
Կտակեք ճշմարտությունը Ողջերին
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Հաճախ են ինձ բանտում հարցնում.
- Ինչի՞դ ա պետք իրավաբանությունը...
Երբ նոր էի ընդունվել Սլավոնական համալսարան, շատ ավելի հաճախակի էին տալիս այդ հարցը: Երևի մտածում են՝ ցմահ բանտարկյալին ինչի համար է առհասարակ անհրաժեշտ ուսումը: Բայց ես գիտեմ իրավագիտություն սովորելուս նպատակը: Գիտեմ, որ Աստծո կամքով դուրս եմ գալու մահվան տնից: Զբաղվելու եմ քրեագիտությամբ ու քրեական գենետիկայով, քանի որ մարդուն մահվան տուն ուղարկելու համար հարյուր ապացույց է պետք՝ հիմնավորված գիտությամբ և ոչ թե մեկ- երկու հակասական ցուցմունքներով:
Իսկ մինչ այդ, չդիմանալով դիմանում եմ, ամեն օր հարստացնում գիտելիքներս, որ մոտեցնեմ վերադարձիս Օրը:
Կարծեմ՝ գրել եմ, որ ինձ կլոր գերեզմանոց ուղարկող դատավոր Զինավոր Ղուկասյանն այլև չկա: Նա իր հետ տարավ գաղտնիքը, թե ինչպիսի ճնշումներով է կայացրել իմ մահվան դատավճիռը՝ որպես հիմք ունենալով գործով մյուս մեղադրյալի՝ 4 անգամ փոփոխված ցուցմունքներից մեկը: Բայց քանի դեռ ողջ են համակարգի ավագ սերնդի ներկայացուցիչները, դիմում եմ իրենց. դիմում եմ Սողոմոն Քոչարյանին մահապատժի դատապարտող դատավորին ու դատախազին:
Բաց նամակ նախկին դատավոր Մհեր Խաչատրյանին, նախկին դատախազ Ժիրայր Խառատյանին
Իմ բախտակից, Արցախյան պատերազմի հետախույզ Սողոմոն Քոչարյանի մասին «Հետքի» մոտ 50 հրապարակում եմ կարդացել: Չգիտեմ՝ Դուք կարդացել եք, թե ոչ, բայց կուզեի, որ ժամանակ գտնեիք ու կարդայիք մի մարդու մասին, ով պատերազմի տարիներին չի խնայել կյանքը, գյուղեր է փրկել, մարդկանց կյանք է փրկել: Բայց արդեն 19 տարի՝ ինքը փրկության կարիք ունի: Նրան անարդար պատժից կարող է փրկել երկու մարդ, և այդ երկուսը Դուք եք՝ նախկին դատավորն ու նախկին դատախազը:
Հարգելի Մհեր Խաչատրյան, հարգելի Ժիրայր Խառատյան, դուք ողջ եք, փառք Աստծո: Տա՛ Աստված Ձեզ արևշատություն ու երկար տարիների առողջ կյանք: Բայց խնդրում եմ (վստահ եմ՝ խնդրանքիս կմիանան հարյուրավորները), եթե հիմա ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ կաշկանդված եք ու չեք կարողանում Ձեր մեջ ուժ գտնել հայտարարելու, որ 1995 թ-ի դատավճիռը կայացվել է քաղաքական ճնշմամբ, գրեք ճշմարտության մասին Ձեր կտակների մեջ:
Իսկ այն, որ Սողոմոնի մահապատժի դատավճիռը քաղաքական ճնշման հետևանք է եղել, ինձ համար կասկածից վեր է: Եթե մեղադրող դատախազ Ժիրայր Խառատյանը դեպքից 19 տարի անց իր ինքնակենսագրականում բացահայտում է, որ նման խիստ և անհամաչափ պատիժը պարտադրված է եղել Իրանի Իսլամական պետության դեսպանի կողմից, ապա նույն ճնշումը, վստահ եմ, եղել է նաև դատարանի վրա, կոնկրետ դեպքում՝ դատավոր Մհեր Խաչատրյանի:
Սողոմոնի կինը ծանր հիվանդության հետևանքով մահացել է, 19- ամյա դուստրը, այլևս հույս չունենալով երբևիցե տեսնելու հորը, ինքնասպան է եղել, ինքը՝ նախկին հետախույզը, որ նաև 2-րդ կարգի հաշմանդամ է, առողջական վատ վիճակում է: Սողոմոն Քոչարյանին լավ եմ ճանաչում. երկար տարիներ եղել ենք նույն խցում. արժանավոր հայ, լրջախոհ, խորաթափանց, ուժեղ կամքով, անսահման բարի, ով կարող է պիտանի լինել մարդկանց, կրթել զինվորներին:
Մենք միասին երկու անգամ փախուստ ենք արել երկու տարբեր բանտերից, ազատության մեջ ո՛չ Սողոմոնը, ո՛չ ես վտանգ չենք ներկայացրել որևէ քաղաքացու համար: Մենք դուրս ենք գալիս մաքուր օդ շնչելու, պետական մարմինների ուշադրությունը բևեռելու մեր անարդար դատավճիռներին: Բայց անտարբերության շղթան չի քանդվում:
Կույր ատելության շղթան որևիցե մեկը պետք է քանդի, և դա պետք է անի նա, ով կարող է դնել առաջին քայլը դեպի արդարության վերականգնում և հանդուրժողականություն: Նորից կրկնում եմ՝ այդ շղթան քանդողը դուք եք՝ նախկին դատավորն ու նախկին դատախազը: Այդժամ դուք կփառավորվեք՝ որպես քաղաքացիական խիզախություն ունեցող մարդիկ, դուք կփրկեք մեկ մարդու կյանք: Մտածեք այս ամենի մասին: Չէ՞ որ դուք պատասխանատու եք մարդու համար, ում այն աշխարհ եք ուղարկել: Դուք ուղարկել եք, դուք էլ կարող եք ետ վերադարձնել նրան հասարակություն: Ընտրությունը ձերն է՝ կա՛մ լռել, կա՛մ ժողովրդի օրհնանքը ստանալ՝ փրկելով մեկ մարդու կյանք՝ թեթևացնելով ձեր հոգիները, քանի որ, վստահ եմ, այդ դատավճիռը ձեզ տանջում է: Այլապես Ժիրայր Խառատյանը չէր խոսի Սողոմոն Քոչարյանի մահապատժի դատավճռին նախորդող դեպքերի մասին 19 տարի անց:
Սողոմոնը վտանգավոր չի եղել ու չի կարող լինել հասարակության համար, նա ժողովրդի պաշտպան մարդ է: Իրական վտանգը մեր երկրում արդարադատության բացակայությունն է:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել