
Արցախը պահանջատեր հասարակության կարիք ունի
2014թ. օգոստոսին Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարել էր հոկտեմբերի մեկից Ստեփանակերտում ներքաղաքայի տրանսպորտի ուղևորավարձը 70 դրամից 100 դարձնելու որոշման մասին: Սեպտեմբերի 24-ին և 25-ին բողոքի ակցիաներ էին կայացել Ստեփանակերտի քաղաքապետարանի, իսկ սեպտեմբերի 29-ին՝ ԼՂՀ կառավարության շենքի դիմաց: Բողոքի ակցիաներին արձագանքել են Ստեփանակերտի քաղաքապետը և Արցախի վարչապետը, առաջինն իջել է բողոքավորների մոտ, իսկ վարչապետն ընդունել է ակցիայի մասնակիցների ներկայացուցիչներին: Արդյունքում 2015թ. հունվարի մեկից ԼՂՀ կառավարությունն ամբողջ հանրապետությունում տրանսպորտից օգտվող որոշակի խմբերի համար (ուսանողներ, հաշմանդամներ և այլն) զեղչերի հնարավորություն կստեղծի: Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցությունն առաջիններից մեկն արձագանքեց Ստեփանակերտում ուղևորավարձի թանկացմանը: Կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ հարցազրույցը վերոնշյալ իրադարձությունների մասին է:
-Պարոն Խանումյան, Ձեր գլխավորած կուսակցությունը օգոստոսից սկսել էր ուսումնասիրություն կատարել Ստեփանակերտում տրանսպորտի գների թանկացման առնչությամբ, ապա դրանց արդյունքների հրապարակումից հետո հանդես եկել թանկացման դեմ բողոքի ակցիաներ անցկացնելու նախաձեռնությամբ: Գո՞հ եք ակցիաների արդյունքներից:
-Երբ 2014թ. օգոստոսին հայտնի դարձավ, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը որոշել է ուղևորավարձը դարձնել 70-ից 100 դրամ, մենք կատարեցինք ուսումնասիրություն՝ պարզելու համար ոլորտի վիճակը, լսելու շահագրգիռ բոլոր կողմերին, ինչպես նաև անցկացրինք սոցիոլոգիական հետազոտություն՝ պարզելու թանկացման նկատմամբ Ստեփանակերտի ուղևորների վերաբերմունքը: Ուղևորների 79 տոկոսը նշել էր, որ թանկացումն էական ազդեցություն կարող է ունենալ իրենց ընտանեկան բյուջեի վրա, իսկ 54 տոկոսը պատրաստակամություն էր հայտնել մասնակցել թանակցման դեմ բողոքի ակցիաների, եթե դրանք կազմակերպվեն: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարեց բողոքի ակցիաներ կազմակերպելու ցանկության մասին, սակայն, ի ուրախություն մեզ, կուսակցությունից անկախ առաջացավ «Դեմ եմ Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը, որն էլ կազմակերպեց բողոքի ակցիաները: Մեզ մնում էր ընդամենն աջակցել այս նախաձեռնությանը:
-Սեպտեմբերի վերջին Ստեփանակերտում կայացած բողոքի ակցիաները շատերը համարում են աննախադեպ երևույթ Արցախի համար: Արդյո՞ք այդքան արտասովոր է բողոքի ակցիաների կազմակերպումը:
-Ձեր ասածի մեջ ճշմարտություն կա, քանզի Արցախում հասարակությունը հազվադեպ է ընտրում հրապարակային բողոքի տարբերակը: Չնայած դրան, նույնիսկ մի քանի տասնյակ հոգանոց ակցիաներն արդյունքներ ունենում են, ինչպես այս ակցիաների դեպքում: Պետք է նշել նաև, որ Արցախում իշխանություններն ավելի հակված են լսելու հասարակության կարծիքը, քան Երևանում: Ավելին, Արցախի իշխանությունները, ի տարբերություն հայաստանյան իշխանությունների, լեգիտիմ են: Միակ խնդիրն այն է, որ հասարակությունն այստեղ քիչ է լսելի դարձնում իր ձայնը:
-Թանկացումը տեղի ունեցավ, իսկ կառավարությունը հայտնեց, որ հունվարի մեկից որոշ խմբերի, այդ թվում ուսանողությանը զեղչեր կտրամադրվեն տրանսպորտից օգտվելու համար: Արդյո՞ք սա էր բողոքի ակցիաների հիմնական արդյունքը:
-Ուղևորավարձի թանկացումն իշխանությունները պատճառաբանում են տրանսպորտի վնասով աշխատելու հանգամանքով: 100 դրամ դարձնելու դեպքում հնարավոր կլինի խնայել տարեկան 100 միլիոն դրամ սուբսիդավորման գումարը: Մյուս կողմից բնակիչները բողոքում են, որ հավելյալ 30 դրամ վճարելով, իրենց ընտանեկան բյուջեների վրա ծանրություն կլինի: Ես կարծում եմ, որ եթե երեք տարի առաջ բողոքի ակցիաներ լինեին, ապա այսօր թե՛ այդ հարյուր միլիոն դրամը կգտնվեր, թե՛ հավելյալ երեսուն դրամը: Ասածս այն է, որ եթե հասարակությունը պահանջատեր լինի, ապա պետական բյուջեն ավելի ճիշտ կծախսվի և միշտ էլ հնարավոր կլինի գումարներ գտնել սոցիալական ուղղությունների համար: Եթե հասարակությունը պահանջատեր լինի, ապա չենք ունենա այն ծանր տնտեսական վիճակը, որ այսօր կա Արցախում, և բնակիչներն էլ թանկ ծառայություններից օգտվելու հնարավորություն կունենան: Բողոքի ակցիաները չնայած չեն հասել իրենց հիմնական արդյունքին՝ ուղևորավարձը նույնը թողնելուն, սակայն որոշակի խմբերի համար զեղչերի հնարավորություն են ստեղծել: Սա ևս արդյունք է, որ պետք է գնահատել:
-Այսինքն համարում եք, որ Արցախում գոյություն չունի՞ պահանջատեր հասարակություն:
-Արցախում լուրջ խնդիր կա հասարակական ինքնակազմակերպման տեսնակյունից: Քաղաքացիական հասարակության, հասարակության կողմից իշխանությունների վերահսկողության և այլ կարևոր գաղափարների շուրջ կան թյուր կարծիքներ: Նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարողանում հասկանալ քաղաքացիական հասարակության դերը: Կրթության ցածր մակարդակը, դեռևս գերիշխող խորհրդային մտածելակերպը հասարակությանը թույլ չի տալիս ստեղծել այն մեխանիզմները, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն երկրի կառավարումը, կնպաստեն տնտեսության զարգացմանը, ավելի ուժեղ կդարձնեն արցախյան հասարակությունը և Արցախ պետությունը: Սրանք խնդիրներ են, որոնք նաև մեր կուսակցության ուշադրության կենտրոնում են և որոնց լուծման ուղղությամբ մենք ամենօրյա աշխատանք ենք տանում:
Հարցազրույցը վարեց Լ.Հակոբյանը
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել