HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Դատավճիռ՝ հիմնված «վարկածի», «կարծիքի», «ոչնչի» վրա

«Մանանա Գրեյն» ՍՊԸ-ից 56.4 մլն. դրամ գողության, ինչպես նաև Պետրոս Գալուստովի ու Արտաշես Գալուստյանի ինքնասպանության առթիվ հարուցված քրեական գործերի նյութերից ակնհայտ է, որ դրանցից առաջինի գործով նախաքննական մարմինը կատարել է թերի քննություն: Չի բացառվում նաև քննությունը դիտավորյալ այլ ուղղությամբ տանելու հանգամանքը:

Ըստ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ից 56.4 մլն. դրամ գողության առթիվ հարուցված քրեական գործի՝

• 22/05/2012թ.-ին գողության կասկածանքով Էրեբունու բաժնի կողմից ձերբակալվել են Էդգար Կարաքեշիշյանն ու Արտաշես Գալուստյանը:

 • Նույն օրը Արտաշես Գալուստյանը տվել է խոստովանական ցուցմունքներ, դրանից հետո ևս երեք անգամ տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ:

 • 20/06/2012թ.-ին գողությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է Աշոտ Առուշանյանը:

 • 21/06/2012թ.-ին նախաքննությանն օժանդակելու պատճառաբանությամբ Արտաշես Գալուստյանն ազատվում է կալանքից և 26/06/2012թ.-ին հոր՝ Պետրոս Գալուստովի հետ կախվելու միջոցով ինքնասպան են լինում:

Գործում առկա են հինգ վկաներ՝ Կարեն Մկրտչյան, Արթուր Ղարաքեշիշյան, Աննման Պետրոսյան, Արմեն Մանուկյան և Արաքս Հարությունյան:

Նախաքննական մարմինը քննությունը կատարել է թերի:

Արտաշես Գալուստյանը Էդգար Կարաքեշիշյանը

Վկա Կարեն Մկրտչյան  

Կարեն Մկրտչյանը գործով ամբաստանյալ, այժմ հանգուցյալ Արտաշես Գալուստյանի սանիկ ն է: 2012 թ.-ի մայիսի 22-ին վերջինիս հետ բերման է ենթարկվել Էրեբունու ոստիկանության բաժին («ինքնասպանության գործի» նյութերից), սակայն Կարենը գողության գործով որպես վկա հարցաքննվել է միայն մայիսի 24-ին: Նա հայտնել է, որ ոչ մի տեղեկություն չունի Էդգարի ու Արտաշի կողմից 56.4 մլն. դրամի գողություն կատարելու վերաբերյալ, դրա մասին իմացել է ոստիկանության բաժին բերվելուց հետո:

Երկու օր հետո` մայիսի 26-ին Կարենը լրացուցիչ ցուցմունք է տալիս այն մասին, որ «2011 թ.-ի նոյեմբերի 22-ին առավոտյան կողմ, ժամը հստակ չեմ կարող հիշել Արտաշը զանգահարեց ինձ եւ ասաց, որ հանդիպենք: Պայմանավորվածության համաձայն Արտաշի հետ հանդիպեցի մինչեւ կեսօր, տեղը կոնկրետ չեմ հիշում, բայց նա Էդգարի հետ էր, որոնք նստելով իմ մեքենան, Արտաշն ինձ ցելաֆոնով փաթաթված ինչ-որ բան տվեց եւ ասեց, որ դա 6 մլն դրամ գումար է, պահեմ մոտս, ինքը կասի, թե ինչ կանեմ: Միաժամանակ Արտաշը ասեց, որ իրենք մեկնելու են հենց նույն օրը ՌԴ Մոսկվա քաղաք: Այդ պահին ես գումարը չհաշվեցի, քանի որ վստահում էի Արտաշին, ոչ նա, ոչ Էդգարը ինձ չասեցին, թե դա ինչ գումար է, որտեղից դա իրենց: Ես էլ չհարցրի դրա մասին»:

Իր ցուցմունքի մեկ այլ հատվածում Կարենը նշում է. «Այդ գումարի մասին բացի ինձնից ոչ ոք տեղյակ չի եղել, այն պահել եմ մեր ավտոտնակում», «Արտաշը մեկնելուց մոտ մեկ ամիս անց զանգեց ինձ եւ ասեց , որ էդ փողից տամ Արթուրին, չափը չասեց: Արթուրը եկավ եւ նշված փողից 1 կամ 1.5 մլն դրամ վերցրեց ու առանց ինձ ասելու, թե ինչի համար է իրեն պետք, գնաց: Դրանից հետո նորից նույն կերպ Արտաշի զանգելուց հետո Արթուրը նորից եկավ, բայց այս անգամ տարավ մինչեւ կես մլն դրամ», «Մարտի 7-ին գնացի ՌԴ Մոսկվա, հորաքրոջս որդու Վաղարշակ Բուշտունցնի մոտ՝ բիստրո աշխատացնելու համար: Այդ մասին հեռախոսով տեղյակ եմ պահել նաեւ Արտաշին, ով ինձ ասեց, որ մնացած գումարը վերածեմ ռուբլու, տանեմ հետս իրենց փոխանցելու համար: Այդպես էլ արեցի…», «որոշ ժամանակ անց, քանի որ բիստրոն իրեն չարդարացրեց, վերադարձել եմ Հայաստան»:

2012թ.-ի հունիս 12-ին Էրեբունու եւ Նուբարաշենի դատախազության դատախազ Տ. Ուզոյանը գրավոր ցուցում է տալիս գողության գործով քննիչ Մուշեղ Ալեքսանյանին: Այնտեղ կան ուշագրավ կետեր.

• Նկատի ունենալով, որ չի բացառվում մեղադրալներին տեղեկություն տվող անձը տեղեկություն հայտնած լինի Կարեն Մկրտչյանի կամ Արթուր Ղարաքեշիշյանի միջոցով, ուստի անհրաժեշտ է միջնորդություն ներկայացնել դատարան Կ. Մկրտչյանի 098-01-77-22, 094-01-77-22 բջջային հեռախոսներից 21/11/2011թ.-ին կատարած հեռախոսազանգերի վերծանումների, բաժանորդների տվյալները եւ կայանները, որտեղից կատարվել են զանգերը, ստանալու համար, առավել եւս, որ մեղադրյալ Գալուստյանը 21/11/2011թ.-ին ժամը 14:47, 14:52, 14:59, այնուհետեւ 15:18, 15:21 եւ 17:55 զանգել է Կ. Մկրտչյանին, իսկ վերջինս նույն օրը ժամը 12:05, 12:07, 14:11, 14:55, 14:57, 14:58, 15:23, 15:28 եւ 17:50, այսինքն՝ հանցագործության նախորդող եւ կատարման ժամանակահատվածում զանգել է Ա. Գալուստյանին: Նույն նպատակով անհրաժեշտ է ստանալ նաեւ Արթուր Ղարաքեշիշյանի 21/11/2011 թ.-ին կատարած հեռախոսազանգերի վերծանումները:

• Լրացուցիչ հարցաքննել վկա Արթուր Ղարաքեշիշյանին՝ դեպքի օրը Ա. Գալուստյանին եւ Է. Կարաքեշիշյանին իր կատարած հեռախոսազանգերի շուրջ:

Գործի նյութերից պարզվում է, որ դատախազ Տ. Ուզոյանի այս ցուցումի ոչ բոլոր կետերն են կատարվել:  

Այս ցուցումից հետո, հուլիսի 24-ին նոր միայն քննիչ Մուշեղ Ալեքսանյանը  Կարեն Մկրտչյանից պարզաբանումներ է պահանջում: Մասնավորապես՝

• Այն հարցին, թե ինչու առաջին ցուցմունքում Կարենը չի հայտնել իր կողմից վերցրած 6 մլն. դրամի մասին, Կարենը պատասխանում է, թե ինքը շատ էր վախեցել՝ մտածելով, որ իրեն կարող են անտեղի մեղադրել, իսկ դրանից հետո հասկացել, որ ավելի լավ է ճշմարտությունը հայտնի, քանի որ կատարվածում ինքը ոչ մի մեղավորություն ու կապ չի ունեցել:

• Այն հարցին, թե ինչն է պատճառը, որ Կարենը դեպքի օրը՝ 21/11/2011 թ.-ին եւ դրա հաջորդող օրվա ընթացքում Արտաշի հետ զրուցել է 14 անգամ, եւ թե արդյոք Կարենը Արտաշի հետ սովորական օրերին էլ է նույն հաճախականությամբ հեռախոսազրույց ունեցել, Կարենը պատասխանել է, որ Արտաշը իր քավորն է, եւ իրենք իրար հետ գտնվում են շատ լավ հարաբերությունների մեջ, գրեթե նույն հաճախականությամբ, նույնիսկ դրանից ավել հեռախոսազրույց է ունենում Արտաշի հետ:

• Այն հարցին, թե երբ է Կարենը գնացել Մոսկվա եւ երբ վերադարձել, Կարենը պատասխանել է, որ գնացել է 2012 թ.-ի մարտի 7-ին եւ վերադարձել մարտի 13-ին: Վերադառնալու պատճառը եղել է աշխատանքի պայմանների նպաստավոր չլինելը:

Վերլուծության ենթարկելով վերոնշյալ երկու քրեական գործերում առկա Կարեն Մկրտչյանին վերաբերելի բոլոր փաստական հանգամանքները՝

• Նախ արձանագրված փաստ է, որ Կարենը, այսպես ասած, վախենալով իրեն անհարկի մեղադրելուց, դիտավորյալ իր առաջին ցուցմունքում չի հայտնել գողության վերաբերյալ շատ կարեւոր փաստական հանգամանք՝ կախված 6 մլն դրամի հետ,որից հետո նոր հասկացել է,որ ավելի լավ է՝ճշմարտությունն ասի,քանի որ ինքը գողության հետ որեւէ կապ չունի: Այստեղ ուշագրավն այն է,որ եթե մարդ նշված հանցագործության հետ կապ չունի,ապա ինչու՞ պետք է վախենա ճշմարտությունն ասելուց,եթե այդ ճշմարտությունն իր մեջ քրեորեն պատժելի արարքներ չի պարունակում:Կարենի ցուցմունքից հետեւում է նաեւ, որ քանի որ ինքը գողության հետ որեւէ կապ չունի,հասկացել է (ընդ որում 2 օր է պահանջվել նրանից դա հասկանալու համար),որ ավելի լավ է՝ճշմարտությունը ասի:

• Կարենը նշում է,որ 22.11.2011թ.-ին Արտաշը առավոտյան կողմ զանգահարել է իրեն, որից հետո կեսօրին հանդիպել են եւ 6 մլն դրամը վերցրել է…Մանրամասն վերլուծության ենթարկելով Արտաշես Գալստյանի (093) 80-70-27 հեռախոսահամարի եւ Կարեն Մկրտչյանի (094)/(098) 01-77-22 հերախոսահամարների վերծանումները՝ պարզ է դառնում,որ Կարենի հայտնած տվյալը չի համապատասխանում իրականությանը: Նախ, Արտաշը 22.11.2011թ.-ին չի զանգահարել Կարենին(այդպիսի վերծանում ուղղակի չկա), եւ երկրորդ,այդ օրը այդպիսի մի համընկնում նշված անձանց հեռախոսների տեղակայման վայրերի չկա: Նշվածից հետեւում է,որ գումարը(6 մլն) Արտաշը Կարենին փոխանցել է նախորդ օրը՝դեպքի կատարման օրը, քանի որ 22.11.2011թ-ին Էդգարն ու Արտաշը մեկնել են ՌԴ,այսինքն՝ չէին կարող 22.11.2011թ-ից հետո փոխանցել:

• Ինչ վերաբերում է Կարենի ցուցմունքի այն հատվածին,որ ինքը մտածում էր,որ այդ 6 մլն դրամը Արտաշի աշխատանքի պատվերի գումարն է,եւ ինքը դա պահել էր ավտոտնակում, ուրիշ ոչ ոք չգիտեր դրա մասին, ապա այստեղ էլ ուշագրավն այն է,որ այդ ինչ 6 մլն դրամ պատվերի գումար էր (Արտաշը զոդող էր),որը անպայման ի պահ պիտի տրվեր Արտաշի սանիկ Կարենին եւ հիմնականում տնօրինվեր Էդգարի եղբայր Արթուրի կողմից: Բացի այդ,եթե Կարենը իրոք մտածում էր,որ դա պատվերի գումար է,ապա իր մոտ կասկած չէ՞ր հարուցում այն հանգամանքը, որ պատվեր ստանալուց հետո, այն էլ գումարը ստանալուց հետո. Արտաշն առանց պատվերը կատարելու իր ընկերոջ հետ մեկնում է ՌԴ: Այս կոնտեքստում շատ ոչ տրամաբանական է այն հանգամանքը, որ Կարենը այդ գումարը պահել է ավտոտնակում, այլ ոչ թե տանը: Որն էր այդ գումարը տնեցիներից գաղտնի պահելու պատճառը:

 • Այժմ վերլուծության ենթարկեք Կարենի՝ Մոսկվա մեկնելու,վերադառնալու եւ գումարի մնացած մասը իր հետ ՌԴ տանելու հանգամանքները: Ինչպես Կարենի ցուցմունքից է երեւում,Կարենը ՌԴ է գնացել 07.03.2012.թ.-ին՝ իր հետ տանելով մոտ 4 մլն դրամին համարժեք ռուբլի՝ ի դեպ, այս թիվը եւս պատահական համարել չի կարելի, քանի որ հենց այդքան գումար է թույլատրվում քաղաքացիներին իրենց հետ կանխիկ տեղափոխել արտերկիր: Կարենը Հայաստան է վերադարձել 13.03.2012թ.-ին՝ մի դեպքում որպես վերադառնալու պատճառ նշելով, թե իբր այն բիստրոն,որն ինքը պետք է աշխատացներ, իրեն չարդարացրեց, մեկ այլ դեպքում նշելով, որ պայմանները լավը չէին: Այդտեղ ուշագրավն էլ այն է, որ այդ ինչպես եղավ, որ նա գնացել էր իր եղբոր(ազգական) մոտ աշխատելու եւ այդքան քիչ ժամանակ անց պարզեց, որ պայմանները լավը չեն ու որոշեց ետ վերադառնալ: Հատկանշական է, որ նախաքննական մարմինը ոչ մի կասկածելի եւ արտառոց բան չի տեսել Կարենի՝ նշված հանգամանքի շուրջ ցուցմունքների հակասության մեջ: Այս կոնտեքստում չի բացառվում,որ Կարենը միայն գումարը Էդգարին եւ Արտաշին հասցնելու համար մեկնած լինի ՌԴ, քանի որ եթե գնում ես ազգականիդ մոտ բիստրո աշխատացնելու, դժվար թե 6 օրվա ընթացքում եզրակացնես, որ այն իրեն չի արդարացնում:

• Այո, դատախազ Տ. Ուզոյանը իր վերեւում նշված ցուցումի մեջ  նկատել է, որ Կարենը դեպքի նախորդող ժամանակահտվածում եւ դեպքի ժամանակ թվով 14 անգամ հեռախոսային կապի մեջ է եղել Արտաշի հետ,այնուհետեւ մատնանշել այդ առիթով Կարենից բացատրություն պահանջելու անհրաժեշտությունը: Ի դեպ՝ քննիչի այն ակնհայտ ուղղորդող հարցին, թե արդյոք Կարենը մյուս օրերին էլ է այդքան հաճախակի հեռախոսային կապի մեջ եղել Արտաշի հետ,վերջինս հաստատապես է պատասխանել՝ նշելով մյուս օրերին ավելի շատ թվով զանգեր է կատարել: Առաջին հայացքից պատճառաբանված պատասխան է, սակայն երբ մանրամասն վերլուծության ենք ենթարկում Կարենի 2 հեռախոսահամրների, ինչպես նաեւ Արտաշի հեռախոսահամարի 2011թ.-ի նոյեմբերի 19-22-ի վերծանումները, պարզ է դառնում հետեւյալը: Նախ, ի հակադրություն Կարենի ասածի, որ մյուս օրերին ավելի հաճախակի է զանգահարել Արտաշին,կամ Արտաշը իրեն, պարզ է դառնում, որ Կարենը ստել է, քանի որ գողության գործում առկա վերծանումներով ոչ գողության նախորդող 2 օրերին եւ ոչ էլ հաջորդող օրը որեւէ զանգ այդ երկու անձանց միջեւ չկա, բացառությամբ Արտաշի կողմից 22.11.2011թ. ժամը 16-ն անց 48 րոպեին Զվարթնոց օդանավակայանից Կարենին զանգահարելը (հավանաբար հաջողություն ասելու նպատակով): Նշվածից հետեւում է, որ վերոնշյալ 14 զանգերը մեծամասամբ գողության ընթացքում ամենեւին էլ պատահական չեն եղել, իսկ Կարենի կողմից քննիչի հարցերին այլ կերպ պատասխանելը, քան իրականությունն է, չի բացառվում, որ կատարված լինի քննիչի հետ նախօրոք պայմանավորվածության համաձայն: Կարենի՝ գողության գործին հնարավոր մասնակցության հնարավորությունը ավելի է ուշագրավ է դառնում, երբ ուսումնասիրում ենք Կարենի եւ Արտաշի հեռախոսահամարների վերծանումները՝ հատկապես ըստ Կարենի եւ Արտաշի հեռախոսահամարների տեղակայման դիրքերի: Այսպես՝ Արտաշես Գալուստյանը 21.11.2011թ. 14:00 եղել է Գ.Նժդեհի 37 հասցեում,Կարեն Մկրտչյանը նույն օրը 14:00 Գ.Նժդեհ 45 հասցեում, 14:59 երկուսով գտնվել են Արգիշտի 4/1 հասցեում,15:23-ին՝ Խորենացի 24 հասցեում,15:28-ին՝ Արամի 1 հասցեում: (Գողությունը կատարվել է 14:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում): Հատկանշական է նաեւ այն, որ Կարեն Մկրտչյանը 21.11.2011թ.-ի 15:18-15:21 ժամանակահատվածում եղել է դեպքի վայրում՝Արշակունյաց 2ա հասցեում: Ակնհայտ է,որ նշված հանգամանքները պետք է մանրամասն ստուգվեին նախաքննական մարմնի կողմից, մանավանդ՝ըստ գործի նյութերի,պարզված չէ, թե Էդգար Կարաքեշիշյանի մեքենան ինչպես է հեռացվել դեպքի վայրից, ի դեպ՝ այս հարցը նույնիսկ չի էլ բարձրացվել ինչպես նախաքննական մարմնի, այնպես էլ՝պաշտպանական կողմերի կողմից:

• Մյուս կասկածելի հանգամանքն այն է, որ ոչ մի խուզարկություն չի իրականացվել Կարենի ինչպես տանը, այնպես էլ ավտոտնակում, այդ էլ այն պարագայում, երբ Կարենը ընդունել էր, որ ինքն այդ գումարը թաքցրել է, ինչպես նաեւ գողացված գումարից ընդամենը 900 հազար դրամ է հայտնաբերվել:

• Գողության գործով ողջ դատաքննության ընթացքում(մոտ 2 տարի է, ինչ դատաքննությունը շարունակվում է) Կարենն այդպես էլ դատարանում չհայտնվեց եւ հարցաքննության չենթարկվեց՝ ամեն անգամ պատճառաբանելով, թե գտնվում է արտասահմանում: Ի դեպ՝ առկա են տվյալներ,որ Կարենը միտումնավոր խուսափում է դատարան ներկայանալուց, եղել է դեպք, որ նա ծանուցագիր ստանալուց հետո է լքել երկիրը: Այս հանգամանքները պետք է մանրամասն ստուգվեին «ՍԵԿՏ» համակարգի միջոցով:

 • Համաձայն դատախազ Տ.Ուզոյանի ցուցման՝ չի բացառվում նաեւ, որ գողություն կատարողներին տրամադրած լինեն Կարենի միջոցով, որպիսին հանգամանքը միտումնավոր, թե պատահականորեն անտեսվել է նախաքննական մարմնի կողմից, քանի որ եթե իրականացվեր բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն, ապա միայն գողության գործում առկա հեռախոսային վերծանումներից պարզ կդառնար լրացուցիչ պարտադիր պարզաբանման ենթակա հետեւյալ հանգամանքը.

 21.11.2011թ. ժամը 11:32-ին Կարեն Մկրտչյանի (098) 01-77-22 հեռախոսահամարին հեռախոսազանգ է եղել Արարատ մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ Արփինե Մաթեւոսյանի անվամբ գրանցված (094) 52-26-86 հեռախոսահամրից, որից հետո արդեն 12:05-ին եւ 12:06-ին Կարենը զանգահարել է Արտաշին եւ զրուցել մոտ 10 րոպե:

Չնայած առկա է հսկող դատախազի ցուցումը, սակայն քննիչ Մուշեղ Ալեքսանյանն ընդհանրապես քննություն չի կատարել այս ուղղությամբ: Այս հանգամանքը ուշագրավ է դառնում նաեւ,երբ հաշվի ենք առնում հետեւյալ հանգամանքները.

ա) Արտաշես Գալուստյանի հեռախոսային վերծանումից պարզ է դառնում, որ նրա հեռախոսը 12:40-ից նոր սկսել է սպասարկվել Նոր Խարբերդից, որից րոպեներ հետո նոր նույն վայրով անցել է տուժող Արմեն Մանուկյանը, այսինքն՝մեղադրյալները հստակ տեղեկություն են ստացել Արմեն Մանուկյանի գալու ժամի մասին, այլապես եթե նույնիսկ 20-30 րոպե ուշանային,նրանք տուժողին չէին տեսնի:

բ) Ըստ Արտաշես Գալուստյանի ցուցմունքի՝ մեքենայի ետեւի նստարանին նկատել է սեւ պոլիէթիլային տոպրակը եւ այլ իրեր, որոշեցին տանել այն: Նշվածից հետեւում է, որ գողություն կատարողները հստակ իմացել էին, թե գումարը ինչի մեջ է դրած(տվյալ դեպքում պոլիէթիլային տոպրակ), իսկ պոլիէթիլային տոպրակն էլ իր հերթին դրված է մեքենայի հետեւի նստարանին: Սա բացատրվում է նրանով, որ, ըստ տուժողի եւ նրանց գանձապահի ցուցմունքի, հնարավոր չէր դրսից նկատել, որ նշված պոլիէլթիլային տոպրակի մեջ գումար է: Այսինքն՝ եթե գողություն կատարողները միայն տեղեկություն ստացած լինեին, թե այսինչ մեքենայով գումար էին բերում, կասկածից վեր է, որ գողություն կատարողները, նպատակադրվելով գնալ այդ քայլին, կգնային ռիսկի եւ կոտրելով մեքենայի ապակին՝ կգողանային մեքենայի ետեւի նստարանին դրված սեւ պոլիէթիլային տոպրակը եւ ճամպրուկը, որի մեջ, ըստ տուժողի ցուցմունքի, երբեք գումար չի դրվել: Առավել հավանական կլիներ նախապես համոզվելը, որ գումար կա, ինչպես նաեւ մեքենայի բեռնախցիկից այդ հավանական գումարի գողությունը, որն ավելի ապահով վայր է գումարը պահելու տեսանկյունից: Այսինքն՝ երբ ցուցմունքում նշվում է, որ տեսնելով սեւ պոլիէթիլային տոպրակը եւ մի քանի այլ իրեր՝ որոշեցինք տանել այն, ապա պարզից էլ պարզ է, որ հենց այդ սեւ տոպրակն էլ փնտրում էին նրանք:

Վկա Արթուր Ղարաքեշիշյան

Արթուր Ղարաքեշիշյանը ամբաստանյալ Էդգար Կարաքեշիշյանի եղբայրն է: Արթուրի անունը գողության գործում շոշափվում է դեռևս 06.12.2011թ.-ին , մասնավորապես՝ հեռախոսային խոսակցությունների վերծանումները ստանալու թույլտվության միջնորդությունը քննության առնելու մասին որոշման մեջ, որտեղ նշվում է հետևյալը, «2011թ.-ի նոյեմբեր ամսին ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ է ստացվել այն մասին, որ Արթուր Ղարաքեշիշյանը իր եղբոր՝ Էդգար Կարաքեշիշյանի անվամբ հաշվառված «Աուդի A4» մակնիշի ավտոմեքենայով ակնհայտ հետեւել է տուժող Ա. Մանուկյանին և հանցագործության ժամանակ նկատվել է դեպքի վայրին հարող տարածքում: Ըստ տարածքում գործող տեսախցիկների տեսագրությունների վերլուծությունից հնարավոր է, որ նշված հանցագործությունը կատարած կամ կազմակերպած լինի Արթուր Ղարաքեշիշյանը: Դատարանը, ի դեմս Ռ. Վարդազարյանի, հիմնվելով վերոնշյալի վրա, որոշել է բավարարել Արթուր Ղարաքեշիշյանի հեռախոսահամարների վերծանումների ստացման միջնորդությունը, սակայն, ինչպես պարզ դարձավ, գործում առկա չեն Արթուրի հեռախոսների վերծանումները(կամ ի սկզբանե չեն պահանջվել կամ էլ հետագայում գործից հանվել են), նշված վերծանումները չեն պահանջվել նաեւ հսկող դատախազ Տ. Ուզոյանի արդեն հիշատակված 12.06.2012թ.-ի ցուցումից հետո, որտեղ Ուզոյանը նույն կասկածները՝ կապված դեպքի ժամանակ եւ՛ Էդգարի,եւ՛ Արտաշի զանգահարելու հետ հայտնել է նաեւ Արթուրի մասին, որից հետո ցուցում է տվել պահանջելու վերջինիս հիշատակված վերծանումները: Եղբայրներ՝ Արթուրի եւ Էդգարի ինչ-որ բան թաքցնելու մասին է խոսում նաեւ հետեվյալ հանգամանքը՝ Արթուրի (094) 99-90-45 հեռախոսահամարի գաղտնալսումից մեջբերված է հետեվյալը, որ Արթուրը հարցնում է իր եղբորը՝ Արթուր- Լսի, էն Մարիամիկը կա՞, էն Սվետիկենց տեքրոջ տղեն ա՞: Էդգար- Հա:

Ակհհայտ է,որ Մարիամիկը չի կարող Սվետիկենց տեքրոջ տղեն լինի, բայց որ ինչ-որ ուրիշ բանի մասին են խոսում դա փաստ է: Ճիշտ է, պարտադիր չէ, որ նշված հանգամանքը անմիջականորեն կապված լինի գողության դեպքի հետ, սակայն այն պետք է առնվազն կասկած առաջացներ նախաքննական մարմնի մոտ: Այժմ մեջբերեմ Արթուր Կարաքեշիշյանի 26.05.2012թ.-ի որպես վկա տված ցուցմունքից հատվածներ.

«2005թ.-ի սեպտեմբերի 21-ից աշխատել եմ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժաումներում, իսկ վերջերս Երեւան քաղաքի ՊՊՍ գնդում որպես ոստիկան՝ավագ կոչումով», «2011թ.-ի նոյեմբերի 21-ին համարյա թե ամբողջ օրը գտնվել եմ տանը, քանի որ այդ ժամանակաշրջանում հիմնականում գիշերային հերթափոխի էի եւ հանգստանում էի ցերեկը», «նշեմ, որ այդ ավտոմեքենան հաշվառված էր Էդգարի անվամբ, որը ինձ 22.05.2012թ.-ի մեկնելուց առաջ լիազորագիր էր տվել այն վաճառելու համար, որն էլ ես 25.05.2012թ.-ի երկու միլիոն դրամով առքուվաճառքի պայմանագրով վաճառել եմ եւ նույն օրը կատարել վերագրանցումը: Նշեմ, որ ես դա կատարել եմ նյութական կարիքից ելնելով, այլ նպատակ կան շահ չեմ ունեցել»:

Ինչպես երեւում է Արթուրի ցուցմունքից նա միտումնավոր կերպով չի նշել,որ նախքան Երեւան քաղաքի վարչության ՊՊՍ գնդում աշխատելը, աշխատել է Երեւան քաղաքի ՕՎՈՅ-ում, որտեղ պահակություն է արել բանկային համակարգում, այս հանգամանքը պարզ է դառնում ինքնասպանության գործում առկա Արթուր Ղարաքեշիշյանի հոր եւ մոր ցուցմուքներից, որտեղ վերջիններս հայտնում են, որ մինչեւ 2011-2012թթ. Արթուրը բանկերում պահակություն է արել: Առավել խորանալով այս հարցի շուրջ, ինչպես նաեւ զրուցելով Արթուրի նախկին կոլեգաներից մեկի հետ՝պարզ դարձավ մի շատ կարեւոր հանգամանք, որ նախաքննական մարմինը չէր պարզել (միտումնավոր, թե պատահական): Պարզվեց, որ Արթուր Ղարաքեշիշյանը պահակություն է արել հենց  « Էյջ-Էս-Բի-Սի» բանկում: Այս հանգամանքում կարելի է նաեւ համոզվել այդ բանկի աշխատակիցներին հարցաքննելուց հետո: Բոլորովին վերջերս՝ 16.06.2014թ.-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Մակյանը կայացրեց դատավճիռ,որտեղ նշեց, որ Էդգար Կարաքեշիշյանը բացի Աշոտ Առուշանյանից այլ ծանոթ «Էյջ-Էս-Բի-Սի» բանկում չուներ՝ չանդրադառնալով այն հանգամանքին, թե որտեղից է հիմնավորվում,որ տվյալ գողությանն օժանդակողը անպայման հիշյալ բանկից է եղել: Ինչ վերաբերում է Արթուրի ցուցմունքի այն մասին, թե ինքը 21.11.2011թ.-ի համարյա թե ամբողջ օրը եղել է տանը, ապա այս հանգամանքը ինքնին շատ կասկածելի է՝

նախ,Արթուրը ինչպես հիշեց, թե մոտ յոթ ամիս առաջ կոնկրետ այդ օրը ինչ է արել, բացի դա հեռախոսային վերծանումներից(Էդգարի եւ Արտաշի) երեւում է,որ Արթուրը պարբերաբար զանգահարել է վերջիններիս: Շատ կասկածելի է նաեւ այն հանգամանքը, որ իր եղբոր ձերբակալումից երեք օր անց իր եղբոր անվամբ հաշվառված մեքենան Արթուրը մեկ օրվա մեջ վաճառել է՝պատճառաբանելով, թե դա արել է նյութական կարիքներից ելնելով, դա էլ այն դեպքում, երբ անձնական զննության Էդգարի մոտից հայտնաբերվում է մոտ մեկ միլիոն դրամ, նրանց տանը խուզարկությամբ հայտնաբերվում է երկու հարյուր քառասուն հազար դրամ, ինչպես նաեւ « Յունիբանկ» ՓԲԸ-ի կողմից Քրիստինե Թադեւոսյանի անվամբ տրված ավանդներրի հատուցման երաշխավորման պայմանների եւ կարգի մասին ծանուցում եւ դրան կից «Հաճախորդ-պայմանագրեր-ժամանակացույց»: Ակնհայտ է, որ Քրիստինե Թադեւոսյանի անվամբ ավանդ է դրվել «Յունիբանկ ՓԲԸ-ում», որը հնարավոր է նաեւ եղած լինի գողացված գումարն ամբողջությամբ կամ դրա մի մասը: Համենայնդեպս, նախաքննական մարմինը ոչ միայն չի ստուգել Քրիստինե Թադեւոսյանի ինքնությունը, թե ինչ կապ ունի Արթուրի կամ Էդգարի հետ, չի պարզել, թե նշված ավանդի գումարն ումն է, որտեղից եւ այլն, (քանի որ լուրջ կասկածի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ եթե նշված ավանդը ամբողջությամբ Քրիստինե Թադեւոսյանինը լիներ, ապա դրա հետ կապված ամբողջ փաստաթղթերը կգտնվեին հենց նրա մոտ,այլ ոչ թե մեկ ուրիշի տանը), այլեւ անվերապահորեն հավատացել է Արթուրի այն դնդմանը, որ ինքը մեքենան վաճառել է նյութական կարիքներից ելնելով: Պակաս արտասովոր չէ նաեւ այն հանգամանքը, որ 21.11.2011թ.ից հետո եղբոր՝ Էդգարի Մոսկվա գնալուց մոտ մեկ ամիս անց զանգահարել է Էդգարին, իբր թե տան հոգսերի համար մեկ ու կես միլիոն դրամ խնդրել: Այդ ինչպես եղավ, որ դեռ նոր Մոսկվա գնացած, որեւէ մասնագիտություն չունեցող իր եղբորից ակնկալում էր, որ վերջինս Արթուրին կուղարկի մեկ ու կես միլիոն դրամ այն էլ մեկ ամսվա ընթացքում: Ինչ խոսք, նման գումար ուզելու համար պետք է թերեւս վստահ լինել , որ ումից որ ուզում ես ,տվյալ դեպքում Էդգարը, ունի այդպիսի գումար: Բացի դա, Կարեն Մկրտչյանի ցուցմունքից երեւում է, որ Արթուրն անձամբ է վերցրել իրեն անհրաժեշտ գումարը այն վեց միլիոնից, որի մասին արդեն նշվել է, այսինքն՝ նա գիտեր, որ Էդգարն իրեն ուղղորդում է գումար վերցնել ընդհանուր վեց միլիոնից, ինչը պետք է, անշուշտ, նվազագույնը մտորումների տեղիք տար ավագ եղբորը: Որեւիցե տրամաբանության մեջ չի տեղավորվում նաեւ այն, որ Արթուրը ամբողջ երկու տարվա մեջ այդպես էլ ներկա չգտնվեց եղբոր գեթ մեկ դատական նիստին,եւ լինելով գողության գործով վկա, ամեն կերպ խույս է տվել ներկայանալ դատարանին:

Փաստորեն, այս ողջ քրեական գործի բոլոր ճչան ամպացույցներն անտեսվել են, եւ ողջ քննությունն ուղղվել է մեկ մարդու նկատմամբ արհեստական ապացույցի հիմնավորմանը: Այսինքն հանգուցյալ-մեղադրյալ Արտաշես Գալուստյանի ցուցմունքի հիմնավորմանը: Ցուցմունք՝ լի բազում հակասություններով, չհիմնավորված քրեական գործի եւ ոչ մի փաստական տվյալով:

Իսկ ամենազավեշտալին, որ դատավոր Մեսրոպ Մակյանը, երբ դեռեւս գործում էր արդարադատության սահմաններում եւ առանց «ճնշումների» անթույլատրելի ճանաչեց Արտաշես Գալուստյանի՝ Աշոտ Առուշանյանի դեմ տված ցուցմունքը, սակայն վերջում «ճնշումների» ազդեցությամբ կայացրեց մեղադրական դատավճիռ: Դատավճիռ՝ հիմնված «վարկածի», «կարծիքի», «ոչնչի» վրա, առանց անգամ կեղծ, հակասություններով լի ապացույցի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter