«Թողեք տուն գա իմ տղան, էլի ձեր դատը արեք»
Երևանի բնակչուհի Փառանձեմ Հակոբյանը տղային՝ Արթուր Անդրեասյանին, վերջին անգամ տեսել է մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 6-ին նրա գործով հերթական դատավարության ժամանակ, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
«Իմ տղան՝ Արթուր Անդրեասյանը, ծանր հիվանդ է, վերջին դատական նիստին էլ գլուխն անընդհատ բռնում էր, աչքերի տակ փոսեր կային: Դատերից առաջ այնքան ցավազրկող է խմում, որ անջատվում է: Գլխուղեղում տրոմբ ունի ու կիստաներ: Բայց արդեն մեկ տարուց ավելի նրան պահում են կալանքի տակ»,- «Հետքին» պատմեց կալանավորի մայրը:

«Հետքը» մեկ ամիս առաջ անդրադարձել էր Արթուր Անդրեասյանի հիվանդության պատմությանը, ինչից հետո նրան տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»: «Արդեն 1 ամիս է՝ այնտեղ է, ստանում է բուժում, սիստեմաներ: Բայց, միևնույն է, կալանքի տակ է: Ես խնդրում եմ, որ դատարանը թողնի տուն տղայիս, թո էլի դատ անի, բայց վերացնի կալանքը: Մի՞թե առողջությունից թանկ բան կա, սա կյանքի հարց է»,- ասաց Փառանձեմ Հակոբյանը:
Վերջին դատական նիստի ժամանակ Արթուր Անդրեասյանի պաշտպան Մնացական Սարգսյանը գտնում է, որ անհրաժեշտ է անցկացնել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Առողջապահության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովը եկել էր այն եզրակացության, որ Արթուր Անդրեասյանը ստացիոնար բուժման կարիք չունի և կարող է գտնվել անազատության մեջ:

Իսկ մեղադրող դատախազը միջնորդել է դատարան հրավիրել ու լսել հանձնաժողովի երեք անդամներին: Փաստաբանը նաև մի քանի անգամ միջնորդություններ է ներկայացրել խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոխելու մասին, սակայն դատավոր Գագիկ Պողոսյանը դրանք մերժել է:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանը մեղադրվում է խարդախության մեջ (ՔՕ 178 հոդված, մաս 3, կետ 1, ըստ մեղադրանքի. «2010թ. հունիսին նա որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ»։
Լուսանկարներում անձնական տվյալները փակված են «Հետքի» կողմից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել