HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանուն ոգելից խմիչքների և թանկարժեք քարերի. Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵՏՄ երկրների հետ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը: Այն ուժի մեջ է մտնելու 2015թ. հունվարի 1-ից:  

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները ցույց են տալիս, որ վերջին 5 տարիներին ԵՏՄ անդամ երկրներ Հայաստանը ամենամեծ ծավալով արտահանում է ոգելից խմիչքներ և ոչ ոգելից ըմպելիքներ: Ներկրում է նավթամթերք, վերգետնյա տրանսպորտային միջոցներ, հացահատիկ, ալյումին ու սև մետաղներ: 

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստանի խոշոր առևտրային գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է: Հայաստանի առևտրային շրջանառության ծավալներ մնացած երկու երկրների՝ Բելառուսի և Ղազախստանի հետ չնչին են: 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, դեպի Բելառուս արտահանումների ծավալները վերջին 5 տարիներին չեն գերազանցել 10 մլն դոլարը: Բելառուսից Հայաստան ներմուծումները 24 մլն դոլարից աճել և հասել են 40 մլն դոլարի:

Ղազախստանի հետ առևտրաշրջանառությունը շատ ավելի քիչ է՝ արտահանումների ծավալի առավելագույն արժեքը գրանցվել է 2013-ին՝ ավելի քան 7 մլն դոլար, մինչդեռ ներկրումները վերջին երկու տարիներին նվազել են՝ 2013-ին նույնիսկ 1 մլն դոլար չի հասել: 

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները 2009-ից մինչ այս տարվա առաջին 8 ամիսները ներկայացված են գրաֆիկներում` հազար ԱՄՆ դոլար միավորով: 

Արտահանումների դինամիկան

 

Ներմուծումների դինամիկան

Հայաստանից ՌԴ արտահանվող ապրանքների առաջին երկու հորիզոնականը 2009-ից մինչ օրս զբաղեցնում են հետևյալ տեսակները՝ ոգելից և ոչ ոգելից ըմպելիքներ և քացախ, բնական և արհեստական մարգարիտ, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր և թանկարժեք մետաղներ: Մինչդեռ Ռուսաստանից Հայաստան ներմուծման առավելագույն ծավալներն արձանագրվել են նավթամթերքի, ալյումինի և հացահատիկային բույսերի ոլորտներում՝ հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր, ալյումին և իրեր դրանից, հացահատիկներ:

Դեպի Բելառուս Հայաստանը հիմնականում արտահանում է ոգելից և ոչ ոգելից ըմպելիքներ և քացախ, դեղագործական մթերք: Բելառուսից ներմուծվում է վերգետնյա տրանսպորտային միջոցներ (բացի երկաթուղային կամ տրամվայի շարժակազմը), դրանց մասեր և սարքավորումներ, կաթ և կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր և այլ կենդանական ծագման սննդամթերք, ինչպես նաև կաուչուկ, ռետին և դրանցից պատրաստված իրեր:

Հայաստանից Ղազախստան արտահնվող ապրանքներն են՝ ոգելից և ոչ ոգելից ըմպելիքներ և քացախ, բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ: Այնտեղից ներմուծվում են սև մետաղներ, միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր, ինչպես նաև հացահատիկներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter