
200 մլն դոլարի թուրքական ներդրում՝ Ջավախքի սրտում. գործարկվել է «Փարվանա հէկը»
Ջավախքում պաշտոնապես գործարկվել է «Փարվանա հէկը»: Այս հէկի կառուցման համար թուրքական «Անադոլու գրուպ» ընկերությունը ներդրել է ավելի քան 200 մլն դոլար: Կառուցել է Վրաստանում գրանցված դրա դուստր ընկերությունը՝ «Ջորջիա ուրբան էներջի»-ն:
Համաձայն Վրաստանի ընկերությունների ռեգիստրի տվյալների, «Ջորջիա ուրբան էներջի» ընկերության 90 % բաժնետերը թուրքական խմբի մեկ այլ՝ «Anadolu Caucasus Energy Iatimlar» ՓԲԸ-ն է, իսկ մնացյալ 10 %-ը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկինն է. վերջինի վարկային միջոցների հաշվին է իրականացվել հէկի շինարարությունը:
Վտանգվում են Փարվանայի ձկան տեսակները
Այս նախագծի մեկնարկի հուշագիրը Վրաստանի կառավարությունը «Ջորջիա ուրբան էներջի»-ի հետ ստորագրել էր դեռևս 2007-ին: 2010-ից ընթանում էր շինարարությունը:
Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատատականում նշվում է, որ հէկը կառուցվել է Փարվանա գետի վրա՝ Փարվանա լճից 56 կմ հոսանքն ի վար: Հէկի գլխավոր ենթակայանն ու հարակից ենթակառուցվածքներն ընդգրկելու են Սամցխե-Ջավախքի ազդակիր երկու շրջանների՝ Ախալքալաքի և Ասպինձայի 6 համայնքները, այդ թվում Կորխ և Դիլիսկա գյուղերը, քաղաք Ախալքալաքը: Խերթվիս գյուղում տեղակայված է լինելու էլեկտրաէներգիա արտադրող հիմնական կայանը: Գլխավոր կայանից փոխանցման հաղորդալարերով էլեկտրաէներգիան կմիանա ազգային ցանցին:
Նախագծի նկարագրի բնապահպանական մասում, բացի հէկի կառուցման ընթացքում շրջակա միջավայրին հասցված վնասից, նշվում է այն գործելու ժամանակ առկա վտանգները: Մասնավորապես՝ հողի և ջրի աղտոտում, ջրի հոսքի նվազում գետն ի վար, ինչի պատճառով կարող են վտանգվել ձկան շարժը և տեսակները, ազդեցությունը բուսականության վրա, աղմուկի և վիբրացիայի առկայությունը, դրանց ազդեցությունը թռչունների վրա, էլեկտրաէներգիայի լարերի փոխանցման տարածքում մագնիսական դաշտի առկայությունը: Հանրային քննարկումներից մեկի ժամանակ նախագիծը հեղինակող ընկերության բնապահպանության և անվտանգության փորձագետ Թենգիզ Լաջիձեն վստահեցրել է, որ Փարվանա լճին ոչինչ չի սպառնում, քանզի հէկը լինելու է լճից 56 կմ ներքև: Իսկ տնօրեն Նոդար Կուրտանիձեն խոստացել է, որ երբ հէկը գործի, գետում սանիտարական թողքը կպահպանվի:
Թվարկված է նաև սոցիալ-տնտեսական ազդեցությունը՝ կայուն էլեկտրամատակարարում, աշխատատեղ, և դառնալով վստահելի էլեկտրամատակարարող՝ հէկը կարող է նպաստել տեղական փայտի ռեսուրսների սպառման նվազեցմանը: Էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությունը մարդկանց և նրանց առողջության վրա ընկերությունը չի թաքցրել: Ավելին, ևս մեկ անգամ նշել է, որ ջրի ծավալների և հոսքի նվազման հետևանքով ձկան տեսակները կարող են կրճատվել, ձկների միգրացիայի վտանգ կա:
Ազդակիր համայնքներում տեղի ունեցած քննարկումների ընթացքում արծարծվել է նաև այդ համայնքներին ավելի էժան էներգիա տրամադրելու հարցը: Ախալքալաքի գործադիր մարմնի ղեկավարի տեղակալ Վիտալի Թորոսյանի հարցին, թե ինչպես է վաճառվելու էլեկտրաէներգիան և արդյոք տեղացիները հնարավորություն կունենան ավելի էժան էլեկտրաէներգա ստանալ հէկի կառուցումից հետո, ընկերության գլխավոր տնօրեն Նոդար Կուրտանիձեն պատասխանել է. «Հէկը կկապվի Վրաստանի էներգահամակարգին, «Ջորջիա ուրբան էներգիան» պատասխանատու չէ ընդհանուր հոսանքի վաճառքի համար»:
Ջավախքի բնական ռեսուրսների հաշվին արտադրված էլեկտրաէներգիան արտահանվելու է Թուրքիա
«Փարվանա հէկի» հզորությունը 87 մեգավատտ է: Վերջին 35 տարում այս հզորությամբ հէկ Վրաստանում չի կառուցվել: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, երբ ներկա է եղել հոկտեմբերի 11-ին կայացած հէկի գործարկման հանդիսավոր արարողությանը: Ներկա է եղել նաև Թուրքիայի էներգետիկայի նախարար Տաներ Յիլդիզին, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչները:
«Այսօր մենք բացում ենք Սամցխե-Ջավախքում ևս մեկ կարևոր կառույց,-ասել է վարչապետը,- «Փարվանա հէկը» մեկ քայլ առաջ է, որն ուղղված է Վրաստանի տնտեսության ամրապնդմանը: «Փարվանա հէկը» Վրաստանի և Թուրքիայի սերտ համագործակցության ևս մեկ օրինակ է»:
Վարչապետ Ղարիբաշվիլին նաև նշել է, որ Թուրքիան Վրաստանի տնտեսության ամենամեծ ներդրողներից է, և ներդրումների մեծ մասը էներգետիկ ոլորտում է, մասնավորապես՝ հիդրոէլեկտրակայանների շինարարությունում: Վրաստանի վարչապետը հավելել է, որ էներգասեկտորի զարգացումը կնպաստի նաև տարածաշրջանում աշխատատեղերի ստեղծմանը:
Այդ աշխատատեղերը, սակայն, չնչին են: Համաձայն նախագծի՝ ընկերությունը 20 հիմնական և 10 անվտանգության աշխատողի աշխատատեղ է խոստացել, որտեղ ինժեներների հաստիքը տրամադրվելու է Թուրքիայից հրավիրված մասնագետներին: 30 աշխատատեղը, որի ղեկավար «պաշտոնները» բաժին են հասնելու թուրքերին, պաշտոնապես 208 հազար բնակչություն ունեցող Ջավախքի համար աննշան է: Փորձը ցույց է տալիս, որ թուրք-վրացական որևէ նախագծում տեղի հայ բնակչությունը նվազագույն ներկայացվածություն ունի՝ 1-2 հոգի: Դրան գումարած՝ շրջակա միջավայրի և անվտանգության հարցերի մասին նախագծում խոսվում է խոստումների մակարդակով:
Թուրք-վրացական սահմանից հէկը հեռու է շուրջ 25 կմ: Ջավախքի բնական ռեսուրսների հաշվին արտադրված էլեկտրաէներգիան, պարզվում է, արտահանվելու է նաև Թուրքիա:
«Թուրքիայի պատմության մեջ սա առաջին ներդրումն է, որն օգտագործելու է հարևան երկրի բնական ռեսուրսները Թուրքիայի էներգիայի պահանջարկը լրացնելու համար»,-նշվում է «Անադոլու գրուպ» ըննկերության պաշտոնական կայքում:
Առաջին լուսանկարը՝ www.kvira.ge կայքից
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել