Նաիրա Զոհրաբյանը կողմ է նաև, որ մեծացվեն չնախատեսված վայրերում ծխողների նկատմամբ կիրառվող տուգանքները: Պատգամավորն ասում է, որ երբ տաքսի է նստում, ու վարորդը ծխում է, անմիջապես իջնում է ավտոմեքենայից:
«Իմ գործընկերների մեծ մասն էլ ծխում է: Ծխում են հանձնաժողովների նիստերին, խմբակցություններում` ուղղակիորեն ոտնահարելով չծխողների իրավունքները: Ես իրենց իրավունքների մասին այլևս չեմ խոսում, որովհետև անիմաստ է: Եթե նրանք որոշել են իրենց սպանել, դա իրենց գործն է»,- հավելեց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը առաջիկայում հանդիպելու է ծխելու դեմ պայքարող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, և չի բացառվում, որ առաջիկայում մասնակցի քայլերթի Երևանի փողոցներով՝ բոլորին կոչ անելով չծխել:
Մեկնաբանել