HY RU EN

«Թատերական Լոռի» փառատոնն այս տարի նվիրվում է Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին

Երեկ երեկոյան  Ալավերդու մշակույթի պալատի  լեփլեցուն  դահլիճում մեկնարկեց «Թատերական Լոռի» 22-րդ փառատոնը:

Փառատոնը նվիրված է հայ թատրոնի նահապետ, ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի  ծննդյան 85-ամյակին: Ըստ «Թատերական Լոռի» փառատոնի հիմնադիրներից մեկի ` ալավերդցի Վալերի Պարանյանի, փառատոնի ստեղծման գաղափարը ծնվել են 1978թ.-ին` Ակներ և Հագվի գյուղերում: Գյուղացի մարդիկ իրենց  ուժերով թատրոն են ստեղծել ու Ակներ գյուղում համատեղ  կազմակերպել են «Թատերական Լոռին»: Փառատոնը պետական աջակցություն է ստացել 1980թ.-ից:  

«Գիտեք, ինչն է ինձ համար զարմանալի, իհարկե, մի նեղացեք, պետք է ուշադիր նայես, որ  քարտեզի վրա Ալավերդի քաղաքը գտնես, բայց այդ քաղաքը իր շուրջն է հավաքում թատրոնի մի այսպիսի հսկայական սիրահարների, որոնց թիվը  գնալով տարեցտարի մեծանում է: Մի քաղաքում, եթե թատրոն կա, ուրեմն այդ քաղաքում լավ մարդիկ են, հոգևորի մարդիկ են, դա շատ կարևոր բան ա և դա ինձ շատ է դուր գալիս:  Էնպես որ, իմ երջանիկ օրերից մեկն է այսօր»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:

Փառատոնը  հովանավորել են «Վալլեքս» խմբի ընկերությունները և «Ռուսկի Միր» հիմնադրամը: Կազմակերպիչներն են Լոռու մարզպետարանը, Ալավերդու քաղաքապետարանը, Հայաստանի  թատերական գործիչների միությունը և «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամը:  

«Սա մեր ամենահին փառատոնն է: Ժամանակի մեջ փառատոնը զարգացում է ապրել`  հանրապետական ձևաչափից դարձել է միջազգային: Փառատոնի չափանիշները տարեցտարի բարձրանում են, մասնակիցների ընտրությունը ավելի խիստ է կատարվում, այսինքն ժամանակը և ներքին զարգացումները ի նպաստ «Թատերական Լոռի» փառատոնին են գնում»,- ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:  

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան իր ողջույնի խոսքում նշեց, որ   փառատոնը դարձել է Ալավերդի քաղաքի այցեքարտը: «Եվ մենք պարտավոր ենք այն հանձել մեր քաղաքի եկող սերունդներին»,-  ասաց  մարզպետը: Փառատոնի մասնակիցներին ողջունեցին նաև Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն ու  Գյումրիում Ռուսաստանի դաշնության հյուպատոս Եվգենի Կոնիշևը:

Երվանդ Ղազանչյանը իր խոսքում Սոս Սարգսյանին բնութագրեց որպես ազգային արժեքներ կրող և այդ արժեքներով գեշնչվող դերասանի: «Սոս Սարգսյանը այն դերասանն էր, ով ինչ էլ խաղաց, թող զարմանալի չթվա, Յագոյից սկսած մինչև Մացակ, ու էլի, էլի շատ դերեր, ոչ միայն թատրոնում, այլև կինոյում խաղաց հայի նման, խաղաց հայի համար, խաղաց հայի հուզմունքով: Մեծ դերասան, ով իր հող ու ջրի նման պարզ ու ճշմարիտ էր»,- ասաց  Երվանդ Ղազանչյանը:

Սոս Սարգսյանի այրին` Նելլի Սարգսյանը իր հիացմունքը հայտնեց փառատոնի առթիվ: «Երբ Սոսը հայի էր հանդիպում, ասում էր.«Հայեր, բարի լույս», օրվա ցանկացած ժամին: Դա կարող էր ասել առավոտյան ժամը 10-ին և երեկոյան ժամը 10-ին: Դա նշանակում էր, որ Սոսը մաղթում էր. «Հայեր, բարի լույսի մեջ լինեք, միշտ բարի լույս բացվի ձեր վրա, թող արևի ճառագայթները միշտ տաքացնեն հայ ժողովրդին»:  Ես նույնպես այսօր  փառատոնի մասնակիցներին ասում  եմ. «Հայեր, բարի լույս:  Թող միշտ բարի լույս բացվի Ձեր վրա»:

ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը զանգով ազդարարեց «Թատերական Լոռի» փառատոնի մեկնարկը: Փառատոնին լավագույն աջակցության համար Սոս Սարգսյանի անվան գլխավոր մրցանակը Երվանդ Ղազանչյանը հանձնեց Լոռու մարզպետ Արթուր  Նալբանդյանին: Ապա Սոս Սարգսյանի համազգային պետական թատրոնը Վիլյամ Սարոյանի «Մեկ գավաթ բարություն» բեմադրությամբ  բացեց փառատոնի թատերաշրջանը:  

«Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը «Հետքի» հայտնեց, որ  փառատոնի հիմնական նպատակը Լոռու բնակչությանը  մայրաքաղաքում ստեղծվող լավագույն թատերական ներկայացումներին և տաղանդաշատ արտիստներին հասու դարձնելն է: Նա ասաց, որ այս տարի փառատոնին զուգահեռ անցկացվում է նաև  ռուսական թատրոնի օրեր:

«Մեզ այս տարի դրամաշնորհային ծրագրով  աջակցել  է նաև «Ռուսկի Միր» մոսկովյան հիմնադրամը և հնարավորություն է տվել ներկայացնել 6 ռուսալեզու ներկայացումներ: Դրանք  Մոսկվայի Ռուսաստանի դաշնության   տարբեր քաղաքների ռուսական թատրոններ են»,-ասաց փառատոնի տնօրենը: Փառատոնին 26 թատրոն է  մասնակցելու:  Գ. Սունդուկյանի  անվան ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի «Ջոն արքա» ներկայացումը, որը նրանք   բեմադրել են  Լոնդոնի  շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի պատվերով:

Այս տարի առաջին անգամ փառատոնին կհյուրընկալեն Պատանի հանդիսատեսի և Ա. Երնջակյանի կամերային թատրոննները: Փառատոնի պատմության ընթացքում 2-րդ անգամ հանդիսատեսին կմատուցվեն  օպերային ներկայացումներ: Անդրադառնալով  Ալավերդու քաղաքային թատրոնի մասնակցությանը` Հ. Պապինյանը վստահեցրեց, որ այն  փառատոնի լավագույն թատրոններից մեկն է լինելու: Թատրոնը ներկայացնելու է  Վիլյամ Սարոյանի «Տարեկանի արտումի» բեմադրությունը. «Բավականին լուջ և բարձր մակարդակի ներկայացում է և  կարծում եմ այն  ոտք է մեկնելու պրոֆեսիոնալ պետական թատրոնների ներկայացումների հետ»,- վստահեցրեց Հրաչյա Պապինյանը: Վերջինս նաև հայտնեց, որ փառատոնին սահմանվել են հայ անվանի թատերական գործիչներ Վոլոդյա Գրիգորյանի,  Վլադիմիր Մսրյանի, Վերջալույս Միրիջանյանի, Խորեն Աբրահամյանի և Մհեր Մկրտչյանի անվան մրցանակներ:

«Թատերական Լոռի» միջազգային փառատոնը Ալավերդիում  ընթանալու է հոկտեմբերի 15-26-ը: