HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դսեղում անցկացվեց «Թումանյանական օր» ամենամյա միջոցառումը

Վոլոդյա Հովսեփյան

Այսօր Լոռու մարզի Դսեղ գյուղում տեղի ունեցավ «Թումանյանական օր» միջոցառումը՝ նվիրված բանաստեղծի 145-ամյակին: Միջոցառումն ունի ավանդական բնույթ և անց է կացվում ամեն տարի աշնանը՝ Հովհաննես Թումանյանի ծննդավայրում:

Այս տարի ևս հյուրեր կային ինչպես մարզից, այնպես էլ մայրաքաղաքից: «Թումանյանն է, որ ձևակերպեց մեր հոգևոր հայրենիքը, ձևակերպեց, թե ինչով պետք է ապրի, առաջնորդվի հայ մարդը, բացեց մեր կենսունակության խորհուրդները»,-նշեց Երևանի Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:

Երկրորդ տարին է՝ «Թումանյանական օր» միջոցառումը նշանավորվում է  Թումանյանի ժառանգների հիշատակը հավերժացնող հուշաքարերի բացմամբ: Նախորդ տարի գյուղի կենտրոնում բացվեց Թումանյանի Արտավազդ որդու հուշաքարը, այս տարի՝ Ստալինյան բռնություններին զոհ գնացած մյուս երեք որդիների՝ Մուշեղի, Համլիկի և Արեգի հուշաքարերը, ներկաներին հյուրասիրվեց մատաղ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս իրենց ելույթներով հանդես եկան մարզից և մայրաքաղաքից ժամանած տարբեր երաժիշտ-կատարողներ:

Հյուրերն իրենց մտահոգությունը հայտնեցին՝ նշելով, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ներկաների թիվը նվազել է: Գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը կարծում է,  որ  պատճառը կազմակերպչական թերացումներն են: «Պետք է շատ մանրակրկիտ պատրաստվել նման միջոցառումներին, որպեսզի սխալ տպավորություն չստեղծվի, որ գրականության մեծերից մեկի՝ Թումանյանի նկատմամբ անտարբերություն կա մեր ժողովրդի կողմից: Թումանյանը սիրված է ոչ միայն հայաստանցիների, այլև հայության կողմից»,-նշեց է Միկոյանն ու հավելեց, որ արտասահմանյան երկրներում իրենց գրականության մեծերին նվիրված միջոցառումներն օրեր են տևում:

«Առաջին հերթին ամեն քաղաքացի ինքը պիտի մտածի՝ այս ձևով ճի՞շտ է մեծարելը կամ սխալ: Եթե մենք քիչ ենք եկել այստեղ որպես լոռեցիներ կամ ՀՀ քաղաքացիներ, ո՞ւմ ենք մեղադրում, որ Թումանյանին վատ  են մեծարում, ամեն մեկս մի մեծարող ենք: Շատ գայինք՝ շատ մեծարեինք, այլ բաներ մտածեինք անեինք»,- ասաց ԱԺ պատգամավոր, ծնունդով լոռեցի Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ  այս տարվա ընթացքում Թումանյանի 145-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են եղել:

Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանի խոսքով՝ նախորդ տարիներին այս միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային շատուշատ գործիչներ, սակայն «Թումանյանական օրն» այս տարի համընկել է Էրեբունի-Երևան տոնակատարության և մի շարք այլ միջոցառումների հետ, ինչի պատճառով դրսից ժամանած հյուրերի թիվը մեծ չէ, իսկ դսեղցիների մի մասն էլ սարերում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter