
Անհասկանալի գրքի անհասկանալի պատմություն
Նարինե Ղազարյան
Մաս 1-ին
8 տարի առաջ 2006 թվականին ԵՊՀ-ում հրատարակվել է «Մոլեկուլային ֆիզիկա» անվանմամբ ուսումնական ձեռնարկ: Շուրջ 8 տարի` սկսած 2006 թվականից, ֆիզիկոս ուսանողները մոլեկուլային ֆիզիկայի լաբորատոր աշխատանքները կատարելիս օգտագործում են այդ ձեռնարկը:
Ձեռնարկն ուներ 3 հեղինակ, որոնցից մեկը` Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի ներկայիս վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ե. Դալյանն է:
Այդ գիրքը նախատեսված է 1-ին կուրսի ուսանողների համար, որոնք այդպիսի ուսումնական ձեռնարկների օգնությամբ պիտի կատարեն մասնագիտական փորձեր և, կարելի է ասել, մուտք գործեն էքսպերիմենտալ ֆիզիկայի աշխարհ: Ուստի դժվար է թերագնահատել նման ուսումնական ձեռնարկների որակի կարևորությունը:
Փորձենք ընթերցել այն հենց սկզբից: Մինչ ձեռնարկը կարդալը ես ստույգ գիտեի ջերմաստիճանի և մասնիկների կինետիկ էներգիայի միջև կապը: Բայց առաջին երկու էջը կարդալուց հետո իմ գլխի մեջ սկսեց խառնաշփոթ առաջանալ: Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե այդ տեքստը ինչպիսի «շիլափլավ» պիտի առաջացնի ուսանողների մոտ, որոնք նոր են սկսում ծանոթանալ նյութին:
Ձեռնարկը լի է տարատեսակ բանաձևերով, դրանց դուրս-բերումներով (մեծամասնությամբ անհասկանալի, հաճախակի ոչ կոռեկտ, եթե չասենք` սխալ): Բանաձևերում տրված են տարատեսակ ֆիզիկական մեծություններ, սակայն գրեթե ոչ մի տեղ չեն բերված այդ մեծությունների չափման միավորները: Ես երբեք չեմ հանդիպել ֆիզիկայի դասագիրք կամ ուսումնական ձեռնարկ, որում չնշվի ֆիզիկական մեծության չափման միավորը: Մեծությունը ստանում է իր ֆիզիկական իմաստը շնորհիվ իր չափման միավորի: Առանց չափման միավորի նա մնում է պարզապես լատինական կամ հունական այբուբենի մի տառ: Ինչպես եք պատկերացնում առանց չափման միավորների մի գիրք, որը հատուկ գրված է հենց չափումներ կատարելու համար:
Բայց դա դեռ չարիքի կեսն է: Գրքի մեջ կան բազմաթիվ սխալներ և անհամապատասխանություններ, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել, որպես տպագրական վրիպակ (ի դեպ տեքստում տեղ են գտել նաև իրական վրիպակներ, բայց դրանց համար պատասխանատվությունը ենթադրաբար կրում է արդեն հրատարակչությունը):
Ձեռնարկի հենց առաջին աշխատանքի բացատրության հենց առաջին բանաձևում արդեն չափման միավորները իրար չեն համապատասխանում: Տեքստում ամենուրեք խառնված են վեկտորական և սկալյար մեծությունները: Այդյունքում հայտնվում են գոյություն չունեցող մեծություններ: Պատահում է նույնիսկ, իրար հաջորդող բանաձևերի մեջ նույն մեծությունն ունի տարբեր չափողականություն: Ֆիզիկական մեծությունների իմաստը աղավաղված է` դա նման է, օրինակ, նրան, որ դուք բանաձևի մեջ արագությունը «v = 50 կմ/ժ» արտահայտութան փոխարեն գրեք արագությունը «v = 50 կմ», հետո էլ տեքստի մեջ բառերով ավելացնեք, որ դա վերցված է 1 ժամում: Միգուցե նման տրամաբանություն հարիր է կենցաղային զրույցին, բայց ֆիզիկայի դասագրքի մեջ դա բացառապես անթույլատրելի է:
Ինձ համար մնաց անհասկանալի, թե ով է իրականում գրել այդ ձեռնարկը: Տիկին Դալյանը ձեռնարկի վերաբերյալ հարցերին արձագանքում է զարմացած հարցով` «իսկ ի՞նչ է այնտեղ գրված»: Կարող է ստեղծվել տպավորություն, որ նա ոչ միայն չի գրել այդ գիրքը, այլ մինչ օրս չի էլ կարդացել այն: Երկրորդ հեղինակը` ֆիզիկայի ֆակուլտետի նախկին դեկանի տեղակալ լուսահիշատակ Վ. Վարդանյանն էր: Այդ հիասքանչ մարդը տարիներ շարունակ իր ուժերը և ժամանակը ամբողջությամբ նվիրում էր ֆիզիկայի ֆակուլտետին և իր ուսերի վրա տանում էր ֆակուլտետի ուսման պրոցեսի կազմակերպման ամբողջ բեռը: Ի դեպ, կատարում էր այդ աշխատանքը մեծ հաջողությամբ, ինչը հատկապես վառ և բացահայտ զգացվում է հիմա` իր մահից հետո: Մի կողմից կասկածելի է, որ նա ունենար ժամանակ, որը կարող էր տրամադրել ձեռնարկ գրելուն: Մյուս կողմից, եթե անգամ այդ հմուտ մանկավարժը անձամբ գրեր որևէ ձեռնարկ, ապա, իմ խորին համոզմամբ, իր գրված ձեռնարկը կլիներ շատ ավելի որակյալ:
Երրորդ հեղինակը` Կ.Քարամյանը նույնպես չի թողնում հեղինակի տպավորություն, քանի որ չկարողացավ բացատրել գրքի մեջ բերված որոշ բանաձևերը:
Մյուս կողմից արժե արդյոք ընդհանրապես քննարկել հեղինակի հարցը, եթե ուշադիր համեմատելու դեպքում պարզ է դառնում, որ գրքի տարբեր կտորներ և բանաձևեր ուղղակի թարգմանված և արտագրված են տարատեսակ ռուսալեզու դասագրքերից: Ընդ որում կտորները ընտրված և իրար կպցրած են անփույթ և հաճախակի իրար անհամապատասխան:
Ուստի թողնենք մի կողմ հեղինակի հարցը: Ի վերջո, այնքան էլ կարևոր չէր լինի` արտագրված է ձեռնարկը թե ոչ, եթե այն ստացվեր հաջող և նպաստեր ապագա ֆիզիկոսների ուսմանը:
Առավել զարմանալի է ուրիշ բան. 8 տարի շարունակ ամբիոնի մի քանի դասախոս օգտագործում էին և շարունակում են օգտագործել այս գիրքը, որպես լաբորատոր աշխատանքների միակ ձեռնարկ: Եվ դրանցից ոչ մեկը չի՞ նկատել ձեռնարկում տեղ գտած սխալները: Քանի որ, եթե այդ սխալները որևէ մեկը նկատեր, ապա, ըստ տրամաբանության, դրանք ուղղված կլինեին վերահրատարակման ժամանակ: Սակայն 2013 թվականին ձեռնարկը վերահրատարակվել է առանց որևէ փոփոխության, բոլոր սխալներով և նույնիսկ տպագրական վրիպակներով հանդերձ:
Ինչպե՞ս կարող էր պատահել նման անհավանական բան: Մի՞թե նրանցից ոչ ոք չի նկատել գրքի թերությունները:
Կարելի է բերել մի շարք բացատրություններ.
Ա. Դասախոսները դասավանդման ընթացքում ձեռնարկը չեն էլ կարդացել:
Բ. Դասախոսները ուղղակի չգիտեն իրենց դասավանդման առարկան և, ուստի, չէին էլ կարող նկատել սխալները:
Գ. Դասախողները նկատել են սխալները, սակայն անհայտ պատճառով չեն հայտնել դրանց մասին գլխավոր հեղինակ ամբիոնի վարիչ Ե. Դալյանին:
Դ. Դասախոսները տեսել են սխալները և հայտնել են հեղինակներին, սակայն հեղինակները արհամարել են դա և չեն ուղղել:
Ե. Հեղինակները, տեղեկանալով սխալների մասին, միգուցե կուզեին շտկել սխալները, սակայն չէին կարողացել անել ճիշտ ուղղումներ, քանի որ իրենք էլ լավ չէին հասկանում գրքի բովանդակությունը:
Դժվար է կռահել, թե այդ բացատրություններից որը, կամ որոնք են համապատասխանում իրականությանը: Բայց բոլոր տարբերակներն էլ անչափ ցավալի են եթե չասենք` հանցավոր:
Սակայն փաստը մնում է փաստ` տարիներ շարունակ այդ դասախոսները «սովորեցնում են» ուսանողներին չուղղված, անորակ և անհասկանալի ուսումնական ձեռնարկով:
Իսկ ուսանողնե՞րը…: Միգուցե ուսանողներիից ոմանք նկատե՞լ էին գրքի թերությունները: Ենթադրաբար ուսանողները խուսափել են դասախոսներին «սխալ հանել»:
Քանի՞ տարի ևս այսպես պիտի շարունակվի:
Եվ ո՞վ պիտի պատասխանատվություն կրի նման «դասագրքերի» և «դասավանդման» համար:
(շարունակելի)
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել