Հակառակորդի կրակոցից վիրավորվել է զինծառայող Հովհաննես Թադևոսյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված անկանոն կրակահերթի արդյունքում, ծնկի շրջանում վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Անդրանիկի Թադևոսյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Հուլիս-օգոստոսյան աննախադեպ լարվածության անկումից հետո, որը հնարավոր եղավ ապահովել ՊԲ-ի վճռական գործողությունների շնորհիվ, սա առաջնային գծում հակառակորդի կողմից սադրված հերթական միջադեպն է, որից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմը նորից որդեգրել է իրավիճակի միտումնավոր ապակայունացմանն ուղղված անհեռատես ճանապարհը: Վերջին օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քառապատկել է»,- տեղեկացնում է նախարարությունը:
ԼՂՀ ՊՆ-ն կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված գործողություններից և քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ` հավելելով, որ առաջնագծում իրադրության հետագա սրման դեպքում պաշտպանության բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները հակառակորդին լռեցնելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել