
Ուրցաձորը ուտոպիա չէ
Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը բարձրաձայն ընթերցում է համայնքի 2013-16 թթ·-ի քառամյա զարգացման ծրագրով պլանավորված գործողությունները` ներքին գազատարի անցկացում` 4 կմ, ասֆալատապատում, հանգստի գոտու ստեղծում, մարզադաշտի վերջնական տեսքի բերում, խաղահրապարակի վերանորոգում, դպրոցի դահլիճի գույքի ձեռքբերում....: Յուրաքանչյուր գործողություն թվարկելուց հետո ձայնի գոհունակություն արտահայտող տոնով հնչեցնում է՝ առկա է: Ապա որսալով իմ զարմացական հայացքը` թավ բեղերի տակից հաստատակամորեն ավելացնում է. «Չէ, սա ուտոպիա չէ, վերջին երկու քառամյա ծրագրերում դրված բոլոր խնդիրները լուծել եմ»:
Չհավատալու պատճառ չունեմ և ձեռնպահ եմ մնում ստուգիչ հարցերից, քանի որ մինչ այդ գործընկերներիս հետ շրջել էինք երկհարկանի մշակույթի տան բոլոր անկյուններում, հասցրել էինք և զարմանալ, և հիանալ մեր տեսածով: «Ինչպե՞ս եք կարողացել այսքան կարճ ժամանակամիջոցում այդքան աշխատանք կատարել»,- հարցնում եմ համայնքի ղեկավարին: «Նախորդ քառամյա ծրագրում ավելի շատ հարցեր էինք ընդգրկել և վախենում էի, որ չեմ կարողանալու իրականացնել, բայց բոլորը հասցրեցի»,- եղավ պատասխանը:
Ռաֆիկ Անդրեասյանը պաշտոնավարում է արդեն 15 տարի: «1999թ.-ին, երբ ընտրվեցի համայնքի ղեկավար, ոչ մշակույթի տուն ունեինք, ոչ գազ, ոչ ամբուլատորիա, ոչ էլ դպրոցն էր բարվոք վիճակում: Համայնքում կարևոր խնդիրներն արդեն լուծել ենք` առողջության առաջնային պահպանման կենտրոն ենք կառուցել` պետբյուջեի ֆինանսավորումով, «Վիվասելի» աջակցությամբ վերանորոգել ենք դպրոցը, Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով նորոգել ենք մշակույթի տունը, իսկ գույքը ձեռք ենք բերել «Քանութերփարթ ինթերնեշնլի» աջակցությամբ»,- ներկայացնում է Ռաֆիկ Անդրեասյանը:
2007թ· սկսած ամեն տարի պետական բյուջեով իրականացվող «Հրատապ ծրագրերի» շրջանակում գումարներ են հատկացվել գյուղին. կառուցվել է Ուրցաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոնը, հիմնանորոգվել է մանկապարտեզը, կառուցվել է մարզադաշտը, հիմնանորոգվել է Գևորգ Մարզպետունու ամրոցը, ասֆալտապատվել է գյուղ մտնող ճանապարհը և այլն:
Թվարկված բոլոր աշխատանքներն, իհարկե, կատարվել են դոնորների աջակցությամբ, սակայն դրանց մեծ մասում Ուրցաձոր համայնքի ներդրումը պարտադիր պայման է եղել: «Քանութերփարթ ինթերնեշնլը» մշակույթի տան գույքը ձեռք բերելու համար տրամադրել է գումարի 60%-ը, պահանջված գումարի 40%-ը պետք է ապահովեր համայնքը: Ներդրում ապահովելն այնքան էլ հեշտ բան չէ մի համայնքի համար, որն ունի 62 մլն դրամ բյուջե և տարվա մեջ մի քանի ծրագրում ներդրում պետք է ապահովի: Նման դեպքերում լուծումները տարբեր կարող են լինել, ամեն ինչ կախված է համայնքի ղեկավարի հնարամտությունից: «Շախմատի սենյակի կահույքն, օրինակ, մի սփյուռքահայ նվիրեց, շախմատ խաղացի հետը՝ կրեցի, այս գույքն առավ»,- ասում է նա ծիծաղելով:
![]() |
![]() |
Շախմատի խմբակը | Պարի դասարանը |
Ուրցաձորի մշակույթի տունը չորս տարի է, ինչ գործում է եւ այս կարճ ժամանակամիջոցում հաջողվել է տպավորիչ ձեռքբերումներ ունենալ· ոչ միայն արվեստի եւ արհեստի տարբեր խմբակների գործունեությունն է իրականություն, այլեւ երաշխավորված է ուսուցման որակը, որի շնորհիվ էլ ապահովված է ուսուցման շարունակականությունը:
Գոբելենների վաճառքից ստացված հասույթով թելեր են գնում, դերձակները պարարվեստի խմբակի համար տարազներ են կարում, ձեւավորում բեմական հերոսների կերպարները եւ այլն:
![]() |
![]() |
Երկհարկ շինության մեջ գործում են ոչ միայն արհեստի եւ արվեստի խմբակները, այլեւ ընդարձակ մի տարածք է զբաղեցնում համայնքապետարանը՝ աշխատանքային արդիական պայմաններով, գրադարանը՝ թարմացված գրականությամբ, որը հազվադեպ հանդիպող բան է գյուղական համայնքներում: Աչքիցս չեն վրիպում տեղեկատվական ցուցատախտակները, որում համայնքապետարանի աշխատանքների մասին հանրությանն իրազեկող բավականաչափ ինֆորմացիա կա:
Շենքում շրջայց կատարելիս համայնքի ղեկավարը կանգ է առնում առաջին հարկի սրահում կախված մի գեղանկարի առջեւ: «Նախկին մշակույթի տնից մի ժառանգություն եմ ստացել՝ կոլտնտեսուհիների նկարը»,- շեշտում է նա: Իրական կոլտնտեսականներին եւ գյուղի ոչ վաղ անցյալը սերունդներին է փոխանցվել լուսանկարներով: Այսպես կողք-կողքի, նախանձելի բծախնդիր ձեւավորումով ներկայացված են հինն ու նորը, ավանդականն ու ժամանակակիցը: Համայնքը կարող էր հաստատակամորեն հայտ ներկայացնել Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակի «Լավագույն գործելակերպի ծրագիր»-ն ընտրելու համար հայտարարված մրցույթին, եւ հանձնախումբը չտատանվեց «տեղական արվեստներ եւ արհեստներ» անվանակարգում լավագույնը ճանաչել Ուրցաձորին:
Ուրցաձորի ձեռքբերումների մասին հիացմունքով են արտահայտվում համայնքային խնդիրներով հետաքրքրված տեղական ու միջազգային կազմակերպությունները: Վերջիններս Ուրցաձորում սիրով են աշխատում եւ այնպիսի տպավորություն է, որ ծրագիրն ավարտելուց հետո ավելի շատ նրանք են մտածում նորն սկսելու մասին: Պատճառը միայն այն չէ, որ գյուղը գտնվում է Վեդի գետի հովտում, Ուրծի լեռների լանջերին, Խոսրովի արգելոցի հարեւանությամբ, որտեղ նաեւ Գեւորգ Մարզպետունու ամրոցն է գտնվում: Հիմնական պատճառն, իմ կարծիքով, համայնքի ղեկավարի պատրաստակամությունն է` գյուղի բարօրությունն ապահովելու, երեխաների կրթությունն ու դաստիարակությունը բարձր հիմքերի վրա դնելու ցանկությունը, բնակիչների կյանքը բարելավելու նախանձախնդրությունը:
Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնում, որը հիմնել է «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը», տեղաբնակների համար իրականացվում են բնական ռեսուրսների կառավարման եւ էկոտուրիզմի թեմաներով դասընթացներ: Նպատակը՝ երիտասարդ գյուղացիներին բնության պահպանության եւ էկոտուրիզմի զարգացման աշխատանքներում ներգրավելն է, ինչը հնարավորություն կընձեռի տուրիզմի միջոցով եկամտի լրացուցիչ աղբյուրներ ստեղծել նրանց համար, կրճատել արտագաղթը: Ծրագրի շրջանակներում գյուղում հիմնվել են քայլարշավների եւ ձիարշավների համար նախատեսված ուղիներ, մշակվել են տուրիստական երթուղիները, վերանորոգվել են տեղաբնակների տները` դրանք համապատասխանեցնելով հյուրատներին ներկայացվող պահանջներին:
![]() |
Բացօթյա հանդիսությունների սրահը |
«Այս կազմակերպության հետ արդեն երկարաժամկետ` 15 տարվա ծրագիր ենք իրականացնում: Ուզում ենք տուրիզմը զարգացնել եւ հյուրատները բարելավել: Մի քանի ընտանիքներ սոցիալական ծանր խնդիրներ ունեին եւ նրանց աջակցեցիք այս հարցում, որպեսզի հյուրեր ընդունեն եւ գումար վաստակեն: Այս տարվանից նաեւ այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման ծրագիր ենք իրականացնում՝ կենցաղային ծախսերն ավելի դյուրացնելու համար»,- ներկայացնում է համայնքի ղեկավարը:
Այսուհանդերձ, իրական տուրիստական բնակավայր դառնալուն դեռեւս շատ բան է պակասում Ուրցաձորին· համայնքի ղեկավարը նշում է, որ խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարը վերանորոգման խիստ կարիք ունի, ներքին ցանցը մասնակի է փոխվել: «Լավագույն դեպքում օրվա մեջ 2 ժամ են ջուր տալիս, բնակչությունը ջուրը կուտակում է եւ օգտագործում: Համակարգն սպասարկում է «Հայջրմուղկոյուղին», գրություններ ենք ուղարկել, տարբեր մակարդակներում քննարկել ենք հարցը, սակայն դեռեւս բարելավում չի նկատվում»,- ասում է Ռ· Անդրեասյանը: Գյուղը նաեւ ոռոգման ջուր չունի` համակարգը վատ վիճակում է, իսկ ՋՕԵ-րը, նրա ասելով, ներդրում չեն անում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել