HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

5 տարի անց. հողաշեն տան բնակիչների կյանքը վտանգի տակ է

Հայ-թուրքական սահմանի փշալարերի ուղիղ դիմացը դեռ կանգուն է Գաբրիելյանների երկհարկանի հողե տունը: Դեռ, որովհետեւ ամեն պահի այն կարող է հավասարվել հողին: Սենյակներից մեկի առաստաղն արդեն փլվել է, պատերը քանդվել են, նույնը սպառնում է նաեւ քիչ թե շատ կանգուն միակ սենյակին, որտեղ հինգ հոգանոց ընտանիքը ե'ւ քնում է, ե'ւ ճաշում, ե'ւ լողանում:

Բարձրանում եմ նրանց բնակելի տարածք ու ոտքերիս տակ փայտե աստիճանները ճռճռում են, շարժվում: Հիշում եմ, որ հինգ տարի առաջ ավելի ամուր էին դրանք: Ընտանիքի մեծերը տանը չեն, ավագ դուրստրը` Իրինան ասում է, որ ծնողները համագյուղացիներից մեկի հողամասում օրավարձով աշխատում են: «Ուզում եք գնացեք նրանց հետեւից, մինչեւ ես տունը մի քիչ կարգի բերեմ»,-հարցնում է Իրինան եւ ցույց տալիս ճանապարհը:

Ընտանիքի մայրը`Սիլվա Գմբիկյանը, ուրիշի հողամասում, լսելով իր անունը, կռացած մեջքն ուղղեց, ճակատի քրտինքը մաքրելով՝ առաջ եկավ ու մտահոգ հայացքն ուղղելով մեր կողմը հարցրեց. «Ո՞վ եք, ի՞նչ է պատահել»: Մի պահ լռություն տիրեց… Հինգ տարի առաջ էր, երբ առաջին անգամ հանդիպեցի նրա ընտանիքին. Սիլվան դժվարանում էր արտաքինով մտաբերել: Հետո հիշեց ու դեմքին ժպիտ իջավ: Նա խոսեց հողամասի տերերի հետ եւ մեզ հետ տուն եկավ, ամուսինը` ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Լեւոն Գաբրիելյանը, չկարողացավ գալ եւ մնաց դաշտում:

Ճանապարհին Սիլվան պատմում է, որ այս տարիների ընթացքում իրենց կյանքում ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է: Երբ հասանք տուն, շունչ քաշեց եւ շարունակեց, որ իրենց հիմնական զբաղմունքը հողագործություն է, սակայն ոռոգման ջուր չլինելու պատճառով բերքը չորացել է եւ միակ եկամտի աղբյուրը վարձու աշխատանքն է, ինչը սեզոնային բնույթ է կրում: Ամիսներ առաջ նաեւ խոզի գոճի են նվեր ստացել, հիմա դա են պահում՝ հույս ունենալով, որ ուշ աշնանը կմորթեն և որոշ կարիքներ կհոգան:

«Նույն Սիլվան եմ, նույն տունն ա, նույն երեխեքը, ամուսինը, էն ա, որ մի կտոր հացը դու ինքդ վաստակում ես, քո երեխեն ուտում ա, դու գիտես, որ այդ օրը հանգիստ կքնես, երեխեդ կուշտ ա, դու էլ ես կուշտ, այդքան մի բան: Ձգտում եմ, ուզում եմ փոխել, չեմ կարողանում, չի լինում»,-ասում է Սիլվան:

Տիկինը, նայելով առաստաղից առանձնացնող պատերին, պատմում է, որ անցյալ տարի դեկտեմբերի 28-ին ընտանիքով տանը նստած են եղել, երբ ուժեղ ձայն է լսվել, դուրս են եկել եւ տեսել, որ սենյակներից մեկի առաստաղն ամբողջությամբ փլվել է:

«Նստած էինք, մեկ էլ զրմփոցով ընկավ առաստաղը, մեր տունը հիմնական չի: Այս սենյակի առաստաղն էլ է առանձնանում պատերից: Այս տան մեջ ցեմենտ չկա, լրիվ հող է: Մի կերպ բալկաները հանել ենք ձմեռ օրով, պատկերացրու դեկտեմբերի 28-ն էր, մի կերպ իջացրել ենք ներքեւ, հողն էլ Լեւոնի, երեխեքի հետ կրել թափել ենք»,-նշում է Սիլվան եւ հավելում, որ քիչ թե շատ կանգուն սենյակում էլ չեն կարողանում նստել, երբ թաց ձյուն կամ անձրեւ է գալիս:

Տանիքը պաշտպանված չէ ծածկով, ամբողջը հող է, եւ տեղումներից ջուրը սկսում է թափվել սենյակ: Այդ ժամանակ տեղավորվում են որտեղ պատահի. նստում են պատուհանագոգերին, թաքնվում դռան պաշտպանիչ հատվածում եւ այլն, իսկ տան ամբողջ հատակը ծածկում ամաններով, որ ջուրը փայտե հատակի արանքներից չթափվի ներքեւ եւ առանց այն էլ խարխուլ տան հիմքերը ավելի չխարխլվեն:

«Որ անձրեւ ա գալիս, անընդհատ Աստծու հետ խոսում եմ` Աստված ջան, ուժեղ չանես՝ տունս հեղեղ չլինի: Ինձնից էլ եմ արդեն հուսախաբ եղել, ինչքան պիտի աշխատեմ, որ ես կարողանամ տուն կառուցեմ: Ամուսնուս ասում եմ՝ գնա արտագնա աշխատանքի, ասում է՝ առողջական չունեմ: 53 տարեկան մարդ է, արդեն չի կարողանում: Ջահելը ես եմ, բայց ես էլ որտեղի՞ց կառուցեմ: Հազիվ երեխեքիս եմ պահում, որ գոնե սոված չմնան: Ես մի պատառ հաց չեմ ուզում, ջուր չեմ ուզում, հագուստ չեմ ուզում, ինձ գոնե շինանյութով ապահովեն, շատ չեմ խնդրում, մեկ սենյակ սարքենք մնանք մեջը»,-ասում է Սիլվան:

Նա պատմեց, որ երեք երեխաներն էլ հասուն են, քնելու եւ կենցաղային հարցերը քիչ թե շատ կարգավորելու համար աղջիկները հերթով իր ազգականների տանն են մնում, հակառակ դեպքում մեկ սենյակում հինգ հոգով են քնում: Օրինակ՝ Սիլվան ստիպված քնում է իր 8-րդ դասարանցի որդու հետ, իսկ աղջիկները՝ միասին: Այս ընտանիքը պետությունից ոչ մի աջակցություն չի ստանում: Լեւոնը թեեւ առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն բժշկասոցիալական հանձնաժողովը նրան հաշմանդամության կարգ չի տալիս:

Սիլվան, սեղանին փռելով փաստաթղթերը, պատմում է, որ երկու անգամ ամուսինը գնացել է կարգ ստանալու, երկու անգամն էլ մերժում է ստացել: Տիկնոջ ասելով՝ հիմնական պատճառը գումարն է, Լեւոնին հասկացրել են, որ գումար պիտի տա, սակայն հրաժարվել են բավարարել նրանց պահանջները եւ զրկվել հաշմանդամության թոշակից, հանձնաժողովի անդամներն էլ ասել են՝ գնա աշխատի, դու կարող ես:

Սիլվայի խոսքով, ամուսնու առողջական վիճակը գնալով վատանում է, արդեն դժվարությամբ է քայլում, սակայն պատկան մարմիններն անհաղորդ են իրենց խնդրանքներին: Ընտանիքը նաեւ նպաստ չի ստանում:

«Ոչ մի ելք չեմ տեսնում: Մեծական խոսք կա՝ եթե տակից քեզ չեն տվել, հազիվ օրվա հացն ես վաստակում, էլ ինչ ելք: Ելքն էլ՝ տղուս վրա եմ հույս դրել, բայց ես մի բան պիտի ավելացնեմ, որ տղես էլ մեծանա մի երկու բան էլ ինքն անի, լրիվ ծանրությունը երեխուս ուսերին չգնա: Բայց ոնց գցում-բռնում եմ, լրիվ ծանրությունը իմ երեխու ուսերին ա: 8-րդ դասարանի երեխա ա, հիմիկվանից նստում հաշվարկ է անում, թե ինչ շահավետ բան անի, որ գնա բանակ գա տուն ունենանք: Պատկերացրու ինքն էլ է ամաչում, գյուղի ամենավատ տունը մեր տունն է: Ամեն Աստծու օր, ինքս իմ հետ խոսում եմ, ասում եմ, որ մեր տնից վատ տուն չկա: Ժամանակին գյուղի ամենալավ տունն է եղել, հիմա ամենավերջինն ա»-ասում է Սիլվան եւ իրեն հույս տալիս,- երեւի չգիտեն, որ Մարգարայում նման ընտանիք է ապրում»: Վայրկյաններ անց տալիս է իր հարցի պատասխանը. «Բայց ոնց էլ չլիներ՝ կիմանային»: 

Տեսանյութը՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter