Հայաստանն ընդունել է ԱՊՀ երկրների հարկային հետաքննության մարմինների պատվիրակություններին
Հոկտեմբերի 9-ին Երևանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 16-րդ նիստը:
Ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն` խորհուրդը ԱՊՀ գործադիր կոմիտեի և հրավիրված կողմերի` Լատվիայի ու Վրաստանի Հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել է հարկային հանցավորության դեմ պայքարի ուղղություններն ու երկրների համագործակցության հարցը:
Մասնավորապես` ուրվագծվել է արտերկրում հաշվեհամարի բացման ոլորտում իրավախախտումների դեմ պայքարի հարցով ԱՊՀ երկրների հարկային հետաքննության մարմինների համագործակցության կատարելագործման սցենարը: Քննարկվել են վերլուծական աշխատանքների կատարման մեթոդներ, որոնց օգնությամբ դուրս են հանվում տնտեսության առավել ռիսկային և հանցավոր ուղղությունները, ըստ որոնց` կազմակերպվում է օպերատիվ մարմինների պայքարը` երկրի տնտեսական անվտանգության ապահովման նպատակով: Կարևորվել է նաև ԱԱՀ-ի վճարումից խուսափելու գործոնը բացահայտելու համար մասնակից երկրների ուժերի համախմբումը: ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը ներկայացրել է հարկային իրավախախտումների դեմ պայքարում Հայաստանի փորձը և լսել մյուս երկրների գործընկերներին:
«Կարծում եմ` ԱՊՀ երկրների մեր գործընկերների հետ փորձի փոխանակման և ընդհանուր խնդիրների բարձրաձայնման միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ եղանակներ գտնել ու կիրառել մեր աշխատանքում` երկրի տնտեսական անվտանգությունն ապահովելու նպատակով»,- նկատել է ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության 2-րդ բաժնի պետ Գարիկ Դարբինյանը:
Բելառուսի Հանրապետության պետական վերահսկողության կոմիտեի ֆինանսական հետաքննության դեպարտամենտի տնօրեն Իգոր Մարշալովի գնահատմամբ` ԱՊՀ երկրների հարկային հետաքննության մարմինների համագործակցության մակարդակը բավական բարձր է: «Ներկայում շատ է տարածված արտերկրում ձեռնարկատիրության գրանցումը` ոչ ռեզիդենտի անունով: Նման հանցագործություններն առանց համագործակցության չափազանց դժվար է բացահայտել: Համատեղ աշխատանքի շնորհիվ ենք նաև վեր հանում մեր երկրների տարածքում կեղծ ձեռնարկատիրության դեպքերը»,- ասել է Իգոր Մարշալովը:
Ի. Մարշալովը ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահության իրավունքը փոխանցել է Հայաստանի ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ Ռոբերտ Գալոյանին:
Նիստի ավարտին Հայաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչներն արձանագրություն են ստորագրել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել