
Ղարաբաղը` Եվրասիական թակարդում. ինչի տակ ստորագրեց Սերժ Սարգսյանը Մինսկում
Հոկտեմբերի 10-ը օրացույցում Հայաստանի համար ձեռք է բերել միստիկ նշանակություն` իբրև ինքնակամ կորուստների, շարունակական կապիտուլյացիաների խորհրդանիշ:
2009թ. այդ օրը Ցյուրիխում Հայաստանն ստորագրեց Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու և սահմանները բացելու մասին երկու արձանագրությունները, որոնք ամբողջությամբ թուրքական շահն սպասարկող նախապայմաններ էին Երևանի համար: 5 տարի անց, Մինսում Հայաստանի նախագահը ստորագրեց Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կողմից Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրին միանալու մասին պայմանագիրը: Դրանից օրեր առաջ փաստաթուղթը Կառավարությունում հավանության արժանացնելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր կաբինետին հրահանգեց Մինսկում ստորագրվելուց հետո այն լավ ուսումնասիրել` վեր հանելու Հայաստանի համար բոլոր ռիսկային հանգամանքները: Փաստորեն Հայաստանը ստորագրեց պատմական, գրեթե ճակատագրական նշանակության մի փաստաթուղթ` առանց ամբողջությամբ պատկերացնելու կամ գոնե ուրվագծելու դրանից բխող ռիսկերը, չափելու դրա դրական ու բացասական ազդեցությունը: Սերժ Սարգսյանը «փակ աչքերով» ստորագրեց այդ պայմանագիրը:
Թե Հայաստանի վրա տնտեսական առումով ինչ ազդեցություն կունենա միջազգային իզգոյի վերածվող Ռուսաստանի միջուկի շուրջ ստեղծվող ԵԱՏՄ-ին միանալը, այն էլ առանց ընդհանուր սահմանի, և առանց արդյունավետ աշխատող ցամաքային տրանսպորտային հանգույցի, տնտեսագետների խորքային և համակողմանի վերլուծության խնդիրն է: Բայց առնվազն քաղաքական մակարդակում առայժմ միայն ակնհայտ, ուղղակի աչք ծակող ռիսկեր են երևում, որոնք ընդամենը մեկ-երկու տարվա հեռանկարում կարող են Հայաստանի համար վերածվել իսկական մղձավանջի:
Առաջին հայացքից թվում է, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման առումով ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալը նույնիսկ ձեռնտու է: Իր սահմաններով այդ դեռևս չգործող կազմակերպություն մտնելը շեշտում է Հայաստանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ տարածքային հավակնությունների բացակայությունը: Սրանով հերքվում է Հայաստանի` ագրեսոր լինելու վերաբերյալ Ադրբեջանի պնդումը, ինչը մի քիչ ճկուն լինելու դեպքում կարող է խաղարկվել նաև դիվանագիտության մեջ:
Մյուս կողմից սահմանազատումը ինչ-որ իմաստով նշանակում է ճանաչել ԼՂՀ-ի սուբյեկտայնությունը ԵԱՏՄ անդամ երկրների կողմից, քանի որ եթե ԼՂՀ-ի հետ սահմանին մաքսակետեր են դրվում, այդ կառույցը, անկախ նրանից` այդ մաքսակետերը ձևական բնույթ են ունենալու, թե ոչ, ԼՂՀ-ի հետ մտնելու է փաստացի մաքսային հարաբերությունների մեջ:
Ողջ հարցն այն է, սակայն, որ այս ամենը փաստաթղթային որևէ ձևակերպում չունի, հետևաբար չունի նաև իրավական հիմք: Այսինքն ամեն ինչ թողնված է անդամ պետությունների ղեկավարների ներքին պայմանավորվածությունների, շահերի և տվյալ պահի քաղաքական նպատակահարմարության վրա: Ղազախստանի նախագահն ասում է, թե Հայաստանի անդամակցության հարցի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել բանակցությունների արդյունքում ԼՂ-ի հետ սահմանային հարցում փոխզիջման հասնելուց հետո: Սա առնվազն նշանակում է, որ գոնե Ղազախստանի համար հարցը բոլորովին էլ երկրորդական չի եղել: Նրանցից ոչ մեկը ԼՂՀ-ի անկախությունը չի ճանաչել: Հետևաբար երբ պահանջում են, որ Հայաստանը կառույցին միանա ՄԱԿ-ի կողից ճանաչված սահմաններով, նշանակում է, որ կամա թե ակամա, ԼՂՀ-ն դիտարկում են իբրև Ադրբեջանի մաս: Հետևաբար ստացվում է, որ նրանց տեսակետից իրավական առումով, մաքսակետերը դրվելու են ոչ թե ԵԱՏՄ-ի ու ԼՂՀ-ի սահմանագծին, այլ` ԵԱՏՄ-ի ու Ադրբեջանի:
Այն, որ նրանք կարող են համաձայնել Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանին ձևական մաքսակետեր տեղակայելուն, զուտ ներքին պայմանավորվածությունների հարց է, որը կարող է խախտվել ցանկացած պահի` ըստ քաղաքական նպատակահարմարության: Այս փուլում Ռուսատսանի համար քաղաքական նպատակահարմարությունը ցանակցած գնով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը գլուխ բերելն է, ինչի համար նա հսկայական քաղաքական ու տնտեսական զիջումներ կատարեց թե Բելառուսին և թե Ղազախստանին: Մաքսակետերի ձևական լինելու հարցում զիջումը կարող է պարզապես Հայաստանի գլխի տակ դրվող փափուկ բարձի էֆետկ ունենալ: Եթե Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի համար Ալիևի ուղղորդող նամակը քաղաքական ավելի մեծ արժեք ունի, քան, օրինակ, ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ գործընկերային հարաբերություններ ունենալը, որևէ երաշխիք չի կարող լինել, որ վաղը, մյուս օրը նա չի պահանջելու, որպեսզի այդ մաքսակետը գործի ամբողջ ծավալով և ամբողջ ռեժիմով: Բավական կլինի, օրինակ, հերթական գագաթնաժողովներից մեկի ժամանակ ընթերցել Ալիևի հերթական նամակն այն մասին, որ ԼՂՀ տարածքը հանդիսանում է նարկոթրաֆիկի տարանցման ուղի: Եվ Հայաստանի այսպես կոչված գործընկեր պետությունները կարող են ստիպել, որ սահմանի այդ հատվածում ավելի ուժեղ վերահսկողություն իրականացվի, ինչն այլ բան չի լինելու, քան հստակ մաքսային ռեժիմի սահմանումը Հայաստանի և ԼՂՀ-ի միջև: Մինչդեռ հունվարի 1-ից հետո արդեն, երբ խորհրդարանները վավերացրած լինեն Հայաստանի անդամակցության պայմանագրերը, նման շրջադարձը կանխելու որևէ քաղաքական կամ իրավական լծակ Երևանը չի ունենալու: Ու դա միայն այն պատճառով, որ զլացել կամ գուցե չի կարողացել գոնե հասնել ստորագրվելիք պայմանագրում ԼՂՀ-ի հետ հարաբերությունների առանձնահատկության մասին գոնե որևէ հպանցիկ հիշատակման: Սակայն որքան էլ այս սցենարը մռայլ թվա, իրականում սա կարող է ընդամենը չարյաց փոքրագույնը լինել:
Պուտինը կանգ չի առնելու ԵԱՏՄ-ն ընդլայնելու ճանապարհին` ոչ միայն սեփական իմպերիալիստական ամբիցիաները բավարարելու համար, այլև թեկուզ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը թուլացնելու: Այս իմաստով Ադրբեջանը նրա համար չափազանց համեղ պատառ է: Բաքուն, ի դեմս արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, շատ պարզ հասկանալ է տվել, որ պատրաստ է դիտարկել եվրասիական տնտեսական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու հնարավորությունը, եթե Ռուսաստանը ցանկանա ԼՂ հիմնահարցը լուծել Բաքվի շահերին համապատասխան: Այս հայտարարությունից հետո անցած 4-5 ամիսներին Մոսկվայի և Բաքվի միջև կուլիսային բանակցությունները երբեք չեն դադարել: Որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանին ճանկը գցելու համար Ռուսաստանը նրան չի վճարելու ԼՂՀ-ն զոհաբերելով: Մանավանդ որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի միանալը գրեթե ամբողջությամբ լուծում է այդ հարցը: Բանն այն է, որ որքան Հայաստանն է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով անդամակցում այդ կառույցին, նույնքան էլ, ուրեմն` Ադրբեջանը, ինչը նշանակում է վերջինիս ԵԱՏՄ ընդունել ԼՂՀ-ն ճանաչելով որպես նրա տարածքի մաս: Ադրբեջանից ավելի շուտ կազմակերպությանն անդամակցելն, իհարկե, Երևանին տալիս է ցանկացած հարցում վետո կիրառելու իրավունք, ինչից կարող է օգտվել, եթե մի գեղեցիկ օր օրակարգում հայտնվի ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը: Ողջ խնդիրն այն է` կունենա՞ արդյոք Երևանն այնքան համարձակություն` ի հեճուկս Ռուսաստանի, իրացնելու վետո կիրառելու իր այդ իրավունքը, եթե գա նման որոշում կայացնելու ճակատագրական պահը: Այսօրվա դրությամբ դա թվում է անհնարին, կամ ֆանտաստիկ: Իշխանություններն ավելի շուտ, կրկին հավատալով Մոսկվայից, Աստանայից, Մինսկից հնչող բացառապես բանավոր խոստումներին ու հավաստիացումներին, կարող են առաջ քաշել այն թեզը, թե այդ միությանը Ադրբեջանի անդամակցությունը նույնիսկ բխում է հայկական կողմի շահերից: Դրա նախադրյալն արդեն կա` Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի հայտնի նամակը, որով նա ՌԴ նախագահին կոչ էր անում վերակենդանացնել Գյուլիստանի պայմանագիրը ու Ղարաբաղը դարձնել իր մասը: ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը, կարծես թե, այս օպերացիան մինչև վերջ խաղարկելու լավագույն միջոցն է: Եթե ոչինչ չլինի էլ, այդ օպերացիան ԼՂ հիմնախնդիրը դարձնում է Ռուսաստանի ներքին հարցը` դրանից դուրս մղելով Արևումտքին: Եթե հիմա գոնե հույսը աշխարհաքաղաքական կենտրոնների միջև առկա բալանսն էր, ապա Ադրբեջանի` ԵԱՏՄ ընդգրկվելուց հետո այն կմարի վերջնականապես:
Այս իմաստով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումն ավելի շատ Երևանի և առավելապես Ստեփանակերտի համար լարված թակարդի է նման, որից ելք, գոնե այս պահին, չի նշմարվում: Ահա թե ինչու են, նկատի ունենալով Սերժ Սարգսյանի կողմից ԵԱՏՄ-ին միանալու պայմանագրի ստորագրումը, Ադրբեջանում ոգևորվել, թե Իլհամ Ալիևը կատարում է առանց որևէ կրակոցի Ղարաբաղը «ետ բերելու» խոստումը: Մինչդեռ սա քաղաքական ռիսկերի ընդամենը մի մասն է:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել